Հա

Մշակոյթ

23/04/2021 - 09:00

«Խայտառակ արարք». Ցեղասպանութեանը նւիրւած թուրք հեղինակի գիրքն՝ արդէն հայերէն

Հայոց Ցեղասպանութեանն ու թուրքերի պատասխանատւութեան հարցին նւիրւած թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը թարգմանւել է հայերէն։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեանն ու թուրքերի պատասխանատւութեան հարցին նւիրւած թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը թարգմանւել է հայերէն։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Գիրքը Թուրքիայում այնպիսի մեծ սկանդալ էր բարձրացրել, որ նացիոնալիստներն ուղղակի կոչ էին անում սպանել Աքչամին։ Սկանդալն աւելի է հասունացել, երբ գիրքը թարգմանւել է անգլերէն։ Թուրքիայի առաջատար թերթերը ուղղակի յարձակւել էին Աքչամի վրայ. խնդիրը վերնագիրն էր՝ «Խայտառակ արարք»։

«Այս գիրքը սկանդալային էր առաջին իսկ պահից։ Խնդիրը նաեւ վերնագիրն էր, որը հէնց Աթաթուրքի բառերից էր վերցւած։ 1920 թւականին Աթաթուրքը Մեջլիսում Հայոց Ցեղասպանութեան մասին խօսելով, կատարւածն անւանել էր խայտառակ արարք։ Նա դա արել էր, քանի որ այդ պահին Թուրքիայի շահը դա էր ենթադրում։ Եւ հէնց այդ պատճառով այս բառերը յայտնւեցին իմ գրքի երեսին։ Ինձ մեղադրում էին, որ ես Աթաթուրքի խօսքերը սխալ եմ մէջբերել, բայց այն, որ ցեղասպանութիւնը խայտառակ արարք է, ասել է հէնց ինքը՝ Քեմալ Աթաթուրքը»,- 2006-ին, գրքի հրատարակումից յետոյ պատմել է գրքի հեղինակը։

Հայ մասնագէտների կարծիքով, նման նիւթերը եւ դրանց թարգմանութիւնը խիստ կարեւոր են։

«Հայոց Ցեղասպանութեան մասին իւրաքանչիւր նոր գիրք նոր փաստեր է վերհանում, մեզ՝ հայերիս, եւ մեր բարեկամներին ողջ աշխարհում զինում է փաստերով եւ փաստարկներով՝ լռեցնելու այն ձայները, որոնք փորձում են մոռացութեան տալ Հայոց Ցեղասպանութեան հարցը»,- նշեց գրքի թարգմանիչ Լիլիթ Թութխալեանը:

Թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանն էլ նկատեց՝ Աքչամը գիրքը գրել է՝ նպատակ ունենալով պայքարել Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողների դէմ, եւ նա օգտւել է հիմնականում օսմանեան փաստաթղթերից:

«Աքչամը շատ բծախնդիր է եղել, պրպտել է բոլոր հասանելի նիւթերը՝ Մեջլիսի արձանագրութիւնները, ռազմական փաստաթղթերը, յուշագրութիւնները եւ այլն: Այսպիսով` գիրքը դարձել է հզօր զէնք Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողների դէմ»,- վստահեցրեց թուրքագէտը։

Նա տեղեկացրեց, որ գիրքը բաղկացած է 3 բաժիններից. առաջին մասում նկարագրւում է, թէ ինչպէս է դեռեւս նախաերիտթուրքական շրջանից հասունացել Հայոց Ցեղասպանութեան որոշումը, երկրորդ մասում ներկայացւում է բուն ցեղասպանութիւնը, փաստերով ապացուցւում, որ այն կազմակերպւել եւ իրականացւել է պետական մակարդակով, իսկ երրորդ մասում ներկայացւում են Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ յանցագործներին պատժելու համար արւած փորձերը, նշւում, թէ ինչու են այդ փորձերն անյաջողութեան մատնւել:

Թուրքագէտի խօսքով, գիրքն այս պահին առաւել քան արդիական է, յատկապէս այն պարագայում, երբ փորձ է արւում հայկական տիրոյթում նոր հարց բարձրացնել, թէ ով է սերմանում թշնամանք։

«Թող կարդան այս գիրքը, եւ հասկանան՝ ով է ում համարում թշնամի, ինչու ծնւեց թշնամանքը, ով ում հանդէպ ատելութիւն տարածեց»,- նշեց նա։

«Խայտառակ արարք» գրքում Աքչամը նաեւ հետաքննում է կարեւորագոյն հարցը, թէ ինչպէս է Թուրքիան խուսափել պատասխանատւութիւնից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտէրութիւնների շահերի բախումը, մեղաւորներին պատժելու համար միջազգային հանրութեան ոչ համարժէք փորձերը եւ թուրք ազգայնականների առաջնահերթութիւնները:

Տեղեկանալով, որ գիրքը թարգմանւել է նաեւ հայերէն, Թաներ Աքչամը նշել է՝ շատ երջանիկ է, որ հայերը կարող են գիրքն ընթերցել հայերէն եւ տեսնել, քննադատել այն աշխատանքը, որն ինքն է անում:

«Ինձ հետաքրքիր է, թէ ինչ արձագանքներ կը լինեն»,- ասել է նա:

Անդրադառնալով Արցախեան 44-օրեայ պատերազմին՝ Աքչամն ընդգծել է՝ գիտի, որ հայերը յաղթահարել են բազմաթիւ արհաւիրքներ, կը յաղթահարեն այս մէկը եւս, կը պահպանեն հաւատն իրենց հանդէպ:

Նշենք, որ գիրքը հրատարակւել է «Newmag»-ի կողմից։ Այն ընթերցողին ներկայացւեց ապրիլի 21-ին Հայ բարեգործական ընդհանուր միութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։