Հա

Մշակոյթ

01/09/2021 - 12:00

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղի յուշահամալիրը

Օգոստոսի 18-ին www.war.karabakhrecords.info կայքէջը տարածել է արբանեակային լուսանկարներ, որոնցում յստակ երեւում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախեան առաջին պատերազմի եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած երեք առանձին յուշարձանները։ 

«alikonline.ir» - Օգոստոսի 18-ին www.war.karabakhrecords.info կայքէջը տարածել է արբանեակային լուսանկարներ, որոնցում յստակ երեւում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գիւղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախեան առաջին պատերազմի եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած երեք առանձին յուշարձանները։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Monumentwatch.org կայքը՝ նշելով, որ դեռեւս 44-օրեայ պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թւականի մայիս ամսին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսութեան տարածած տեսանիւթից երեւում է, որ յուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց Ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշարձանը, սակայն յուշահամալիրը ամբողջութեամբ աւերւած չէ:

Իսկ արդէն 2021թ. յուլիս ամսւան թւագրւող արբանեակային լուսանկարներից երեւում է, որ յուշահամալիրի տարածքը գրեթէ ամբողջովին աւերւած է, քանդւած են յուշահամալիրի պատերը, աստիճանները, ոչնչացւած է Արցախեան առաջին պատերազմում զոհւածներին նւիրւած յուշարձանը, բացակայում է Ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշարձանը եւ Երկրորդ աշխարհամարտին նւիրւած յուշարձանը:

«Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի արձագանգը Հադրութի Ազոխ գիւղի յուշահամալիրի ոչնչացման կապակցութեամբ.

«Համաձայն «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։ Ըստ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութեան՝ արգելւած է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։ Հաագայի 1999 թւականի երկրորդ արձանագրութիւնը վերահաստատում է այս պահանջը եւ այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ յօդւածի, որակում որպէս միջազգային յանցագործութիւն։

Մշակութային արժէքների ոչնչացման գործողութիւններն արգելւում են նաեւ Ժնեւի 1949 թւականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանութեան, պատերազմի օրէնքների եւ սովորոյթների վերաբերեալ միջազգային չորս կոնւենցիաների եւ արձանագրութիւնների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան պայմանագրերի»։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։