Հա

Մշակոյթ

26/07/2021 - 12:30

«Սալես» հրատարակչութիւնը կը նպաստի Իրանում հայ ժամանակակից գրողների ստեղծագործութիւնների հանրահռչակմանը

Հայ-իրանական գրական կապերն ամրապնդելու, երկու երկրների ժամանակակից գրողներին թարգմանելու, հրատարակելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի «Սալես» հրատարակչութեան տնօրէն Մոհամմադ Ալի Ջաֆարիէն: Նա կարծում է, որ հայերն ու իրանցիները բազմաթիւ ընդհանրութիւններ ունեն եւ արւեստի, գրչի ժողովուրդներ են, ուստի անհարժեշտ է համագործակցել, զարգացնել դարաւոր գրական կապերը:

«alikonline.ir» - Հայ-իրանական գրական կապերն ամրապնդելու, երկու երկրների ժամանակակից գրողներին թարգմանելու, հրատարակելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի «Սալես» հրատարակչութեան տնօրէն Մոհամմադ Ալի Ջաֆարիէն: Նա կարծում է, որ հայերն ու իրանցիները բազմաթիւ ընդհանրութիւններ ունեն եւ արւեստի, գրչի ժողովուրդներ են, ուստի անհարժեշտ է համագործակցել, զարգացնել դարաւոր գրական կապերը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Մոհամմադ Ալի Ջաֆարիէն յիշեցրեց, որ իրենց երկրում մեծ է իրանահայ համայնքը, եւ հայ գրականութիւնը մշտապէս ուշադրութեան կենտրոնում է: Համագործակցութիւնը ձեւաւորւել է դեռ եօթ կամ ութ տարի առաջ, սակայն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի շնորհիւ այն նոր թափ է ստացել:

«Մենք մտադիր ենք զարգացնել գրական ոլորտում երկու երկրների համագործակցութիւնը: Նախատեսում ենք թարգմանել, Իրանի ընթերցասէր հասարակութեանը ներկայացնել հայ ժամանակակից գրողներին: Նոյն սկզբունքով էլ Հայաստանում կը հանրահռչակենք Իրանի ժամանակակիցներին: Այցի շրջանակում ձգտում ենք նոր ծանօթութիւններ, կապեր հաստատել եւ համաձայնութիւններ ձեռք բերել: Փորձում ենք ծանօթանալ ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել բոլորի առաջարկութիւնները»,- պատմեց նա ու տեղեկացրեց, որ Հայաստանի գրողների միութիւնում արդէն իսկ հանդիպել է ժամանակակից գրողների, հրատարակիչների:

Զրուցել են «Անտարես» հրատարակչութեան ներկայացուցիչների հետ եւ պարզել, որ «Անտարես»-ը հայ ժամանակակից գրողների ստեղծագործութիւնների շարք է լոյս ընծայում. նախատեսում են ընտրել տասը լաւագոյն աշխատանք՝ Իրանում հրատարակելու նպատակով:

Մոհամմադ Ալի Ջաֆարիէի խօսքով՝ Իրանում լայն տարածում ունեն յայտնի իրանահայերի, մեծահարուստների յիշողութիւնների հիման վրայ գրւած գրքերը, պատմավէպերն ու սիրավէպերը: Պահանջւած են նաեւ ժամանակակից հայ պոէտների ժողովածուները, սիրւած են արտերկրում ստեղծագործող հայ գրողների գրքերը: Թարգմանել եւ հրատարակել են գրքեր, որոնք անդրադառնում են Հայոց Ցեղասպանութեանը: Դրանցից մէկն ամբողջութեամբ հիմնւած է պարսկական աղբիւրների փաստաթղթերի վրայ:

«Մենք գրախանութների մեծ ցանց ունենք ամբողջ երկրով մէկ եւ ցանկանում ենք, որ մեզ մօտ հայկական տարբեր հրատարակչութիւնների անկիւններ լինեն, քանի որ հրատարակչութեան խանութներից մէկն Իրանի հայաբնակ թաղամասում է, կարծում եմ, որ հայերէն գրքերը եւս մեծ ընդունելութեան կարժանանան»,- նշեց հրատարակիչը:

Նա խոստովանեց, որ իր համար սա նոր գործընթաց է: Իրանում կան մասնագէտներ, որոնք ուսումնասիրում են հայ հեղինակներին, որոշում, թէ որ գործերն է պէտք թարգմանել, սակայն ինքը դեռ չի ընթերցել հայ ժամանակակիցներին: Խոստանում է անպայման կարդալ:

Մոհամմադ Ալի Ջաֆարիէն եւս մէկ անգամ հաւաստիացրեց, որ գրքի իրանական շուկան բաւականին մեծ է, ընթերցասէրների համայնքը՝ եւս: «Գիրքը յատուկ տեղ ունի, եւ այդ պոտենցիալը լաւ ճանաչւած ու բացայայտւած չէ Հայաստանում: Այն ներուժն էլ, որ առկայ է համագործակցութեան առումով, հնարաւորինս լաւ օգտագործւած չէ, եւ այդ բացը լրացնելուն է ուղղւած մեր քաղաքականութիւնը: Մենք դարաւոր բարեկամական կապեր ունեցող ժողովուրդներ ենք, որոնք մշակոյթի, արւեստի բոլոր բնագաւառներում ընդհանրութիւններ ունեն: Իրանում մեծ համայնք կայ, որում շատ են գրչի մարդիկ, արւեստագէտները: Եթէ լուրջ ուսումնասիրենք արւեստի բոլոր ճիւղերը, կը տեսնենք, որ դրանց ակունքներում իրանահայերն են: Մենք պէտք է կարողանանք լաւ զարացնել Հայաստան, իրանահայեր եւ Իրանի արւեստագէտների համայնք եռանկիւնին եւ ճիշտ օգտագործել այն ներուժը, որը լաւ բացայայտւած չէ»,- եզրափակեց «Սալես» հրատարակչութեան տնօրէնը:

 

Անժելա Համբարձումեան

Լուսանկարը՝ Գէորգ Պերկուպերկեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։