Հա

Մշակոյթ

25/09/2021 - 09:30

«Մենք դեռ երկար ենք մղկտալու նրա բացակայութիւնից»․ կայացաւ պ․գ․դ․, պրոֆեսոր Արտակ Մովսիսեանի գրքի շնորհանդէսը

Ընթերցողի սեղանին դրւեց եւս մէկ արժէքաւոր աշխատութիւն․ սեպտեմբերի 23-ին՝ «Զանգակ» գրատան Աբովեան փողոցի մասնաճիւղում կայացաւ պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսեանի «Հայաստանի նախամաշտոցեան գրաւոր մշակոյթի պատմութիւն» գրքի շնորհանդէսը: 

«alikonline.ir» - Ընթերցողի սեղանին դրւեց եւս մէկ արժէքաւոր աշխատութիւն․ սեպտեմբերի 23-ին՝ «Զանգակ» գրատան Աբովեան փողոցի մասնաճիւղում կայացաւ պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսեանի «Հայաստանի նախամաշտոցեան գրաւոր մշակոյթի պատմութիւն» գրքի շնորհանդէսը: Մենագրութիւնը նւիրւած է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառւած գրային համակարգերի, դրանցով թողնւած գրաւոր յուշարձանների ուսումնասիրութեանը։ 

Գրքի հրատարակման համար հեղինակի ընտանիքն իր խորին երախտագիտութիւնն է յայտնում ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռ. Ղազարեանին, նոյն ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչ Ա. Քոսյեանին, «Զանգակ» հրատարակչութեանը՝ ի դէմս տնօրէն Ս. Մկրտչեանի, որոնք մեծ պատրաստակամութեամբ սեղմ ժամկէտներում ձեռնամուխ են եղել գրքի լոյսընծայման աշխատանքներին:

Աշխատութեան մէջ ներկայացւած են ինչպէս բնիկ հայաստանեան, այնպէս էլ օտար երկրներում ստեղծւած եւ մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառւած գրահամակարգերը՝ իրենց գրային յուշարձաններով։ Աշխատութեան առանձին գլուխներ նւիրւած են Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրութիւններին, առեղծւածային ծագումով ու անյայտ նշանակութեան գրաւոր յուշարձաններին, ինչպէս նաեւ ի մի են բերւած Հայաստանում գտնւած տեղական եւ օտար ծագում ունեցող արձանագրութիւնների մասին տեղեկութիւնները։

«Տխուր է այն փաստը, որ նա մեզ հետ չէ, մարդ, որը հսկայական գործ արեց իր հայրենիքի համար։ Քիչ գիտնականներ ունենք, որոնց կը բնորոշէի՝ մեծատառով մարդ, քաղաքացի եւ հայ անձնաւորութիւն, տղամարդ, ընտանիքի հայր, մեծ, վաստակաշատ գիտնական»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսպէս Մովսիսեանին բնորոշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռոբերտ Ղազարեանը։

Կարեւորելով աշխատութեան լոյսընծայումը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Իւրի Սուվարեանը շեշտեց, որ գիրքը վերջին շրջանի պատմագիտական լաւագոյն ուսումասիրութիւններից է՝ իր բովանդակութեամբ։ Սուվարեանի խօսքով՝ Արտակ Մովսիսեանը աչքի էր ընկնում համարձակ հարցադրումներով, հայոց պատմութեան խնդիրների նորովի լուսաբանմամբ։ «Իր համարձակ մօտեցումներով, խոր ուսումնասիրութիւններով կարողացել է բացայայտել երեւոյթներ, որոնք շատ լուրջ հետք են թողել հայ պատմագիտութեան մէջ, նոր գաղափարներ, որոնք յաճախ նաեւ դարձել են բանավէճի առարկայ, իսկ իրական գիտութիւնը հէնց բանավէճի մէջ է ծնւում։ Այդ առումով՝ Մովսիսեանի ուսումնասիրութիւնները աչքի են ընկել նորովիութեամբ, համարձակութեամբ եւ նոր խօսք են գիտութեան մէջ»,- ասաց Սուվարեանը։

«Արտակ Մովսիսեանի մասին շատ դժւար է խօսել։ Նա, իրերի բերումով, միացաւ մեր նահատակ տղաներին, որոնք Արցախեան պատերազմում իրենց կեանքը տւեցին հայրենիքի համար։ Արտակ Մովսիսեանը եւս ընկաւ մարտի դաշտում, որովհետեւ ամբողջ իր կեանքի ընթացքում մարտի մէջ էր, որը նա յաղթեց եւ թերահաւատ, մի քիչ էլ չար մարդկանց ապացուցեց, որ ճիշտ է։ Նա հայոց պատմութեան մէջ էր, հայոց պատմութեան հետ էր եւ այն վերադարձնում էր սերունդներին»,- նշեց ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը՝ շեշտելով՝ Արտակը ժամանակի ընթացքում մեր պատմագիտութեան բազմաթիւ բացեր լրացրեց։ «Մենք դեռ երկար ժամանակ մղկտալու ենք նրա բացականութիւնից։ Մղկտալու ենք, որովհետեւ Արտակի տեսակը այսօր մեզ շատ է պէտք»,- յաւելեց նա։

ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասեանն ընդգծեց՝ մենք գործ ունենք մի անհատի աշխատութեան հետ, որը կատարեալ ստեղծագործական վարպետութեամբ նորութիւն բերեց հայ պատմագիտութեան մէջ։ «Մարդ-անձնաւորութիւն, որը քաղաքացիութիւն տւեց իր տեսակէտներին՝ դասագրքերով, հայոց պետականութեան ծագումը հասցնելով մ.թ.ա. երրորդ հազարամեակ։ Նրա աշխատութիւնների անմիջական լրացման եւ ամփոփման լաւագոյն արտայայտութիւնը հրատարակւած այս աշխատութիւնն է»,- ասաց նա։

 

Լիանա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։