Հա

Մշակոյթ

04/09/2021 - 09:45

Անտուան Ագուջեանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրութեան մրցանակի

54-ամեայ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջեանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրութեան փառատօնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որն երէկ յանձնւել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխութեանը։

«alikonline.ir» - 54-ամեայ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջեանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրութեան փառատօնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որն երէկ յանձնւել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխութեանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եւրօ։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Ագուջեանը ներկայացրել էր արցախեան պատերազմում արւած տպաւորիչ լուսանկարները, որոնք ցոյց են տալիս քաղաքացիական բնակչութեան վճարած ծանր գինը։

Լուսանկարների շարքը կոչւում է «Հայեր՝ վտանգւած մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։

54-ամեայ լուսանկարիչ Անտուան Ագուջեանը 20 տարի շարունակ լուսանկարելու նիւթի որոնումներում շրջել է Մերձաւոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թւականին նա դարձաւ Թուրքիայում արգելւած թեմայի՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ցուցահանդէս ունեցած առաջին լուսանկարիչը։

Ինչպէս գրում է «Աւրորա» մրցանակաբաշխութեան կայքը, 1961-ի փետրւարի 6-ին ծնւած Անտուան Յարութիւն Ագուջեանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինէն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրութիւնում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակւում է Ալֆորւիլում, որը յայտնի է որպէս «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։

Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է Ցեղասպանութիւնը վերապրածներին։ 2000 թւականին լուսանկարիչը հայկական յիշողութեան թեմայով յաւակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի Ցեղասպանութիւնն էր։ Նախագիծը նրան տարաւ Երուսաղէմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։

Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի կապակցութեամբ 2015-ին Flammarion հրատարակչութիւնը լոյս ընծայեց Անտուանի գրեթէ 30 տարւայ աշխատանքի արդիւնքը՝ նրա «Լռութեան աղաղակ. հայոց յիշողութեան հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։