Հա

Մշակոյթ

08/04/2021 - 12:30

«Հայաստանն իրանական մշակոյթի համար ունի թանգարանի նշանակութիւն»․ գիտաժողով ԵՊՀ-ում

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Նաւասարդից մինչեւ Նովրուզ» խորագրով գիտաժողով։ 

«alikonline.ir» - Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Նաւասարդից մինչեւ Նովրուզ» խորագրով գիտաժողով։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտօնական կայքից:

Գիտաժողովին ներկայ էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը, ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը, Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, պրոֆեսորադասախօսական կազմի ներկայացուցիչներ, հայ եւ իրանցի մտաւորականներ ու ուսանողներ։

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց ներկաներին ու հիւրերին մասնակցութեան համար եւ նշեց, որ միջոցառումը նւիրւած է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաեւ տօնացոյցում, Նաւասարդից մինչեւ Նովրուզ ընկած փոխառնչութիւններում։

«Ըստ էութեան հայերս եւ Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տօնացոյցի կարեւորագոյն մի տարրը, որն այնտեղ մոռացութեան է մատնւել կամ վերաձեւակերպւել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակոյթի համար ունի թանգարանի նշանակութիւն»,- ասաց Վ. Ոսկանեանը։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց եւ ներկայութեան համար շնորհակալութիւն յայտնեց նաեւ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը. «Առաջին հերթին ուզում եմ ողջունել այս ուշագրաւ միջոցառումը, որն Իրանագիտութեան ամբիոնի հերթական գիտական ձեռնարկումն է»։

Նա նշեց, որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտութեան ամբիոնը շարունակում է իր գիտական եւ կրթական երթը, ապա շնորհակալութիւն յայտնեց ամբիոնի վարիչին գիտական նշաձողը բարձր պահելու համար։

 

«Իրանագիտութեան ամբիոնը եւ ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարեւոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արեւելագիտական օջախներն են»,- յաւելեց Ռ․ Մելքոնեանը։

«Նաւասարդից մինչեւ Նովրուզ» խորագրով գիտաժողի մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Զոհուրին։ Նա շնորհաւորեց անցած տօները եւ շնորհակալութիւն յայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։

 

«Տօները լաւ առիթ են միմեանց ողջունելու, շնորհաւորելու եւ մշակութային աւանդոյթներով կիսւելու համար»,- ասաց դեսպանը։

 

Ողջոյնի խօսքերից յետոյ 12 զեկուցողներ հանդէս եկան Նովրուզի եւ Նաւասարդի մասին ելոյթներով՝ ներկայացնելով Նաւասարդը հայկական իրականութեան մէջ ու Նովրուզը՝ որպէս իրանական ինքնութեան բաղադրիչների մի հատւածի կերտող։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։