Հա

Մշակոյթ

12/07/2021 - 10:20

«Արւեստագէտը պէտք է կովի, անասունի յիշողութեան չմատնի իրեն». Ջիւան Աւետիսեան

Մեր զրոյցին յաջորդող գիշերը ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը մեկնեց Կաննի կինոփառատօն: Հեռու շքեղ տօնակատարութիւնից՝ մեր գողտրիկ քաղաքի կենտրոնում վերջինիս հետ «Ստեղծագործողը եւ յետպատերազմեան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք հոգեւոր վերածննդի կարեւորութեան, հայ ազգի բացառիկութեան մասին եւ ոչ միայն:

«alikonline.ir» - Մեր զրոյցին յաջորդող գիշերը ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը մեկնեց Կաննի կինոփառատօն: Հեռու շքեղ տօնակատարութիւնից՝ մեր գողտրիկ քաղաքի կենտրոնում վերջինիս հետ «Ստեղծագործողը եւ յետպատերազմեան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք հոգեւոր վերածննդի կարեւորութեան, հայ ազգի բացառիկութեան մասին եւ ոչ միայն:

 

Ամաչում էի իմ ընտանիքի անդամների հետ խօսել

Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ ենք ապրում: Մէկ շաբաթ յետոյ, երբ ես վերադարձայ՝ ամսի 9-ին, տանն էի, ամաչում էի իմ ընտանիքի անդամների հետ խօսել, իմ 10 տարեկան տղայի հետ խօսել, պատասխանել նրա հարցին՝ ինչո՞ւ պարտւեցինք: Յետոյ դուրս եկայ՝ ընկերոջս խիստ յորդորով, զանգերով: Կասկադի միջով անցայ, ես չտեսայ, որ ինձ հետ պատահել է պատերազմ: Ես չեմ ասում, որ հարսանիք պիտի չանեն, ես չեմ ասում՝ Կասկադում, Սարեան փողոցում սրճարան-ռեստորաններում չպիտի նստեն, ես չեմ ասում կեանքը չպիտի ապրեն… Ընդհակառակը, պէտք է ամուսնանան, մէկ, երկու, երեք զաւակի փոխարէն՝ պէտք է ունենան երկուսը, չորսը, վեցը:

 

Ինչո՞ւ պարտւեցինքորովհետեւ տգէտ էինք

Իմ թիմը գիշեր-ցերեկ աշխատում է: Ամսի 9-ից յետոյ շրջադարձային, ռազմավարական փոփոխութեան ենք ենթարկել: Մենք մինչեւ դա էլ էինք աշխատում, ստեղծել ենք «Թեւանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», բայց հիմա շատ աւելին ենք անում, որովհետեւ բոլոր ինչու-ները տանում են իմ 10 տարեկան տղայի՝ Արամի հարցերի պատասխաններին: Ինչո՞ւ պարտւեցինք… որովհետեւ տգէտ էինք: Մենք մեր ֆիլմերով, մենք մեր աշխատանքով շատ հարցերի կը պատասխանենք: Լծւեցինք աշխատանքի:

Եկէք բոլորս մեզ հարց տանք՝ եթէ մենք լինէինք եւ այնտեղից նայէինք, կասէի՞նք՝ արժէր, որ մենք նահատակւէինք: Ոչ մի ողջ չէր ասի՝ այո: Չեմ ուզում բացասական եւ քննադատական հնչել: Ես աշխատում եմ գիշեր-ցերեկ: Յետպատերազմական սթրեսը, վախերը, ապրումներն ինչպէ՞ս եմ յաղթահարում. աշխատանքով, մեծ հաւատով: Ես գիտեմ, որ մի օր գալու է այն օրը, որ մենք յետ կը բերենք այն ամէնը, ինչ կորցրել ենք: Իսկ դրա համար մի բան է պէտք՝ աշխատել, լուռ, գլխիկոր աշխատել եւ գիտակցել մեր սխալը:

 

Մեզ պէտք է հոգեպէս վերածնւել

Ինչ ասել եմ մինչ այս պահը, թափէք, հարցազրոյցը սկսէք այստեղից՝ ի՞նչ է մեզ պէտք: Մեզ պէտք է հոգեպէս վերածնւել: Եթէ մենք հոգեպէս վերածնւենք, սպանենք մեր միջի բանսարկուին, նախանձին, չարակամին, վերածնւենք, իւրաքանչիւրս մեզ համար արժէքային համակարգ ունենանք, վստահ եմ՝ դա կազդի մեր մշակոյթի, կրթութեան, ռազմաշինութեան, արդիւնաբերութեան, միջուկային ֆիզիկայի, ամէն ինչի վրայ: Մենք հոգեպէս, մենք՝ նկատի ունեմ արւեստագէտներս, այդ պարարտ հողը ստեղծողներն ենք եւ մենք պէտք է կարողանանք ունենալ մեր տեսակէտը իւրաքանչիւր երեւոյթի մասին: Բայց մենք պէտք է կարողանանք վեր լինել տիրող այս մթնոլորտից: Արւեստագէտն այսօր, առաւել քան երբեւէ, պէտք է լինի թելադրող:

2018-ին, երբ սկսեցինք ֆիլմը՝ «Վերածնւածը», մենք խօսում էինք 2016թ. Ապրիլեան պատերազմի մասին: Ֆիլմն այլ վերնագիր ունէր, յետոյ փոխւեց 2019-ին՝ պատերազմից 1 տարի առաջ, դարձաւ «Վերածնւածը»: Ինչո՞ւ համար: Որովհետեւ այդ ժամանակ մենք արդէն խօսում էինք մեր ֆիլմով, որ մենք վերածնւելու կարիք ունենք: Մեր ֆիլմի երիտասարդ հերոսը հոգեպէս գնում է վերածննդի, 60-ին մօտ պրոֆեսորը գնում է վերածնունդի, 20-ամեայ Իզաբէլը գնում է վերածննդի: Մեր ֆիլմի բոլոր հերոսները գնում են վերածննդի:

 

Պատկերացնո՞ւմ էք՝ ով ենք մենք

Գիտէք՝ ես աղոտ եմ յիշում Արցախեան առաջին պատերազմը, բայց յիշում եմ, 10 տարեկան էի 1991 թւականին: Այդ մարդիկ մերօրեայ մարդկանց հակապատկերն էին: Զինւորի մասին չի խօսքը, մեր զինւորը սրբադասւած եւ աշխարհի ամենաուժեղ զինւորն է: Փոխւել է գիտակցութիւնը, թէ ով ենք մենք: Պատկերացնո՞ւմ էք՝ ով ենք մենք: Պատկերացնո՞ւմ էք՝ Տիգրանակերտի քարերը բացած, տեսած, ապրած մարդը ո՞նց կարող է այսքան տհաս լինի:

 

Հասարակութիւնը ուզում է նայի չիփսը, նայում է չիփսը

Պէտք է հասարակութեանը չմատուցել այն, ինչ ինքն ուզում է: Իմ երեք երեխաները, եթէ իրենց լսես խանութում, միայն չիփս կը գնեն, միայն: Չիփս՝ այսինչի համով, չիփս՝ այնինչի համով: Միայն չիփս, որովհետեւ… չքննադատենք դասարանը, փողոցը, բակը: Իսկ ես գնում եմ թարմ լոլիկ, դեղձ, ծիրան, բնական հիւթ: Պատկերացրեցի՞ք օրինակը:

Հասարակութիւնը ուզում է նայի չիփսը, նայում է չիփսը: Ի՞նչ են նկարել, ի՞նչ է հեռարձակել հեռուստատեսութիւնը: Այո, շոու-բիզնեսի աստղերը պէտք է պատասխան տան, բոլոր արւեստագէտները, բոլոր գրիչները, բոլոր հեռարձակողները՝ ինչ են հեռարձակել 30 տարւայ ընթացքում: Պէտք է արժանի լինել այն արեւին, որը ծագել է եւ դիպել է մեզ: Արարիչը չի տւել այդ արեւը, որպէսզի մսխենք: Օրինա՞կ էք ուզում, բացայայտ են օրինակները՝ ներկայացումները, շոուները: Մտաւորականը մեծ դեր ունի:

 

Ոչ ոք թող չմեղադրի, չնեղացնի մեր զինւորներին

Ես փորձում եմ աշխատել, իմ աշխատանքով բան փոխել: Յետպատերազմեան կեանքն այս է: Գիտէ՞ք՝ ամենավատը որն է: Կարող է յաջորդ սերունդը յանկարծ մտածի, որ ադրբեջանցին ուժեղ է, միայն ֆիզիկապէս չէ՝ փողով, ինտելեկտով, ռազմավարութեամբ: Դա կը լինի մեր վախճանը: Մենք հնարաւորինս տկարացել ենք: Ես չեմ խօսում, թէ մասնաւորապէս պատերազմում ինչո՞ւ պարտւեցինք: Բացայայտ է: Մի փոքր մարդ ցանկանար վերեւում, որ մենք պատերազմը չպարտւէինք, մենք չէինք պարտւի: Մէկ հոգի կարող է փոխել աշխարհը: Մեր զինւորներն արեցին ամէն ինչ, ես տեսել եմ դա: Ոչ ոք թող չմեղադրի, չնեղացնի մեր զինւորներին:

Պատերազմները չսկսած՝ արդէն յաղթում են: Հասարկութիւնը պէտք է գայ դրան, որ ինքը պատրաստ է յաղթելու եւ ահա յաղթեցին: Չեմ ուզում ասել՝ ինչպէս իրենք (գործող իշխանութիւնները.-Ա.Գ.) ասեցին:

 

Աշխատէք, լուռ աշխատէք, լուռ

Այս հարցազրոյցից ամէն ինչ թափէք, ինչ խօսեցի՝ դէն նետէք, թողէք միայն սա՝ Ջիւանն ասաց՝ աշխատէք, լուռ աշխատէք, լուռ:

 

Մենք ոչ մէկից լաւը չենք, մենք չափազանց բացառիկ ենք

Ես միշտ ասում եմ՝ մենք լաւը չենք ոչ մէկից: Մարդ, ով 40 երկիր է տեսել իր կեանքում, թոյլ տայ իրեն մի նախադասութիւն ընդամէնը. մենք ոչ մէկից լաւը չենք, մենք չափազանց բացառիկ ենք: Բոլոր ասպեկտներում՝ թէ արարչութեան, թէ դաւաճանութեան մէջ: Մէկ հայը կարող է ամբողջ Հնդկաստանը խոնարհեցնի հայ ժողովրդի առաջ: Ես ապշում եմ: Մէկ հայ կարող է Երեւանի կենտրոնում ամբողջ ազգին ստրկութեան մատնի: Մէկ հայ կարող է Հռոմի Պապի հետ հաւասարը հաւասարի պէս խօսի: Չափազանց բացառիկ:

 

Մնալու էք ու բան էք փոխելու այս երկրում

Իսկ ո՞վ, եթէ ոչ՝ ես: Այդ հարցը պէտք է տայ ցանկացած արւեստագէտ: Ո՞վ: Ձեր փոխարէն ո՞վ է անելու դա: Մէկ կեանք է տրւած, ուզում էք վայելել Եւրոպայի խորքերում՝ ծովափնեայ մի քաղաքում: Բայց տւէք Ձեզ այդ հարցը՝ ո՞վ, եթէ ոչ՝ ես: Մնալու էք ու բան էք փոխելու այս երկրում: Ես հաւատում եմ, որ ցանկացած խաւար գիշերւան յաջորդում է լուսաբացը:

 

Դուք ինձ հետ մի համաձայնւէք, բայց սիրէք ինձ

Ես ինձ անընդհատ յիշում եմ պատերազմների մէջ: Ես 10 տարեկան եմ՝ պատերազմ է, փորձում եմ նոր բան անել՝ պատերազմը սկսւում է… Պէտք է բոլոր բաժանարար գծերը վերացնել: Դուք ինձ հետ մի համաձայնւէք, բայց սիրէք ինձ, սեւի ու սպիտակի մի վերածէք, նորի ու նախկինի մի բաժանէք: Մենք բոլորս ուզո՞ւմ ենք Շուշին յետ բերել, մենք բոլորս ուզո՞ւմ ենք ունենալ մեծ մշակոյթ, մենք բոլորս ուզո՞ւմ ենք ունենալ թատրոններ՝ լեփ-լեցուն դահլիճներով, ունենալ բարձրորակ, բարձրաճաշակ ֆիլմեր, ունենալ կրթական բարձր համակարգ, որպէսզի մարդիկ ցանկանան Հայաստանում սովորել: Մենք ուզո՞ւմ ենք, թէ՞ ոչ: Դրա առաջին քայլը բաժանարար գծերը վերացնելն է:

 

Արւեստագէտը պէտք է կովի, անասունի յիշողութեան չմատնի իրեն

Յաջորդ պատերազմը մենք առաջինը պէտք է մեր մէջ յաղթենք, նոր մարտի դաշտում: Կարծում էք՝ այլեւս պատերազմ չի՞ լինելու: Հրանտ Մատթէոսեանը մի լաւ բան ունի, վատ բան: Ասում է՝ «հրէն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երէկ են մորթել»: Չգիտեմ՝ լա՞ւ է ասում, թէ՞ վատ է ասում, բայց տիպիկ է ասում: Արւեստագէտը պէտք է կովի, անասունի յիշողութեան չմատնի իրեն: Արւեստագէտն առաջին հերթին պէտք է Աստծոյ հետ լինի, ոչ թէ նրա հետ, ով գալիս է իշխանութեան:

 

Անի Գաբուզեան

168.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։