Հա

Մշակոյթ

07/07/2021 - 12:30

Հոգեցունց դուդուկ. Ջիւան Գասպարեանի մի քանի ամենավառ ելոյթները

Ջիւան Գասպարեանի կատարմամբ մի շարք մեղեդիներ վաղուց դադարել են զուտ ազգային արժէք լինելուց` յիրաւի դառնալով համընդհանուր ձեռքբերում։ Մեծն երաժիշտն երէկ՝ յուլիսի 6-ին հեռացաւ կեանքից... Sputnik Արմենիան յիշում է նրա ամենավառ կատարումները։

«alikonline.ir» - Ջիւան Գասպարեանի կատարմամբ մի շարք մեղեդիներ վաղուց դադարել են զուտ ազգային արժէք լինելուց` յիրաւի դառնալով համընդհանուր ձեռքբերում։ Մեծն երաժիշտն երէկ՝ յուլիսի 6-ին հեռացաւ կեանքից... Sputnik Արմենիան յիշում է նրա ամենավառ կատարումները։

Ջիւան Գասպարեանը հայկական ժողովրդական դուդուկի օգնութեամբ կարողացաւ հայկական երաժշտութիւնը միջազգային բեմ հանել։ Նւագել պէտք է հոգով` չէր յոգնում կրկնել մայեստրոն։

2002 թւականին «Երաժշտարւեստի բնագաւառում ունեցած վաստակի համար» նա ստացաւ WOMEX (World Music Expo) մրցանակը։ Իսկ չորս տարի անց առաջադրւեց «Գրեմմի»-ի «Աշխարհի ժողովուրդների երաժշտութիւնը» անւանակարգում։ Նա մի քանի անգամ հայկական ժողովրդական երաժշտութիւն կատարող փոքր համոյթի հետ հիւրախաղերով շրջեց աշխարհով մէկ։

Մայեստրոն աշխատում էր մեր ժամանակների այնպիսի ականաւոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Լայոնէլ Ռիչին, Փիթեր Գեբրիէլը, Հանս Ցիմէրը, Բրայան Մէյը, Սերժ Թանգեանը, Անդրեաս Վոլենւէյդէրը, Բորիս Գրեբենշչիկովը, Մայքլ Բրուքը։

Գասպարեանին շատ լաւ ճանաչում են նաեւ Ռուսաստանում, որտեղ նա համագործակցում էր Ռոման Միրոշնիչենկոյի, Իգոր Կրուտոյի, Լէոնիդ Ագուտինի, Վլադիմիր Պրեսնեակով կրտսերի, Իրինա Ալեգրովայի եւ շատ ուրիշների հետ։

Նրան յաջողւեց ամբողջ աշխարհում իր հարազատ մշակոյթին հաղորդակից դարձնել միլիոնաւոր մարդկանց։ Մեծամասամբ Ջիւան Գասպարեանի շնորհիւ 2005 թւականին հայկական դուդուկին եւ դրանով կատարւող երաժշտութեանը ԻՒՆԵՍԿՕ-ն շնորհեց մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակոյթի ժառանգութեան գլուխգործոցի կարգավիճակ։

 

«Գլադիատոր» եւ «Օսկար»-ի առաջադրում

2000 թւականին էկրան բարձրացաւ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմը։ Ֆիլմի մրցանակները բազմաթիւ են, այդ թւում` 5 «Օսկար» եւ երկու «Ոսկէ գլոբուս», որոնցից մէկը` լաւագոյն երաժշտութեան համար։

Պատմական այդ կինոէպոպեայի համար զարմանահրաշ երաժշտութիւն են գրել գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմէրը, Ջիւան Գասպարեանը եւ աւստրալիացի երաժիշտ ու կոմպոզիտոր Լիզա Ջերարդը։

Հանս Ցիմէրը Գասպարեանին անւանել է աշխարհի ապշեցնող երաժիշտներից մէկը եւ աստւած` դուդուկ նւագելու գործում. «Նա անմիջապէս յիշւող բացառիկ հնչեղութիւն է ստեղծում»։

 

«Ֆրեսկաներ»

2003 թւականին նա երաժշտութիւն գրեց Ալեքսանդր Գուտմանի «Ֆրեսկաներ» գեղարւեստա-հրապարակախօսական ֆիլմի համար։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ փլուզումից յետոյ Հայաստանի կեանքի եւ գրեթէ անմիջապէս ԽՍՀՄ փլուզմանը յաջորդած սարսափելի երկրաշարժի մասին։

 

Հիասքանչ իմպրովիզացիա

2005 թւականին Նորւեգիայի Թրոմսյօ քաղաքում, «46664» համերգի ժամանակ, STARMUS փառատօնի հիմնադիր Գարիկ Իսրայէլեանի նախաձեռնութեամբ պէտք է դուետով հանդէս գային Ջիւան Գասպարեանն ու Queen խմբի կիթառահար Բրայան Մէյը։

«Թրոմսեոյում էր նաեւ Փիթեր Գեբրիէլը։ Ես նրան խնդրեցի բեմ բարձրանալ եւ նւագել Ջիւան Գասպարեանի եւ Բրայան Մէյի ելոյթի ժամանակ։ Նա պատասխանեց, որ դժւար է առանց փորձի բեմում միանգամից նման բան անել։ Բայց արդիւնքում համաձայնեց։ Իսկ համերգից յետոյ Led Zeppelin-ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն ինձ ասաց, որ դա հիասքանչ կատարում էր»,- հարցազրոյցներից մէկում յիշում է Գարիկ Իսրայէլեանը։

 

«Եւրոտեսիլ»

2010 թւականին «Եւրոտեսիլ-2010» երգի մրցոյթին Ջիւան Գասպարեանը ելոյթ ունեցաւ Եւա Ռիւասի հետ։ Հայաստանի մասնակիցն այդ ժամանակ 7-րդ տեղը գրաւեց։

 

«Երեք լեգենդները Կրեմլում»

2011 թւականին մայեստրոն մասնակցեց «Երեք լեգենդները Կրեմլում» համերգին, որտեղ նւագում էր Ռուսաստանի նախագահական նւագախմբի եւ Մոսկւայի Սրետենսկու վանքի արական երգչախմբի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։