Հա

Մշակոյթ

10/04/2021 - 11:30

«Պատերազմի աչքերը»՝ արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի աչքերով

Երեւանի «Թերլեմեզեան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ բացւել է արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի՝ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում արւած լուսանկարների «Պատերազմի աչքերը» ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Երեւանի «Թերլեմեզեան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ բացւել է արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի՝ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում արւած լուսանկարների «Պատերազմի աչքերը» ցուցահանդէսը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Ցուցահանդէսին ներկայացւել են շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թէժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաեւ թիկունքը՝ աւերւած քաղաքներ, ծննդատուն, հիւանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ: Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ ապրիլի 18-ը: Յաջորդ ցուցահանդէսը կը կայանայ Ստեփանակերտում:

«Այդ 44 օրերին ընթացքում կար հպարտութիւն, կար վախ: Այդ վախը ես յաղթահարում էի իմ տեսախցիկով, փորձում էի գոնէ լուսանկարչական ապարտով մի բան անէի երկրիս համար: Բայց այդ օրերին ամենաշատը հպարտութեան զգողութիւնն էր, մինչեւ վերջին պահը ես այն կարծիքին էի, որ ամէն ինչ լաւ է լինելու»,- «Արմենիա» ՀԸ-ի «Բարի լոյս» հաղորդման ժամանակ պատմում է Դաւիթը:

Նա յիշում է, որ առաջին լուսանկարն արել է սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում, առաջին հրետակոծւած բնակարանն էր, մանկական սենեակ էր, որտեղ նաեւ արիւն կար. «Երբ մտայ այդ սենեակ, իրօք, չէի հաւատում, որ պատերազմ է սկսւել: Արիւն կար այնտեղ, չէի կարող գունաւոր անել այդ նկարը, սեւ ու սպիտակ արեցի՝ դրանով բնութագրելով պատերազմի արհաւիրքը»:

Դաւիթն ասում է՝ հիմա զինւորների նկարներն են, որ ինչքան էլ նայում է, միշտ ժպիտ է առաջանում դէմքին. «Օրինակ, մեր ցուցահանդէսի պաստառին Կոլեայի լուսանկարն է: Կոլեան հիմա չկայ, բայց ամէն անգամ, երբ նայում եմ այդ լուսանկարին, յոյս է առաջանում, ինքը ժպտում է եւ այդ ժպիտը կարծես մնացել է»:
Նա նշում է՝ պատերազմից յետոյ է հեռուստատեսութեամբ լսել, որ Կոլեան զոհւել է:

«Երբ դիրքեր էի գնում, մի քիչ վախ էր առաջանում մօտս, բայց տղաներն ինձ ուժ էին տալիս, նրանց մօտ ես չէի տեսնում վախ, միայն ուժ, հաւատ, լոյս ու յոյս: Այնպէս էի անում, իրենք չնկատէին այդ իմ վախը, եթէ հասել էի այնտեղ, պէտք է նկարէի»,- պատմում է Դաւիթ Ղահրամանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։