Հա

Մշակոյթ

13/10/2021 - 11:30

Թողարկւել է Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած յուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը 2021 թւականի հոկտեմբերի 13-ից շրջանառութեան մէջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեակ» արծաթէ յուշադրամը:

«alikonline.ir» - ՀՀ կենտրոնական բանկը 2021 թւականի հոկտեմբերի 13-ից շրջանառութեան մէջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեակ» արծաթէ յուշադրամը. յայտնում է ՀՀ կենտրոնական բանկը: 

Ալեքսանդր Սպենդիարեանը (1871-1928 թթ.) հայ մեծանուն կոմպոզիտոր է, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926 թ.): 

1892-1894 թթ. կոմպոզիցիայի տեսութիւն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու մօտ` Մոսկւայում, 1896-1900 թթ.` Ն. Ռիմսկի-Կորսակովի մօտ` Պետերբուրգում: Ապրել է Ղրիմում, ծաւալել է դիրիժորական եւ երաժշտահասարակական գործունէութիւն: Որպէս կոմպոզիտոր ձեւաւորւել է ռուսական եւ հայկական մշակոյթների ազդեցութեամբ։

1924 թ-ից Սպենդիարեանը ապրել է Երեւանում: Այդ շրջանում ստեղծել է «Երեւանեան էտիւդները» եւ աւարտին հասցրել հայկական երաժշտական թատրոնի լաւագոյն ստեղծագործութիւններից մէկը՝ «Ալմաստ» հերոսահայրենասիրական օպերան (ըստ Յ. Թումանեանի «Թմկաբերդի առումը» պոէմի, լիբրետոն` Ս. Պարնոկի):

Սպենդիարեանը մեծ դեր է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի ձեւաւորման գործում՝ հարստացրել է հայկական երաժշտութիւնը նոր թեմաներով, ընդարձակել ժանրերը, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին։ Նրա «Ղրիմի էսքիզները», «Երեք արմաւենի», «Երեւանեան էտիւդները» եւ այլ սիմֆոնիկ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտութեան դասական նմուշներ են:

Երեւանում ստեղծւել է Սպենդիարեանի տուն-թանգարանը: Կոմպոզիտորի անունն են կրում Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը (1933 թ.) եւ թիւ 1 երաժշտական դպրոցը: 

Դիմերես՝ Սպենդիարեանի յուշարձանը (քանդակագործներ` Ա. Սարգսեան, Ղ. Չուբարեան, ճարտարապետներ` Գ. Աղաբաբեան, Ֆ. Դարբինեան, 1953 թ.)` Օպերայի եւ բալետի թատրոնի շէնքի (ճարտարապետ` Ա. Թամանեան, 1932 թ.) ֆոնին, եւ պարուհի:

Դարձերես՝ Սպենդիարեանի դիմապատկերը, «Երեք արմաւենի» ստեղծագործութեան նոտաների էջեր, ջութակի, թանաքամանի եւ արմաւենիների ոճաւորւած պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանեան:

Յուշադրամը հատւել է Լիտւայի դրամահատարանում:

Յուշադրամի տեխնիկական չափանիշները

Անւանական արժէքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 33,6 գ

Տրամագիծը՝ 40,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնաւոր

Թողարկման քանակը՝ 500 հատ

Թողարկման տարեթիւը՝ 2021

Ծանուցում

Յուշադրամները թանկարժէք մետաղներից պատրաստւած դրամներ են, որոնք թողարկւում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժէքները հասարակութեանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով յաւերժացնելու, ինչպէս նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բաւարարելու նպատակով:

Ինչպէս ցանկացած դրամ, յուշադրամներն ունեն անւանական արժէք, որով եւ ներկայանում են որպէս վճարամիջոց: Սակայն յուշադրամների անւանական արժէքը շատ աւելի ցածր է ինքնարժէքից, որը բաղկացած է յուշադրամի պատրաստման համար օգտագործւած թանկարժէք մետաղի արժէքից, արտադրութեան եւ այլ ծախսերից: Ցածր անւանական արժէքն ու բարձր ինքնարժէքը հնարաւորութիւն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թէ որպէս դրամաշրջանառութեան մէջ օգտագործւող վճարամիջոց, այլ որպէս հաւաքորդական առարկայ: Յուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանւած վաճառքի գին:

Յուշադրամները՝ հանդիսանալով հաւաքորդական առարկայ, թողարկւում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկւում:

Դրամագէտները, հաւաքորդներն ու պարզապէս ցանկացողները կարող են գնել ՀՀ յուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագէտ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։