Հա

Մշակոյթ

30/09/2021 - 13:10

Սերժ Աւագեանի յիշատակին՝ Իրանի գրաֆիստների պաստառների խմբային ցուցահանդէս՝ «Գունաւոր պարզութիւն»

Հանրայայտ գրաֆիստ-նկարիչ Սերժ Աւագեանի մահւան առաջին տարելիցի առիթով Իրանի Գրաֆիկի թանգարանում բացումը կատարւեց իրանցի գրաֆիստների պաստառների խմբային ցուցահանդէսի:

«ԱԼԻՔ» - Հանրայայտ գրաֆիստ-նկարիչ Սերժ Աւագեանի մահւան առաջին տարելիցի առիթով Իրանի Գրաֆիկի թանգարանում բացումը կատարւեց իրանցի գրաֆիստների պաստառների խմբային ցուցահանդէսի:

Ցուցահանդէսի բացման պաշտօնական կարգը կատարւեց հինգշաբթի, 30 սեպտեմբերին, առցանց ցուցադրմամբ, որի կապակցութեամբ ցուցահանդէսի կազմակերպիչ Սանազ Արիանֆարը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Իրանի Գրաֆիկայի թանգարանում ցուցադրութեան են հանւել շուրջ 43 գրաֆիկական աշխատանքներ, որին կարելի է հետեւել Իրանի Գրաֆիստների միութեան ինստագրամային էջի միջոցով: Նա յաւելեց, որ աշխատութիւններին մօտկից ծանօթանալու համար կարելի է ցուցասրահ այցելել նաեւ պանդեմիայի դէմ միջոցները յարգելու դէպքում:

Արիանֆարը յաւելեց, «Քառասուն գրաֆիստների ուղեկցութեամբ անցկացւող «Գունաւոր պարզութիւն» ցուցահանդէսը նւիրւած լինելով Իրանի գրաֆիկայի վետերան, պրոֆեսոր Սերժ Աւագեանի մահւան առաջին տարելիցին, փորձ է արւելու յարգանքի տուրք մատուցել անւանի արւեստագէտի յիսուն տարւայ մասնագիտական գործունէութեանն ու գրաֆիստ-նկարիչների ուսուցմանը եւ բազմաթիւ ուսանողների պատրաստման փաստին»:

Արիանֆարը նշեց նաեւ, որ նախաձեռնութիւնը կայացել է Իրանի Գրաֆիստների միութեան համագործակցութեան արդիւնքում:

Նա շնորհակալութիւն յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Հայ Համալսարանականների միութեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, «Քուֆա» թւային տպարանի, եւ «Ստուդիա Ֆա» միութիւններին ու ընկերութիւններին եւ «ԱԼԻՔ» օրաթերթին ցուցաբերած աջակցութեան համար:

Ցուցահանդէսին մասնակցած գրաֆիստների թւում աչքի են ընկնում թւով չորս հայ գրաֆիստներ՝ Էդիկ Պօղոսեանը, Արա Տէր-Յարութիւնեանը, Մեդիա Կարապետեանը եւ Արփա Յակոբեանը:

Առցանց ցուցադրման (@igds հասցէով) կողքին կարելի է Իրանի Գրաֆիկայի թանգարան այցելել՝ Բաղերի մայրուղի, Էսթեղլալ բուլւար, Հիւսիսային Ղազւինի նահատակների փող., «Փարքէ փոլիս»:

Ցուցահանդէսը տեւելու է 2 շաբաթ՝ սեպտ. 30-ից հոկտ. 13-ը, կիրակի եւ հինգշաբթի օրերին՝ առաւօտեան 9:00-ից 17:00-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։