Հա

Մշակոյթ

12/09/2021 - 10:10

«Հետազօտողներով կարող ենք մի բան գրել, բայց այդ ուղղութեամբ պետական որեւէ քաղաքականութիւն չի տարւում». Հնագէտը՝ Անիի պեղումների մասին

Հայկական Անիում Թուրքիայի նախագահի կարգադրութեամբ մեկնարկել են հնագիտական պեղումներ։ Պեղման աշխատանքներում ներգրաււած են 12 գիտական եւ ուսումնական հաստատութիւններից 35 մասնագէտ։

«alikonline.ir» - Հայկական Անիում Թուրքիայի նախագահի կարգադրութեամբ մեկնարկել են հնագիտական պեղումներ։ Պեղման աշխատանքներում ներգրաււած են 12 գիտական եւ ուսումնական հաստատութիւններից 35 մասնագէտ։ Նախագիծը ղեկավարում է Կարսի Կովկասյան համալսարանի արւեստի պատմութեան ֆակուլտետի ղեկավար Մուհամմեդ Արսլանը։ Նա յայտարարել է, որ պեղումներն իրականացւում են սելջուկների ժամանակների շուկայում, նրանց առանձնատներում, սելջուկեան մեծ բաղնիքում, ինչպէս նաեւ գերեզմանատան տարածքում։

Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնն էլ իր հերթին յայտարարել է, որ այդ պեղումները կոչւած են, այսպէս ասած, «պահպանելու թուրք ազգի ժառանգութիւնը»։

168.am-ի հետ զրոյցում ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմաբան Աշոտ Մելքոնեանն անդրադառնալով այդ պեղումներին՝ ասաց, որ Թուրքիան վաղուց է Անիում վերացնում հայկական հետքը, եւ այդ պեղումներն էլ հէնց նման նպատակ են հետապնդում։

«Անիում պատերին փակցւած ցուցանակները վկայում են այն կեղծիքը, որ իրականութեան մէջ իբր սելջուկեան շրջանից 1064 թւականից սկսւում է Անիի պատմութիւնը։ Իսկ դրանից առաջ մէկ-երկու յիշատակում կար Բագրատունիների մասին, որ Անին եղել է Բագրատունիների մայրաքաղաքը՝ առանց նշելու, թէ Բագրատունիներն ովքեր էին։ Այնուհետեւ Բագրատունի բառը դարձրեցին Բագրատլի՝ թուրքական վերջաւորութեամբ, առանց նշելու դրանց հայկական վերջաւորութիւնը։ Այսօր առաւել եւս, երբ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները հասել են իրենց ծայրայեղ լարման աստիճանին, բնականաբար, նման բայմաններում կեղծիքները շատ աւելի խորանալու են, եւ Էրդողանի վերջին ցուցումը հէնց դրա վկայութիւնն է»,- նշեց Աշոտ Մելքոնեանը։

Նա նշեց, որ միջազգային զանազան կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ջանքերով մշտապէս Անիի պահպանման հարցը բարձրաձայնւել է։

«Երբ Անիի խնդիրը մտաւ ԻՒՆԵՍԿՕ-ի օրակարգ, որպէս նրա կողմից պահպանւող, բնականաբար, հայկական կողմը զգալի աշխատանք կատարեց։ Այստեղ հարկ է նշել, որ երջանկայիշատակ Լաւրենտի Բարսեղեանը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարանի նախկին տնօրէնը, զգալի աշխատանք կատարեց Անիի նկատմամբ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելու համար։ Մենք, բնականաբար, պէտք է շարունակենք մեր աշխատանքը, բողոքները զանազան միջազգային կազմակերպութիւններում, մասնաւորապէս՝ ԻՒՆԵՍԿՕ-ում, Անիի նկատմամբ այդ վերաբերմունքի կապակցութեամբ։ Երեւի գիտէք, որ մայր տաճարի հետ կապւած բազմիցս արարողութիւններ են այնտեղ եղել՝ իսլամական կրօնին բնորոշ արարողակարգով։ Դրանք մշտապէս շարունակւում են, եւ այս լարւածութեան պայմաններում դրանք աւելի յաճախակի են դառնում»,- յաւելեց Աշոտ Մելքոնեանը։

Հնագէտ, Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանի խօսքով՝ Հայաստանում չկայ մշակութային ժառանգութեանը հետեւող պետական որեւէ մարմին, մասնաւորապէս՝ ՀՀ սահմաններից դուրս։ 

«Ցաւօք, նման տեղեկութիւնները պատահաբար ենք իմանում կամ առհասարակ չենք իմանում։ Տարիներ առաջ թուրք հնագէտներից մէկը փորձ է արել ինձ հետ կապ հաստատել, որն առաջարկում էր համագործակցութիւն, յետոյ պարզւեց, որ այս համագործակցութիւնը կարող է լինել շատ մասնաւոր մակարդակում։ Այսինքն՝ չկայ մի մարմին, որն այդ խնդիրներով զբաղւում է կամ գոնէ տեղեկատւութիւն փոխանցի։ Ինչ վերաբերում է Անիի ճակատագրին, ինչպէս մեր բոլոր յուշարձանները, Անին էլ է կիսում այդ ճակատագիրը։

Վերջերս մի ընդարձակ գիրք լոյս տեսաւ, որտեղ վրացի հետազօտողներն Անին ներկայացնում էին՝ որպէս Անիս, այսինքն՝ վրացական քաղաք։ Երբ Հայաստանը քաղաքական անկախութիւնը յայտնի չափով կորցրել էր, իրենք ինչ-որ չափով բազմակրօն էին, սա երեւի թէ ակնյայտ է, սակայն հարցն այն է, որ նման մօտեցումներով փորձում են առաջին հերթին վերացնել, ջնջել, մոռացութեան տալ հէնց հայկականութիւնը։

Թուրքիան վերացնում է բոլոր այն բաները, որոնք խաչային յօրինւածքներ են, խաչքարեր են, վերականգնելու ժամանակ այդ ամէնն անհետանում է։ Այս միտումները շարունակւելու են, այսօրւայ թուրք-ադրբեջանական ագրեսիան յայտնի չափով մշակութային ագրեսիա է։ Իհարկէ, մենք հետազօտողներով կարող ենք մի բան գրել, մտածել, բայց որ այդ ուղղութեամբ որեւէ պետական քաղաքականութիւն չի տարւում, սա նոյնպէս ակնյայտ է»,- նշեց Համլետ Պետրոսեանը։

Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանն էլ խօսելով Անիում պեղումներ անելու Թուրքիայի նպատակների մասին, նկատեց՝ այդ ամբողջ պեղումների նպատակն ամբողջ Անատոլիայից՝ Արեւմտահայաստանից հայկական հետքը ջնջելն է։ 

«1915 թւականից մնացած 2500-ից աւելի եկեղեցիներից ու վանքերից շատ բան չի մնացել, մնացել են ծւեներ, դրանց մէջ ամենաճանաչւածն Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է եւ Անիի մայր տաճարի փլատակները։ Սա Անիի հետ կապւած Թուրքիայի առաջին աշխատանքը չէ, ժամանակին իրենք, այսպէս ասած, պեղումներ կատարեցին, անգամ բուլդոզերով այդ պեղումներն արեցին։ Եթէ Անիում որեւէ աշխատանք կատարւում է, այն կատարւում է ֆաշիստական մտածելակերպ ունեցող հնագէտների մասնակցութեամբ, որոնք ամբողջ Թուրքիայում յայտնի են իրենց հայատեաց տեսակէտներով։ Նրանք են հիմնականում կազմում Թուրքիայի կեղծ պատմագրութիւնը»,- շեշտեց թուրքագէտը։

Շարունակելով՝ Տիրան Լոքմագեօզեանն ընդգծեց, որ թուրք հնագէտները կեղծելով իրենց պատմութիւնը, սեփական ազգին հասցնում են մինչեւ Ադամի ու Եւայի ժամանակաշրջան եւ բոլոր ազգերին դարձնում են թուրք։

«Նրանք այնպիսի մոլուցքով են տարւած, որ մի անգամ Կարսում խօսում էի մի թուրքի հետ, ասաց, թէ գիտես՝ դուք՝ հայերդ էլ էք թուրք, ուղղակի այդ մասին չգիտէք։ Այսինքն՝ Թուրքիան առաջ է շարժւում հէնց այս մտածելակերպով, իզուր չէ, որ իրենք այսօր պեղում են անում եւ այն սկսում են ինչ-որ սելջուկեան բաղնիքներից։ Իհարկէ, երբ սելջուկները գրաւեցին Անի քաղաքը, ինչ-որ բաներ քաղաքում իրենց համար փոխեցին։ Ստացւում է, որ Թուրքիայի համար խնդիր չկայ՝ հայկականը դարձնի սելջուկեան»,- նշեց նա։

Նրա խօսքով՝ այսօր նոյնն Ադրբեջանն անում է Արցախի օկուպացրած տարածքներում, ջնջում է հայկական յուշարձանների գրութիւնները եւ դրանք ներկայացնում է՝ որպէս թալիշական կամ ադրբեջանական։ Այսինքն՝ վերականգնման անւան տակ դրանք վերացնում են։

«Այսօր ԻՒՆԵՍԿՕ-ից շատ բան սպասել պէտք չէ, ով իրեն փող է տալիս, նա այն կողմ թեքւող է։ Ջուղայի խաչքարերը երբ ոչնչացնում էին, այս կառոյցն ի՞նչ ասաց, միայն ցաւ արտայայտեց, որովհետեւ դրանից կարճ ժամանակ առաջ Ալիեւը միլիոնանոց նւիրատւութիւն էր արել կառոյցին։ Մեր պետութիւնը որեւէ բան չի արել, յատկապէս այսօրւայ Կառավարութիւնը, հնարաւոր է, գնայ Անիում թուրքերի հետ մասնակից նամազի ու յետոյ ասի՝ վա՜յ, այս ինչ լաւ բան է։ Միայն ժամանակ առ ժամանակ Կիլիկիոյ եւ Մայր Աթոռի կաթողիկոսարաններից յայտարարութիւններ եղել են, սակայն դրանք ազդեցիկ չեն, ամենաշատը կարող է Վատիկանն էլ միանալ նրանց, բայց Վատիկանն էլ ոչինչ չի կարող անել։ Այսօր ո՞ւմ է հետաքրքիր, թէ այդ եկեղեցիներն ում են պատկանում, այսօր հայկական յուշարձանները, աշխարհն ասում է՝ Թուրքիայի հարստութիւնն է»,- եզրափակեց նա։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։