Հա

Մշակոյթ

25/09/2021 - 11:00

«Կարապենցի գրականութիւնը հատել է համամարդկային սահմանները»․ միջազգային գիտաժողով՝ արձակագրի յիշատակին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ՝ ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ միջազգային գիտաժողով՝ նւիրւած արձակագիր Յակոբ Կարապենցի յիշատակին:

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ՝ ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ միջազգային գիտաժողով՝ նւիրւած արձակագիր Յակոբ Կարապենցի յիշատակին:

ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի դոցենտ Արշալոյս Կարապետեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց, որ գիտաժողովի զեկոյցներում ընդգրկւած են Յակոբ Կարապենցի կեանքին, գործունէութեանը, ստեղծագործութեան տարբեր ոլորտներին նւիրւած նիւթեր։ Գիտաժողովին մասնակցում են անւանի գրականագէտներ Հայաստանից եւ արտերկրից։ «Բանախօսները ներկայացրեցին ոչ միայն Յակոբ Կարապենց գրողին, խմբագրին ու լրագրողին, այլեւ վերաարժեւորեցին նրա այն ստեղծագործութիւնները, որոնք նոր ուղենիշ են գալիք շրջանի հայ գրականութեան համար»,- ասաց նա։

Համազգայինի երեւանեան գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը նշեց, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովները նպատակ ունեն առաւել համակողմանի ներկայացնելու գրական այն անունները, որոնք հանրութեան շրջանում դեռեւս քիչ են ճանաչւած։ Ըստ նրա՝ Յակոբ Կարապենցն այդ անուններից ն է, եւ այս գիտաժողովը առիթ է ներկայացնելու նրա գրական ժառանգութիւնը եւ հասարակական գործունէութիւնը։

Խօսելով գիտաժողովի կարեւորութեան եւ Յակոբ Կարապենցի ստեղծագործական ժառանգութեան մասին՝ Առաքելեանը շեշտեց՝ Կարապենցի ստեղծած գրականութիւնը հատել է համամարդկային սահմանները։ Ըստ նրա՝ թէեւ Կարապենցի հերոսները տարբեր են, սակայն կա մէկ ընդհանրական հենք, որի վրայ բարձրանում է Կարապենց գրողի ճշմարտութիւնը։ Առաքելեանի խօսքով՝ նրա ապրած կեանքի եւ գրականութեան ներդաշնակումը ընթերցողին տանում է Կարապենցի բանաձեւած ճշմարտութեան յետեւից եւ խորհելու առիթ տալիս իւրաքանչիւրին։ Նրա «Երկու աշխարհ» հրապարակախօսական, տեսական-վերլուծական յօդւածների ժողովածուն վկայութիւնն է այն իրողութեան, որ գրողի տողը արգասիքն է նրա անմիջական, զգացական, պոռթկուն խառնւածքի՝ առանց աւելորդ զարդարումների։

«Յակոբ Կարապենցը Սփիւռքում ստեղծագործող այն մտաւորականներից է, որոնք դատապարտւած էին երեւակայութեամբ կերտել Հայաստանի կերպարը՝ հոգեպէս կապւած լինելով Հայրենիքի հետ։ Յօդւածներից մէկում ինքն իր մասին ահա, թէ ինչ է գրում․ «Գրելով՝ անմահութեան չեմ ձգտում։ Եթէ անմահութեան ձգտէի մէկ շնչով չէի գրի։ Առաջին տարբերակը վերջինը չէր լինի։ Կը նստէի, կը յղկէի, կը վերախմբագրէի, մինչեւ որ անթերի լինէր գործը՝ զերծ խորդուբորդութիւններից, անտաշ քարերից ու մացառներից։ Այսպիսով՝ իմ տեղը կապահովէի արդի դասականների շարքում։ Սակայն ես անմիջական անցաւորն եմ, եւ ներկան է իմ մտասեւեռումը։ Ինչպէս ժամանակն է անսկիզբ ու անվախճան, այնպէս էլ՝ իմ գրականութիւնը։ Ինչպէս կեանքն է անակնկալներով ու վարուվերումներով, այնպէս էլ՝ իմ գրական փորձերը, ուր հարազատ ու ճշգրիտ խօսքը ինձ համար աւելի կարեւոր է, քան գեղեցիկ ու գեղագիտական մարզանքը»։ Յակոբ Կարապենցի գրականութեանը ծանօթ ընթերցողը, համոզւած եմ, հաւատալու է գրողի անկեղծ այս խոստովանութեանը»,- ասաց Առաքելեանը՝ ընդգծելով՝ Կարապենցը չի յաւակնում բացարձակ ճշմարտութիւններ ասել։ Նա այն կարծիքին է, որ կեանքում ամէն ինչ յարաբերական է։ Գրողի տեսական դատողութիւնները փորձւած ու փորձութիւններ անցած եզրայանգնումներն են։

«Արդիականութեան չափանիշը, Կարապենցի կարծիքով, գրողի դաւանանքն է, որ ճշմարտութիւն կասենք, թէ՝ մէկ այլ բան, կարեւորը հաւատարմութիւնն է քո դաւանածին։ Ճշմարտութեան մասին Կարապենցի պատկերացումը, որ նաեւ նրա մտքերի ու դատողութիւնների առանցքն է, իր խտացած ձեւակերպումն է ստացել հետեւեալ տողերում․ «Հիմնականը, ըստ իս, ճշմարտութիւնն է, ճշմարտութիւնը ասելու արիութիւնը, թէկուզեւ, այդ ճամփին կուռքեր տապալւեն, գմբէթներ խորտակւեն ու փլուզւեն մինչեւ այժմ հաստատուն նկատւած հիմնաքարերը։ Այդ աւերակների մէջ պէտք է գտնել մարդկութեան ծաղիկը»»,- ասաց Առաքելեանը։

Նշենք, որ գիտաժողովի կազմկոմիտէում են՝ ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արծրուն Աւագեանը, «Համազգային» հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը, Համազգայինի երեւանեան գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, ԵՊՀ դասախօս Սերժ Սրապիոնեանը, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինատիտուտի առաջատար գիտաշխատող Դաւիթ Գասպարեանը եւ այլք:

 

Լիանա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։