Հա

Մշակոյթ

04/10/2021 - 09:55

Նադաւ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով մեկնարկեց կինոյի տօնը՝ «Ոսկէ ծիրան» միջազգային փառատօնը

Կաննի կինոփառատօնի ժիւրիի յատուկ մրցանակակիր Նադաւ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրութեամբ հոկտեմբերի 3-ին «Մոսկւա» կինոթատրոնում մեկնարկեց Երեւանի ամենասպասւած մշակութային իրադարձութիւններից մէկը՝ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը:

«alikonline.ir» - Կաննի կինոփառատօնի ժիւրիի յատուկ մրցանակակիր Նադաւ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրութեամբ հոկտեմբերի 3-ին «Մոսկւա» կինոթատրոնում մեկնարկեց Երեւանի ամենասպասւած մշակութային իրադարձութիւններից մէկը՝ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ փառատօնի նախագահ Յարութիւն Խաչատրեանն ընդգծեց, որ մի շարք դժւարութիւններից յետոյ Հայաստանում նորից փառատօն կազմակերպելն ու համաշխարհային հիւրերի հրաւիրելը լուրջ իրադարձութիւն է: «Աշխարհի լաւագոյն ֆիլմերն ենք բերել Հայաստան: Կարծես թէ մի ժամանակ վախ կար, որ Հայաստանում ամէն ինչ կործանւում է, որ մեր երկրում ամէն ինչ դժւար է, որ այստեղ շատ են խնդիրները, բայց ամէն մէկն իր հերթին պէտք այնպէս անի, որ մարդիկ պատմեն աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է, հզօր է, ապրում է, ունի զինւոր, ունի բանւոր, աշխատաւոր եւ կինօ, որը հետաքրքրում է աշխարհի լաւագոյն ռեժիսորներին, կինեմատոգրաֆիստներին: Լաւագոյններն են եկել այստեղ, որ շնորհակալութիւն յայտնեն հրաւէրի համար»,- շեշտեց Յարութիւն Խաչատրեանը:

Նա «Փարաջանովեան թալեր» մրցանակը յանձնեց ամերիկացի նշանաւոր սցենարիստ եւ ռեժիսոր Փօլ Շրեդէրին, որը, ըստ Խաչատրեանի, ոչ միայն փայլուն ռեժիսոր է, այլեւ հրաշալի սցենարիստ, հումորով մարդ, որի հետ կինոյից դուրս էլ կարելի է ընկերութիւն անել:

Մրցանակը յանձնելուց յետոյ Յարութիւն Խաչատրեանը բեմ հրաւիրեց փառատօնի համահիմնադիրներ Միքայէլ Ստամբոլցեանին ու Սուսաննա Յարութիւնեանին, եւ երեքով ազդարարեցին «Ոսկէ ծիրանի» մեկնարկը:

«Ոսկէ ծիրանի» գեղարւեստական տնօրէն Կարէն Աւետիսեանն էլ անդրադարձաւ բացման ֆիլմին՝ նշելով, որ փնտրում էին այնպիսի կինոնկար, որում ակնյայտ կը լինէր անսահման սէրը կինոյի հանդէպ, որը նամակ, սիրոյ խոստովանութիւն կը լինէր կինոյին եւ կունենար յետպատերազմական նեարդ: «Փնտրում էինք ֆիլմ, որն ունենար ինչ-որ մի բան, որը մեզ հանգիստ չի տալիս, եւ մի բան, որը հանգիստ չի տալիս այն արւեստագէտին, որին մենք այսօր կոչելու ենք վարպետ, քանի որ համոզւած ենք՝ վարպետն այն մարդն է, որը յաղթահարում է եւ օգնում է, որ մենք եւս յաղթահարենք, կոտրում է սահմաններն ու դռներ բացում»,- շեշտեց Աւետիսեանը՝ բեմ հրաւիրելով իսրայէլցի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Նադաւ Լապիդին, որին յանձնեց «Ոսկէ ծիրանի» «Վարպետ» մրցանակը:

Լապիդի խօսքով՝ նման մրցանակի արժանանալն իր համար հաճելի անակնկալ էր: «Չափազանց ուրախ եմ, որ Երեւանում եմ: Երրորդ տարին է՝ փորձում էի գալ Հայաստան. 2019-ին իմ «Հոմանիշներ» ֆիլմն էր ցուցադրւում «Ոսկէ ծիրանի» շրջանակում: Այդ տարի ֆիլմի ամերիկեան թողարկումն էր, այդ իսկ պատճառով հայրս մասնակցեց փառատօնին, իսկ 2020-ին «Ոսկէ ծիրանն» առցանց էր արտասահմանցի հիւրերի համար: Վերջապէս այստեղ եմ ու երջանիկ եմ այդ կապակցութեամբ»,- պատմեց Լապիդը:

Ռեժիսորը շեշտեց, որ իր ֆիլմերը խօսում են յետպատերազմական փուլերի, դաժանութեան, վայրագութիւնների մասին: ««Ահեդի ծունկը» ֆիլմում այդ ամէնն առօրեայի մի մաս է: Ես չեմ ցանկանում, որ նման բանն այստեղ դառնայ առօրեայ երեւոյթ: Յուսով եմ, որ մեզ կը միաւորեն ոչ թէ կոնֆլիկտենրը, այլ սէրը դէպի կինոն»,- եզրափակեց Լապիդը:

Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը 2021-ին կանցկացւի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատօնի շրջանակում նախատեսւում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանւած ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողութիւնների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետութեան դասեր կանցկացնեն:

«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը Երեւանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձութիւններից է: Հիմնւել է 2004 թւականին` «Ոսկէ ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկէ ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը, կինոքննադատներ Միքայէլ Ստամբոլցեանը եւ Սուսաննա Յարութիւնեանը։

Փառատօնն իրականացւում է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։