Հա

Մշակոյթ

12/10/2021 - 12:05

«Մենք կը վերադառնանք. փրկւած պատառիկներ». ցուցահանդէս Ստեփանակերտում

«Եւրոպա» հիւրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կը վերադառնանք. փրկւած պատառիկներ» ցուցահանդէսի բացմումը, որտեղ հոկտեմբերի 11-ից մինչեւ նոյեմբերի 11-ի ներկայացւած են լինելու 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթւած տարածքներից փրկւած հոգեւոր եւ մշակութային արժէքներ:

«alikonline.ir» - «Եւրոպա» հիւրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կը վերադառնանք. փրկւած պատառիկներ» ցուցահանդէսի բացմումը, որտեղ հոկտեմբերի 11-ից մինչեւ նոյեմբերի 11-ի ներկայացւած են լինելու 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթւած տարածքներից փրկւած հոգեւոր եւ մշակութային արժէքներ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ցուցահանդէսը կազմակերպւել է «Մշակութային ժառանգութեան հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի եւ «Եւրոպա» հիւրանոցի համատեղ ջանքերով:

Ցուցահանդէսին ներկայ էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը, Մշակութային ժառանգութեան հանրային խորհրդի նախագահ Սերգէյ Շահվերդեանը, խորհրդի անդամներ՝ Լեռնիկ Յովհաննիսեանը, Յովիկ Աւանէսովը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգեւոր հովիւ, Արցախի թեմի հոգեւոր սպասաւոր Տէր Անդրէաս քահանայ Թաւադեանը, մշակոյթի ոլորտի ներկայացուցիչներ, հիւրեր:

«Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արմինէ Հայրապետեանը նշեց, որ փրկւած պատառիկներից իւրաքանչիւրն ունի իր հետաքրքիր ճակատագիրը:

«Ես ուզում եմ հաւատալ, որ մի գեղեցիկ օր, այս պատառիկներից իւրաքանչիւրը կը վերադառնա իր տեղը»,- ասել է նա:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը նշեց, որ իւրաքանչիւր ցուցանմուշի մէջ կայ մեծ լռութիւն, որի մէջ սոսկալի աղաղակ կայ ու այդ աղաղակը մեզ աւելի թշւառ է դարձնում:

«Մենք թշւառ չէինք, բայց թշւառ է դարձնում ու այդ էպիզոդիկ թշւառութիւնն իրականում մեզ դարձնում է վրէժխնդիր, լցնում ատելութեամբ, մղում խիզախման եւ չնայած այս հակասական զգացողութիւններին՝ պարուրում յետ վերադառնալու զգացումով»,- ասել է նա:

Մշակութային ժառանգութեան հանրային խորհրդի նախագահ Սերգէյ Շահվերդեանն ասաց, որ իրենց նախաձեռնութեանը միանգամից արձագանգեցին պետական մարմիններն ու բազմաթիւ անհատ անձինք:

«Ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մենք հասկացանք, որ փրկւած պատառիկները միայն մեր ձեռքի տակ եղածը չէին, որովհետեւ բազմաթիւ մարդիկ սիրով տրամադրեցին իրենց կողմից փրկւած նմուշները»,- նշել է նա:

Սերգէյ Շահվերդեանը յոյս յայտնեց, որ դեռեւս կը գտնւեն այլ «փրկւած պատառիկներ», որոնք տեղ կը գտնեն ներկայացւած ցուցանմուշների կողքին:

 

Վահագն Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։