Հա

Մշակոյթ

12/06/2021 - 12:40

«Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում

Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ցուցահանդէսին ներկայ էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը, ՀՅԴ ԿԿ անդամ Սերգէյ Շահվերդեանը եւ ԱՀ Աժ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը, ազգագրագէտ Լեռնիկ Յովհաննիսեանը:

«Մանկութեան երանգներ» ցուցահանդէսին ներկայացւած են «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրի մասնակից մանուկների նկարները, որոնք արւել են 44-օրեայ պատերազմի եւ յետպատերազմեան օրերին, որտեղ ընդգծւած են Արցախի մանուկների կարօտի, երազանքի, յոյսի եւ հաւատի երանգները:

Ցուցահանդէսում ներկայացւած էին նաեւ Մաճկալաշէնում վերջերս Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ բացւած ձեռքի աշխատանքի խմբակի երեխաների ստեղծագործութիւնները, որոնք հասցրել են բերել ու ներկայացնել ուսուցչուհի Կարինէ Սարգսեանի հետ:

Ցուցահանդէսին բացման խօսքով հանդէս է եկել ԱՀ Մաշակոյթի պալատի տնօրէն Զինա Գասեանը:

Նա ողջունել է ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնել բոլորին՝ «Մանկութեան երանգներ» խորագիրը կրող ցուցահանդէսին իրենց ներկայութիւնը ապահովելու համար:

«Ձեր ուշադրութեանն է ներկայացւած արցախցի մի խումբ երեխանների վրձիններին պատկանող նկարներ, որոնք ստեղծւել են 44-օրեայ պատուհասի օրերին եւ յետպատերազմեան շրջանում:

Երեխաները, ովքեր ոչ իրենց կամքով եւ պարտադրաբար 2020թ. սեպտեմբերի 27-ից յետոյ հաստատւել էին Հայստանի տարբեր մարզերում եւ քաղաքամայր Երեւանում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ մէկ յարկի տակ հաւաքւելու յնարաւորութիւն էին ստացել:

Այսօր այստեղ բոլորս ականատեսն ենք այն յոյզերի, մտորումների, ապրումների, նւիրումի արգասիքին, որը կազմում է այդ փոքրիկների ճակատագրի մի մասը»,- նշել է Զինա Գասեանը:

Ծրագրի մասին աւելի մանրամասն ներկայացրել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:

Նա նոյնպէս ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց իրենց ներկայութեան համար, ինչպէս նաեւ ծրագրին մասնակից բոլոր երեխաներին, ովքեր այս ամբողջ ընթացքում իրենց հետ են եղել եւ իրենց վրձնի արտացոլանքն այսօր ներկայացրել են այս ցուցահանդէսում:

Նա նաեւ շնորհաւորեց բոլոր մանուկներին՝ երեխանների պաշտպանութեան տօնի կապակցութեամբ, քանի որ այս ցուցահանդէսը այդ տօնի կապակցութեամբ է կազմակերպւել՝ մի քիչ ուշացումով:

Ներկաներին ողջունելով՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան անունից նա ներկայացրեց այս ցուցահանդէսի էութիւնը:

«Պատերազմի օրերին (2020թ. նոյեմբերի 1-ից) Հայստանում գտնւող արցախի մանուկների համար Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի առաջարկով եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Հիւսիսային Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչութիւների հանգանակութեամբ կեանքի կոչւեց մի ծրագիր, որը կոչւեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին»: Այդ ծրագրի էութիւն այն էր, որ արւեստի խմբակների միջոցով սատար կանգնենք Արցախի տեղահանւած փոքրիկներին: Սկզբում՝ Երեւանում, յետոյ արդէն Դիլիջանում եւ Աբովեանում սկսեցին գործել մեր խմբակները՝ նկարչութեան, երգ ու պարի, կաւագործութեան, դասապատրասման, թատերական, իսկ յունւարից յետոյ սկսեցին գործել մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի մի շարք գիւղերում: Այսօր էլ այդ խմբակները գործում են, որին մասնակցել են Արցախի շուրջ 200 երեխաներ:

Այս ցուցահանդէսը կրում է «Մանկութեան երանգներ» խորագիրը: Ինչո՞ւ ենք այսպէս որոշել անւանել ցուցահանդէսը:

Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր նրբութիւն: Այս ցուցահանդէսի միջոցով մենք ոչ թէ ցանկացել ենք ցոյց տալ, թէ ինչպէս են նկարում մեր երեխաները, այլ այն, թէ ինչ էին նրանք նկարում պատերազմի օրերին եւ ինչ են նկարում հիմա:

Այս նկարների միջոցով դուք կը տեսնեք նրանց մանկութեան երանգները: Այդ երանգների մէջ կայ պատերազմի գոյնը, երազանքը, հաւատը, կորցրած մանկութեան հետքերը, օջախներն ու տունը, որ թողել են բռնազաւթւած տարածքներում:

Կարեւոր մի բան կայ այս նկարների մէջ: Եթէ նայէք այս արեւածաղիկներին, որոնք արդէն նոր օրերում են նրանք նկարել, կը տեսնէք երազանք, այսինքն՝ նրանք շարունակում են հաւատալ իրենց մանկութեան հեքիաթին եւ շարունակում են հաւատալ, որ երազանքը, սէրը, բարին, իրենց հաւատը ապագայի հանդէպ մի օր յաղթելու է»,- ասել է Հերմինէ Աւագեանը:

Նա յոյս յայտնեց, որ տարիներ յետոյ իրենք այս նկարները նորից կը հաւաքեն, նորից ցուցահանդէս կը կազմակերպեն Արցախում եւ այդ երեխաներին, ովքեր արդէն մեծացած կը լինեն, նորից կը վերադարձնեն իրենց մանկութիւն:

Ցուցահանդէսին ներկայացւած էր նաեւ «Երազանքի պաստառ», որտեղ երեխաները նկարել են իրենց ձեռքերը, իսկ ձեռքերի մէջ գրել երազանքներ, որպէսզի տարիներ յետոյ նորից հաւաքւեն եւ տեսնեն՝ ում երազանքներն են կատարւել, եւ ինչ երազանքներ են ունեցել։

Իր խօսքում Հերմինէ Աւագեանը շնորհակալութիւն յայտնեց ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատին՝ համագործակցութեան համար, նկարչութեան ուսուցիչներին՝ Սաթենիկին ու Մարինէի (ովքեր ընկերակցեցին երեխաների ապրումներին, ինչի արդիւնքում ծնունդ առան այս նկարները), ԱՀ ԿԳՄՍ նախարարութեանը՝ դասապատրաստման խմբակներին աջակցելու եւ համագործակցելու համար:

Ցուցահանդէսի բացմանը ելոյթ է ունեցել նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը։

Ըստ Լուսինէ Ղարախանեանի, ցուցահանդէսում ներկայացւած նկարներում ներկան եւ անցեալը աւելի շատ են պատկերւած, քան՝ ապագան:

«Նկարներում տուն տանող ճանապարհները շատ են։ Այս նկարներում երեխաները արտացոլել են կարօտ եւ տուն տանող ճանապարհ»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ իւրքանչիւր նկար յոյզերի, մտքերի, երեւակայութեան, համոզմունքների, ապրածի արտացոլանք է եւ իւրաքնաչիւր նկարում երեխան պրոյեկտում է նաեւ իր ընտանիքի միջավայրը, յարաբերութիւններն ու աշխարհընկալումը:

«Շատ լաւ է, որ սա ոչ թէ երեխաների նկարչական ընդունակութիւնները ցոյց տալու համար է, այլ պարզապէս նկարելու ցուցահանդէս է: Այո՛, նկարելու միջոցով երեխաները կարողանում են իրենց բացասական մտքերն ու յոյզերը յանձնել թղթին, գուցէ նաեւ ընդմիշտ ազատւելով դրանից»,- ընդգծել է Լուսինէ Ղարախանեանը:

Նա դրւատելի համարեց Հերմինէ Աւագեանի գործունէութիւնը՝ յատկապէս յետպատերազմեան շրջանում:

«Այն աշխատանքները, որ տարւում է երեխաների հետ, օգնում է նրանց ճիշտ նւաճել աշխարհը եւ իրենց ճիշտ պահել: Մենք մեր երեխաների հայեացքին ուղիղ պէտք է նայենք եւ մաքսիմում ձգտենք օգնել նրանց ճիշտ ընկալել իրականութիւնը՝ չվնասելով նրանց հոգեկան ու անձնային զարգացմանը»,- ասել է նախարարը:

Լուսինէ Ղարախանեանը շնորհակալութիւն յայտնեց Հերմինէ Աւագեանին՝ նման գեղեցիկ նախաձեռնութեան համար եւ յաւելեց, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարութիւնը պատրաստ է անել ամէն ինչ՝ երեխաների ստեղծագործական ընդունակութիւնների զարգացման համար:

Ելոյթներից յետոյ ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից նւէրներ են բաժանւել ծրագրի մասնակից բոլոր երեխաներին, իսկ ներկաներին իրենց գեղեցիկ արտասանութեամբ հիացրել են Շուշիից՝ Նարէն ու Սոֆին եւ Հադրութից՝ Լիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։