Հա

Մշակոյթ

10/08/2021 - 12:25

Մալաթիայի վերանորգւած հայկական եկեղեցում պատարագ կը մատուցւի

Մալաթիայի Սուրբ Երրորդութիւն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն աւարտին է հասցւել։ Կառոյցն այսուհետեւ կը ծառայի որպէս եկեղեցի եւ մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսւում է սոյն թւականի օգոստոսի 29-ին։

«alikonline.ir» - Մալաթիայի Սուրբ Երրորդութիւն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն աւարտին է հասցւել։ Կառոյցն այսուհետեւ կը ծառայի որպէս եկեղեցի եւ մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսւում է սոյն թւականի օգոստոսի 29-ին։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, յայտնում է Կ. Պոլսում հրատարակւող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթի թուրքերէն կայքէջը։

Աղբիւրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպութիւնից Գէորգ Օզքարագեոզը եկեղեցու վերաբացման վերաբերեալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս»-ի թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100 տարի շարունակ աւերակ վիճակում է եղել, շինութեան՝ եկեղեցուն առնչւող հատւածների վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպութիւնը, որը վերականգնել է սրբավայրի խորանները եւ մկրտարանը։

Եկեղեցին այսուհետեւ երկու գործառոյթ կունենայ. այնտեղ պէտք է կազմակերպւեն հայկական համայնքի պատարագի, մկրտութեան եւ պսակադրութեան արարողութիւնները, սակայն հայկական սրբատեղին կը ծառայի նաեւ որպէս մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մօտ 3 լեզւով (թուրքերէն, հայերէն եւ անգլերէն) գրւած է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։

Սոյն թւականի օգոստոսի 26-ին տեղի կունենայ եկեղեցու վերաբացման պաշտօնական արարողութիւնը, եկեղեցին կօծւի, եւ Կ. Պոլսոյ Հայոց պատրիարք Սահակ Մաշալեանի ձեռամբ կը մատուցւի առաջին պատարասգը։ Կառոյցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատեանում արձանագրւած է եղել որպէս եկեղեցի։ Այն գտնւում է Հրանտ Դինքի ծնւած թաղամասից 250 մ հեռաւորութեան վրայ։

Վերջերս Պոլսոյ hայոց պատրիարքի հրահանգով Պատրիարքարանի՝ պատարագների գծով պատասխանատու գերապատիւ Թաթուլ ծ. վրդ. Անուշեանը եւ Մալաթիայի HAY-DER կազմակերպութեան անդամներն այցելեցին եկեղեցի։ Գերապատիւ Թաթուլ ծ. վրդ. Անուշեանին ուղեկցում էին յիշեալ կազմակերպութեան ղեկավար Նուրհան Գեզդիրիջին եւ անդամ Գէորգ Օզքարագեոզը։

Պատւիրակութեան անդամները հանդիպեցին Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գիւրքանի հետ։ Սոյն հանդիպման շրջանակներում հաստատւեց եկեղեցու վերաբացման ամսաթիւը։ Տեսակէտներ փոխանակւեցին Սուրբ Երրորդութիւնում կազմակերպւելիք պատարագների եւ ծրագրերի վերաբերեալ։ 2021 թ․ օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ կը կայանայ եկեղեցու պաշտօնական բացման արարողութիւնը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծւի Կ. Պոլսոյ հայոց պատրիարք Սահակ Մաշալեանի ձեռամբ, իսկ յաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կը նախագահի առաջին պատարագի արարողութիւնը։

 

Թարգմանեց Մելինէ Անումեանը

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։