Հա

Մշակոյթ

26/04/2021 - 12:50

«Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի». Ցուցահանդէս Ստեփանակերտում

Ապրիլի 24-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում բացւել է «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի» խորագրով բռնազաւթւած տարածքների պատմամշակութային յուշարձանների լուսանկարների ցուցահանդէսը։ 

«alikonline.ir» - Ապրիլի 24-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում բացւել է «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի» խորագրով բռնազաւթւած տարածքների պատմամշակութային յուշարձանների լուսանկարների ցուցահանդէսը։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Այն նախաձեռնել են ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը ու «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ը։ Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Արցախի խորհրդարանականներ, նախարարներ, մշակոյթի գործիչներ, Արցախեան յուշարձանների ճակատագրով մտահոգ մարդիկ։

«Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արմինէ Հայրապետեանի խօսքով՝ Ադրբեջանի բռնազաւթած տարածքներում մօտ 2000 մշակութային յուշարձան է մնացել, որոնց միայն մի չնչին մասն է ցուցադրւած: «Թուրքը, դժբախտաբար, շատ լաւ հասկանում է, որ պատմամշակութային ժառանգութիւնը, յուշարձանները ազգի յիշողութեան կրիչներն են եւ ամէն ջանք ներդրում է, որպէսզի այդ կրիչները ոչնչանան, որպէսզի այդ կրիչները վաղը չաղաղակեն էթնիկ պատկանելիութեան եւ այդ տարածքի բնիկ ժողովրդի մասին»,- նշել է Արմինէ Հայրապետեանը:

Նրա խօսքով՝ պէտք է ամէն ժամ, ամէն վայրկեան պայքարել այդ կրիչները պաշտպանելու ու սերունդներին պատւով վերադարձնելու համար:

Ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ ելոյթներով հանդէս են եկել յուշարձանագէտ, պատմաբան Լեռնիկ Յովհաննիսեանը, Մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հանրային խորհրդի նախագահ Սերգէյ Շահվերդեանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանիա Բալայեանը։

Տարիներ շարունակ Արցախի տարբեր շրջանների մշակութային յուշարձաններն ուսումնասիրած ու հանրութեանը ներկայացրած Լեռնիկ Յովհաննիսեանի համար շատ դժւար էր արտայայտւել դրանց մասին:

«Կորուստը շատ մեծ է: Մենք դրա արժէքը դեռեւս լրիւութեամբ չենք ընկալել: Մարդկային կորուստների հետ մէկտեղ կորցրել ենք մի հսկայական մշակութային ժառանգութիւն, որը մեր ինքնութեան պահպանման գրաւականներից մէկն է: Այս մօտ 2000 յուշարձաններին, եթէ գումարենք Արեւմտեան Հայաստանի 170000 յուշարձանները (որոնց 2-3% է պահպանւել ըստ Սամուէլ Կարապետեանի), գումարենք Արցախի հիւսիսային շրջանների կորսւած յուշարձանները, ապա կը տեսնենք, որ մի ամբողջ պատմամշակութային ժառանգութիւն մեր սերունդները չեն տեսնի կամ գտնւում են ոչնչացման եզրին: Այս ամէնը միջազգային իրաւունքի տեսանկիւնից կոչւում է մշակութային եղեռն»,- ասել է Լ. Յովհաննիսեանը՝ յոյս յայտնելով, որ նորից տէր կը դառնանք մեր ժառանգութեանը:

Նա միաժամանակ կոչ է արել աչքի լուսի պէս պահել ու փայփայել բզկտւած Արցախի տարածքում գտնւող յուշարձանները. «Եկէք սկսենք մեզնից, պահպանենք եղածը, այնուհետեւ մտածենք, թէ ինչպէս պէտք է ազատագրել գերութեան մէջ գտնւող մեր յուշարձանները»:

Մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հանրային խորհրդի նախագահ Սերգէյ Շահվերդեանը կարեւորել է Արցախի յուշարձանների ուսումնասիրման, վկայագրման գործում մասնագէտների կատարած աշխատանքը: Նա նաեւ համոզմունք է յայտնել, որ տեսանելի ապագայում կարողանալու ենք այցելել ցուցադրւած վտանգւած վայրերը.

«Այսօր մեր խնդիրն է՝ հնարաւոր բոլոր միջոցներով նւազեցնել դրանք ոչնչացման, այլափոխման վտանգը, որն ակնառու է: Մեր հասարակութիւնը, պետական մարմինները, միջազգային հանրութիւնը փորձում են փրկել մեր ժառանգութիւնը: Մեր խնդիրն է թիկունք կանգնել մեր բանակին, մեր պետութեան վերականգնման գործընթացին, որպէսզի հնարաւոր դառնայ այս յուշարձանների վերաայցելութիւնը»:

Մելանիա Բալայեանը իր ելոյթում կարեւորել է ցուցահանդէսի կազմակերպումը եւ կոչ արել սթափւել ու լինել միաբան:

«Թուրքը չի փոխւել, դարձել է աւելի բարբարոս ու սանձարձակ, այլապէս ինչպէս բացատրել Բաքւում այն հրէշաւոր թանգարանի մտայղացումը, բացումը եւ այցելուների մեծ հոսքը: Թուրքը նոյն ծրագրերն է հետապնդում՝ հայ ժողովրդի իսպառ ոչնչացումը: Բնաջնջելով հայ ազգին, թուրքը նաեւ նրա հետքն է բնաջնջում, այսինքն՝ մեր յիշատակները, մեր սրբութիւնները: Պէտք է սթափւենք ու հասկանանք, որ այս լուսանկարները վիրաւորւած, լքւած են եւ աշխարհին են նայում սպասումի յոյսերով: Ես վստահ եմ, եթէ ազգովի միաւորւենք, սթափւենք, կը կարողանանք ազատագրել ու փրկել մեր յիշատակները»,- իր խօսքում նշել է Մելանիա Բալայեանը:

Յաւելենք, որ ցուցահանդէսին ներկայացւած է 46 յուշարձանի 51 նկար։ Այն կը գործի 15 օր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։