Հա

Մշակոյթ

08/09/2021 - 11:30

«Համերգը յիշատակի յուշ-երեկոյ էր, երախտիքի խօսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին». Զաքար Քեշիշեան

«Վարանդա» երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ Զաքար Քեշիշեանը կրկին Արցախում է:

«alikonline.ir» - «Վարանդա» երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ Զաքար Քեշիշեանը կրկին Արցախում է:

Առաջին անգամ Զաքար Քեշիշեանը Արցախ էր ժամանել 1988 թ-ին՝ Երեւանից մի խումբ ուսանողների հետ համերգներ տալու եւ առաջին հայեացքից սիրահարւել Արցախին։ Այդ օրից ի վեր նա տարւայ 10 ամիսը Լիբանանում է, իսկ միւս 2 ամիսը՝ Շուշիում, այժմ՝ Ստեփանակերտում: Հօրից ժառանգաբար փոխանցւած սէրն առ երաժշտութիւն նրան ստիպում է ե՛ւ Լիբանանում, ե՛ւ Արցախում զբաղւել նոյն գործով:

«Ապառաժ»-ը զրուցել է Զաքար Քեշիշեանի հետ՝ պատերազմից յետոյ նրա ապրումների եւ Արցախում նրա ծրագրերի մասին:

 

- Ի՞նչն է Ձեզ ամէն անգամ Արցախ բերում:

- Իմ հայկական պատկանելութիւնն ու հայեցի դաստիարակութիւնը:

Զաքար Քեշիշեանը, հաւատարիմ մնալով ՀՅԴ «Դէպի երկիր» կոչին, 29 տարի առաջ եկաւ Շուշի, որտեղ եւ հիմնեց «Վարանդա» երգչախումբը:

 

- Դուք ամէն տարի լինում էիք Արցախում: Ինչպիսի՞ զգացողութիւններ ունէիք այս անգամ՝ պատերազմից յետոյ Արցախ մուտք գործելիս:

- 29 տարի անընդհատ գալով Արցախ՝ այս անգամ ինձ համար սոսկալի ծանր էր գալ Արցախ, անցնել Շուշիի տակով եւ չմտնել Շուշի, անցնել այն ճանապարհով, որտեղ մենք բազմաթիւ նահատակներ ենք ունեցել: Սակայն գալով Արցախ, շփւելով արցախցի մեր հայրենակիցների հետ՝ հոգեփոխւեցի, խաղաղւեցի, հաւատով լցւեցի վաղւայ օրւայ հանդէպ ու սկսեցի աշխատանքները երգչախմբի հետ:

 

- Ինչպէ՞ս ստեղծւեց «Վարանդա» երգչախումբը:

- «Վարանդա» երգչախումբը ստեղծել եմ Շուշիի ազատագրած տաում: Այդ ժամանակ ստեղծեցինք «Արամ Մանուկեան» վարժարանը, որի հիմնադիրներից եմ: Այդտեղ ունէինք մշակութային խմբեր, որոնցից մէկն էլ «Վարանդա» երգչախումբն է: Այդ օրից ի վեր ամէն տարի ես 2 ամիս նւիրում եմ երգչախմբին՝ պատրաստելով նոր համերգներ՝ նոր երգացանկով: Այս 29 տարիների ընթացքում ստեղծւել են 164 երգեր՝ երգչախմբի համար:

Երչախումբը համարւում է Բէյրութի համազգայինի իմ «Այգ» երիտասարդական եւ «Կարկաչ» մանկապատանեական երգչախմբերի քոյր երգչախումբը, որոնց հետ միացեալ համերգներ ենք ունեցել Լիբանանում, Երեւանում եւ Գիւմրիում:

 

- Այժմ ի՞նչ վիճակում է «Վարանդա» երգչախումբը:

- «Վարանդա» երգչախմբից 30 հոգի են այստեղ, մնացածները դժբախտաբար, Արցախում չեն: Մօտ 50 հոգի տակաւին Երեւան, Գորիս, Էջմիածին եւ Գիւմրի քաղաքներում են հաստատւած: Սակայն նրանք, ովքեր այստեղ էին, այդ հիմքի վրայ հաւաքւեցին Ստեփանակերտի տարբեր երաժշտական կամ արւեստի եւ հանրակրթական դպրոցից աշակերտներ՝ տրւած յայտարարութիւնից յետոյ: Շուրջ 90 հոգանոց երգչախմբով մենք կազմակերպեցինք մեր համերգը:

 

- Ինչպիսի՞ ծրագրեր կեանքի կոչեցիք Արցախում:

- Այս տարի, երբ մենք կորցրինք Շուշին, Արցախում իմ ծառայողական ձեւաչափը փոխւեց:

Oգոստոսի 25-ին Ստեփանակերտի մշակոյթի պալատում կայացաւ «Ղողանջ յիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիրը։ Համերգին ելոյթ են ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը, ես՝ դաշնակահար Նադեժդա Սարգսեանի նւագակցութեամբ։

Թէեւ կոտրած սրտով, սակայն ձեզ նման տոկուն կամքով կրկին ձեզ հետ եմ՝ ձեզ հետ ապրելու, արարելու, ոգեւորւելու, զօրանալու, մեր հաւաքական ու աւանդական լաւատեսութիւնը, պայծառամտութիւնը, յոյսն ու հաւատը, պայքարելու ու կորցրածը յետ բերելու, կամքն ու կորովը վերագտնելու:

 

- Ո՞րն էր համերգի ուղերձը:

- Համերգը յիշատակի յուշ-երեկոյ էր, երախտիքի խօսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր, այստեղ ապրելով պահում են այս հողը եւ վերապրումի, որովհետեւ պատերազմից յետոյ մեզ պարտադրւած չակերտներում պարտութիւնից յետոյ մեր երկիրը վերակերտելու կարիք կայ:

Համերգն առաջին հերթին իմ հոգու ճիչն էր, իմ յարգանքի ու երախտագիտութեան, իմ խոնարհումի արտայայտութիւնն էր բոլոր այն նահատակների յիշատակի առջեւ, որոնք գերագոյն զոհողութեամբ, կեանքի գնով զէնքերը ձեռքներին ելան պաշտպանելու մեր հայրենիքն ու արժանապատւութիւնը:

Իմ խոնարհումն ու հպարտութիւնը նաեւ բոլոր այն քաջերին, որոնք, ընկածների զէնքն ու զրահը վերցրած, այսօր էլ խրոխտ կանգնած են մեր հայրենիքի եզերքի անվեր պատւի պաշտպանութեանն ի խնդիր: Եւ վերջապէս, իմ խոնարհումն ու հպարտութիւնը Արցախում ապրող, հայրենի հողը չլքող, մեր վաղւայ պայծառ օրւայ նկատմամբ յոյսն ու հաւատը չկորցնող, ատամները պինդ սեղմած, անպարագծելի կորուստն ու ցաւը արժանապատւօրէն գրկած, բայց արցախցու անկոտրում ու հնաւանդ կամքն ու ոգին իր մէջ ամբարած, կռո ճուղուպուր իմ պաշտելի հայրենակիցներիս նկատմամբ:

Յաջորդ համերգը կայացել է սեպտեմբերի 2-ին, որը ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից որդեգրւել է որպէս Արցախի անկախութեան 30-ամեակի գլխաւոր միջոցառում: Սեպտեմբերի 3-ին կրկնել ենք համերգը, իսկ ամսի 6-ին, 7-ին, 8-ին ելոյթներ կունենանք աշակերտների համար:

 

- Ինչպիսի՞ երգացանկով է հանդէս եկել երգչախումբը:

- Երգացանկը ընտրել եմ երգչախմբի համար անցնող 29 տարիների ընթացքում գրւած այն երգերից, որոնք հնչել են գուցէ 15-20 տարի առաջ: Սա լաւ առիթ է վերստին այդ երգերը հնչեցնելու համար:

 

- Վերջերս հասարակական դաշտում շատ են քննարկումները եւ քննադատութիւնները Արցախում կազմակերպւող համերգների շուրջ: Ո՞րն է Ձեր տեսակէտը այս հարցի շուրջ:

- Իմ կարծիքով բոլոր ձեռնարկները պէտք է պատշաճ մակարդակի լինեն: Հիմա «տաշի-տուշի» համերգներ կազմակերպելու ժամանակը չէ: Համերգները պէտք է ունենան բովանդակութիւն, որոնք համապատասխանում են այսօրւայ մեր իրականութեանը, որովհետեւ ամէն մի համերգ արտայայտութիւնն է այն կացութեան, որի մէջ ապրում է տւեալ ժողովուրդը: Խօսքն, իհարկէ, արւեստի լուրջ համերգների մասին է, ոչ թէ ռաբիզ:

Մեր համերգային ծրագրերը իրենց բովանդակութեամբ համապատասխանում են մեր առօրեային, որոնք մեզ լիցքաւորելու են ապրելու, արարելու ուժով եւ ի վերջոյ յաղթելու եռանդ ու յոյս են տալու:

 

- Ինչպէ՞ս էք տեսնում ստեղծւած իրավիճակից ելքն ու մեր ապագան:

- Շուշին ու Հադրութը վերստին ազատագրելու գաղափարախօսութիւնը շարունակում է Վանը, Մուշը, Սասունը ազատագրելու գաղափարախօսութեանը: Եթէ մենք հաւատում ենք Միացեալ Հայաստանի գաղափարին եւ նւիրւած ենք այդ գաղափարին, վաղ թէ ուշ հասնելու ենք այդ նպատակին, իսկ նրանք, ովքեր չեն հաւատում, արդէն կորցրել են այդ հողերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։