Հա

Մշակոյթ

09/09/2021 - 09:50

Ձորի բերանով՝ լուսարձակները յանգցրած․ ինչպէս են փրկւել Շուշիի գորգերը եւ ինչ են խորհրդանշում

Պատերազմի ժամանակ, երբ զօրքը մտնում է մի բնակավայր, առաջին շաբաթը կռւողների ռազմավարն է, ես վիդէօ ունեմ, թէ ոնց են ադրբեջանցի զինւորները թալանում մեր գորգերը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում պատմեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրեանը։

«alikonline.ir» - Պատերազմի ժամանակ, երբ զօրքը մտնում է մի բնակավայր, առաջին շաբաթը կռւողների ռազմավարն է, ես վիդէօ ունեմ, թէ ոնց են ադրբեջանցի զինւորները թալանում մեր գորգերը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում պատմեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրեանը։

300-ից աւելի գորգ էր նա գնել Արցախի տարբեր կողմերից, արձանագրել՝ որ գիւղից է, ինչ տարիքի ու Շուշիում հիմնել թանգարանը։ Պատերազմի աղէտալի օրերին, երբ ինքը դիրքերում էր եւ սպայի հոտառութեամբ հասկացաւ, որ քաղաքը կորցնում ենք, մի կողմից կռւում էր, միւս կողմից կազմակերպում թանգարանի գորգերի դուրսբերումը․ 160 գորգ կարողացան փրկել։

«Ես չեմ կարողացել գնամ, Շուշիում էի, ամբողջ պատերազմը Արցախում եմ եղել։ Այդ տղան՝ վարորդը, որը միայնակ գորգերը հանում էր Շուշիից, ասացի՝ շատ զգոյշ մնայ, որովհետեւ ճանապարհը խոր ձորի եզրով է, այն կողմն արդէն իրենք էին, ասացի՝ քեզ վրայ հաստատ արդէն սկսելու են կրակել։ Զանգեց, ասաց՝ կրակում են, ասացի՝ լուսարձակներդ հանգցրու, ասաց՝ արխային՝ տանելու եմ, ու տենց 30-40 կմ գիշերով սարի ճանապարհով Աստծոյ օգնութեամբ բերել, հասցրել է այդ տղան մենակ»,- պատմեց Վարդան Աստծատրեանը։

Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի առաջին օրն էր։ Շատերը պատկերացնում են, թէ Շուշին նոյեմբերի 8-ին են գրաւել, ասաց նա, բայց այդպէս չի եղել, արդէն նոյեմբերի 2-3-ին ադրբեջանցիները Շուշիի ճանապարհին տիրապետում էին՝ ե՛ւ ներքեւից, ե՛ւ վերեւից։

«Ես առաջին պատերազմն էլ եմ անցել, 2016-ինն էլ, ես սպայ եմ, պատկերացնում եմ զինւորական գործը, տեսայ, որ Շուշիի վրայ Քարինտակով եկան, դա մանեովր էր՝ իբր այդտեղով պիտի մտնէին, որ մեր բոլոր ուժերը էդ կողմի վրայ գնան, բայց իրականում Շուշիից դէպի Գորիս մի 10 կմ այն կողմ Զառիսլու գիւղով, անտառներով եկան իրենց հարւածային խմբերը։ Այդտեղ զինտեխնիկա պէտք չէր։ Քանի որ օդը իրենցն էր, ամբողջը տեսնում էին, պատերազմելն իրենց համար շատ հեշտ էր այս անգամ, այդտեղ պատերազմելու բան էլ չկար»,- պատմեց նա։

Հիւնոտի կիրճով էլ են շուշեցի հայերը իջել, դուրս եկել։ Վարդան Աստծատրեանն այդ ընթացքում Շուշիից Լիսագոր է գնացել, յետոյ շարունակել կռիւը։

«Գորգերը ես պարտաւոր էի դուրս բերել, որովհետեւ իրենց համար այդ թանգարանը շատ կարեւոր էր, մինչեւ այդ էլ միշտ պոլեմիկայի մէջ էինք մտնում ինտերնետով, իրենք ասում էին՝ մերն է, ես՝ իրենց, խօսում էինք, քննարկում։ Գիտէին այդ թանգարանի մասին, ես դա չէի կարող թողնել»,- ասաց նա։

Թանգարանի շէնքը, սակայն, տեղափոխել չէր լինի, ու Ադրբեջանի նախագահն ու կինը, մէկ շաբաթ առաջ, հէնց Շուշիի թանգարանի շէնքում՝ նոյն սրահում, էլի գորգերի ցուցադրութիւն են բացել։ Աշխարհի բոլոր գէոլոկացիաները դրւած է այդ շէնքի վրայ, որ այդտեղ Շուշիի գորգերի թանգարանն է, ասաց Աստծատրեանը, հիմա նրանք իրենց ոճից դուրս չեն գալիս՝ պատրաստ բանը վերցնում են, ասում՝ մերն է։

Երեւան տեղափոխւած գորգերը, որ հանգրւանել են Ալ. Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում, իրենց խորհրդաբանութեամբ պատմում են Արցախի մասին։

Գորգ կայ, օրինակ, որը Մետաքի ճանապարհն է պատկերում, որ Արցախով է անցել․ երկայնակի կապոյտի՝ գիշերւայ եւ կարմիրի՝ ցերեկւայ միջով քայլում են ուղտերը, այսինքն, գիշեր-ցերեկ առանց հանգստի գնացել, եկել են ուղտերը։

Գորգ կայ, որ ամբողջ միջնամասն է կա՛մ կապոյտ՝ գիշեր, կա՛մ կարմիր՝ ցերեկ, ու միատոն, առանց որեւէ նախշի․ դա էլ «Աշխարհի արարման 7-րդ օրն» է՝ այդ օրը ոչ մի բան չի կատարւել ու հանգստութիւն է։

«Սա Շուշիում գործած գորգ է՝ 250 տարեկան, պրոֆեսիոնալ մանուֆակտուրաներում գործւած գորգերն են, որոնք գործում էին եւրոպական շուկայի համար՝ 18-19-րդ դարերում»,- ներկայացրեց Վարդան Աստծատրեանը։

Գորգերի մէջ նաեւ սւաստիկաներ կան․ անգամ աստղի մէջ է սւաստիկա։ Թանգարանի հիմնադիրը բացատրեց, որ ուզում են ասել, որ այդ աստղը պտտւում է, եւ որ կողմ պտտւում է՝ սւաստիկայի թեւերը այդ կողմ են ուղղւած։ Կայ աջ կողմ պտտւող սւաստիկա եւ ձախ կողմ պտտւող։ Ցոյց է տալիս, որ շարժումը անվերջութիւն է։

Մեղւի սիմւոլիզմն էլ է շատ տարածւած, ցոյց տւեց Վարդան Աստծատրեանը մեղւի պատկերը գորգի վրայ։

«Շատ հետաքրքիր խորհրդանիշ է մեղուն․ աշխատասիրութիւնը՝ պարզ է, բայց մեղւի ընդհանուր, ոչ նիւթական խորհրդանիշը դա Մեծ մօր պաշտամունքն է։ Որովհետեւ մեղուների մօտ մայրիշխանութիւն է, իսկ բոլոր հին ժողովուրդների մօտ մայրիշխանութիւնը կայ, հէնց հողը մայրն է՝ Անահիտն է հայերի մօտ, յոյների մօտ Գեան է, շումերների մօտ՝ Իշտարը»,- ներկայացրեց Վարդան Աստծատրեանը։

Գորգերի վրայ պատկերւած են նաեւ մարդուկներ՝ տղամարդ եւ կին․ տղամարդը՝ արու ուղտին նստած, լիարժէք է՝ մեծ չափի, ուղիղ, ամուր ոտքերով, ամուր թեւերով, լուրջ դէմքով, իսկ կինը պատկերւած է երեխայի նման՝ փոքրիկ, կեռ, թոյլ ոտքերով, էգ ուղտի վրայ նստած։ Վարդան Աստծատրեանն ասում է՝ դա խորհրդանշում է, որ տղամարդիկ ծնւում են արդէն լիարժէք, կայացած, չփոխւող սկզբունքներով, իսկ կնոջը ինչպէս կամենան, այնպէս էլ կարող են փոխել, կինը յարմարւող, ճկւող է, դրա համար, ասում է, տղայ երեխաներին գերի չէին տանում, սպանում էին, իսկ աղջիկներին հաւաքում, տանում էին, որ ձուլւեն իրենց մէջ։

Կան նաեւ չար դէմքեր գորգերի վրայ․ պոզերով, սուր ականջներով։

«Քանի որ գորգերում շատ առասպելաբանական թեմաներ կան, իսկ առասպելներում ե՛ւ չարը կայ, ե՛ւ բարին կայ, պարզապէս գորգերը եղել են հին մշակոյթի մասսայականացման ձեւը»,- ասաց Վարդան Աստծատրեանը։

Ձորի բերանով, յանգցրած լուսարձակներով, կրակոցների տակ Հայաստան հասցրած Շուշւայ գորգերը Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում նորմալ ընդունել են, համարակալել։

«Հաճելի զարմանք էի ապրում՝ ինչ ձեւի են արել ամէն ինչ, ոչ մի բան չի կորել»,- ասաց Վարդան Աստծատրեանը։

Ապա թանգարան-ցուցադրութիւն են կազմակեպել հէնց այդ շէնքում, խորհրդանշական օր՝ փետրւարի 20-ին, Արցախեան շարժման մեկնարկի օրը։

Այդուհանդերձ, Շուշիի գորգերի թանգարանը անորոշ ժամանակով է գտնւում Ճարտարապետութեան ազգային թանգարանում, եւ յայտնի չէ՝ որտեղ պիտի տեղափոխւի։

«Շուշիի գորգերի թանգարանը պիտի լինի առանձին թանգարան, որովհետեւ հէնց թանգարանային հաւաքածու է այս հաւաքածուն, բոլոր նմուշներն արձանագրւած են, յայտնի է որ գիւղից են, նման բան աշխարհում հազւադէպ կը տեսնէք։ Ուսումնասիրել եմ թանգարանային նմուշի կարգավիճակը, թէ չէ աշխարհում գորգեր շատ կան, բայց եթէ հաւաքեն, դա թանգարան չի լինի, դա հաւաքածու կը լինի, իսկ սա թանգարան է»,- ասաց Վարդան Աստծատրեանը։

Շուշիում՝ հէնց հայկական թանգարանի շէնքում, Ալիեւները գորգերի նոր թանգարան են բացել։ Իրենց ոճն է՝ պատրաստին վերցնել, ասում է Վարդան Աստծատրեանը։ Եթէ մեր ոճն էլ հիմնադրելն ու պատրաստելն է, ապա ճիշտ ժամանակն է դա ի ցոյց դնել Շուշիի գորգերի տեղահանւած թանգարանին նոր՝ առանձին, շէնք տրամադրելով․ Ալիեւն ու կինը ՀՀ ղեկավարին մարտահրաւէրն արդէն նետել են։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։