Հա

Մշակոյթ

13/10/2021 - 13:05

«Այդ գիշեր հնչած ծափողջոյններն իմ ծննդեան նւէրն էին...». Մայեստրօն 84-ամեակը բոլորում է այսօր

Լորիս Ճգնաւորեանը հայրենիք եկաւ ճիշտ այն ժամանակ, երբ հայրենի հողը տնքում էր աշխարհաւէր երկրաշարժի վէրքերից, երբ սկիզբ էր առել Արցախեան ազգային ազատագրական շարժումը, եւ փոթորկւում էր Ազատութեան հրապարակը բազմահազարանոց հանրահաւաքներից: Եկաւ ակամայ մասնակիցն ու աջակիցը դառնալու այդ ամենին: Իսկ բուն առաքելութիւնը Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարի ու գլխաւոր դիրիժորի պաշտօնի ստանձնումն էր, որ դժւարին ժամանակներում պսակւելու էր իր շահեկան գործունէութեամբ: Մայեստրոյի 84-ամեակը բոլորում է այսօր:

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

 

Լորիս Ճգնաւորեանը հայրենիք եկաւ ճիշտ այն ժամանակ, երբ հայրենի հողը տնքում էր աշխարհաւէր երկրաշարժի վէրքերից, երբ սկիզբ էր առել Արցախեան ազգային ազատագրական շարժումը, եւ փոթորկւում էր Ազատութեան հրապարակը բազմահազարանոց հանրահաւաքներից: Եկաւ ակամայ մասնակիցն ու աջակիցը դառնալու այդ ամենին: Իսկ բուն առաքելութիւնը Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարի ու գլխաւոր դիրիժորի պաշտօնի ստանձնումն էր, որ դժւարին ժամանակներում պսակւելու էր իր շահեկան գործունէութեամբ: Մայեստրոյի 84-ամեակը բոլորում է այսօր:

Ինչպէս ինքն էր վերյիշում՝ եղեռնից մազապուրծ ու արհաւիրքների միջով անցած ծնողների զաւակ է, որոնք եկել ու հանգրւանել էին Իրանի Բորուջերդ քաղաքում: Այստեղ էլ ծնւել է ապագայ երաժիշտը, ուսանել Թեհրանի կոնսերւատորիայի ջութակի բաժնում, ապա աւարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի եւ կոմպոզիցիայի բաժինները: Թւում է, թէ նման կրթութեամբ կարող էր եւ բաւարարւել, սակայն ստացածով չէր գոհանալու՝ կատարելագործման կուրսեր է անցնում Զալցբուրգի Մոցարտեումում՝ Կարլ Օրֆի մօտ, այնուհետեւ՝ Միչիգանի համալսարանի դիրիժորական բաժնում: Ուսումնառութեան աւարտից կարճ ժամանակ անց նշանակւում է Իրանի մշակոյթի նախարարութեան ժողովրդական երաժշտութեան արխիւի տնօրէն եւ ներկայացուցիչ-կոմպոզիտոր, յաջորդաբար՝ մայրաքաղաքի օպերային թատրոնի գլխաւոր դիրիժոր, «Փեհլեւի» մշակութային հիմնադրամի գլխաւոր երաժշտական տնօրէն: Նշեալ ասպարէզներում հնգամեայ աշխատանքին յաջորդում է գործունէութիւնը Վիեննայում, Նիւ Եօրքում, Լոնդոնում: 1978 թ. Լոնդոնում հիմնում է Հայ երաժշտութեան ինստիտուտը՝ անչափ կարեւոր մի նախաձեռնութիւն՝ ի շահ հայ երգարւեստի ու երաժշտութեան:

Սակայն գալու էր նաեւ հայրենիքում գործելու պահը . յետերկրաշարժեան առաջին տարին Լորիս Ճգնաւորեանի կեանքում նշանաւորւելու էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարի ու գլխաւոր դիրիժորի պաշտօնում հաստատւելով: Իսկ այդ ժամանակները ենթադրում էին առկայ բազմաբնոյթ դժւարութիւններ, միջոցների բացակայութիւն, կազմակերպչական հզօր ջիղ: Մայեստրօն կոչւած էր յաղթահարելու այդ ամենը: Եւ դա նրան յաջողւեց: Կազմակերպեց սիմֆոնիկ երաժշտութեան հնչեղ փառատօներ՝ «Աշխարհը եւ մենք», «Արամ Խաչատրեան-90», «Եղեռնից մինչեւ անկախութիւն», համերգաշար՝ «Հոգեւոր երաժշտութեան ժամ» խորագրով: Նւիրական գործունէութեան մի շրջան, այնուհետեւ երկրաշարժի աղէտեալներին օգնելու նպատակամղումով՝ ոտքով ուխտագնացութիւն դէպի Գիւմրի: Արդիւնքում 1992-ին կեանքի է կոչւում արհեստների ու արւեստների աւերակւած քաղաքի մշակութային ակադեմիան: Նոյն թւականին մայրաքաղաքում ստեղծում է Երիտասարդական սիմֆոնիկ նւագախումբը, երկու տարի անց՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը: Թւարկելն ու ասելը հեշտ է, մինչդեռ պատկերացնել է պէտք գործադրած այն բոլոր ջանքերն ու եռանդը այս ամէնն իրագործելու համար: Վերյիշենք նաեւ աղէտալի ժամանակը՝ երկրաշարժից պատուհասւած երկիր, փլուզւած տնտեսութիւն, դաժան պատերազմ, շրջափակում…

Հարուստ է եռանդուն արւեստագէտի նաեւ ստեղծագործական ներկապնակը. երեք օպերա՝ «Աղաւնու վանքը», «Ռոստամ եւ Զոհրաբ», «Փարդիս եւ Փարիսա», նոյնքան բալետներ՝ «Ֆանտաստիկ», «Սիմորգ», «Օթելլո», հինգ սիմֆոնիա, օրատորիաներ, կոնցերտներ, նւագախմբային սիւիտներ, խմբերգեր, կինոերաժշտութիւն: Հիրաւի, պատկառելի վաստակ:

Իր կոթողային ստեղծագործութեան՝ «Ռոստամ եւ Զոհրաբի» առաջին ներկայացման առիթով ասւած մայեստրոյի խօսքով էլ ամփոփենք. «Երբ երկար ջանքերից յետոյ ինձ յաջողւեց այն ներկայացնել Թեհրանի «Վահդաթ» համերգասրահի բեմից, չէի էլ պատկերացնում, որ լեփլեցուն դահլիճի ականատեսը կը լինեմ, եւ երաժշտասէրները երկու ժամ շարունակ քար լռութեամբ կունկնդրեն այն: Այդ գիշեր հնչած ծափողջոյններն իմ ծննդեան նւէրն էին, եւ ես ինձ բախտաւորների շարքին եմ դասում»:

Մենք էլ երախտագիտութեամբ շնորհաւորենք 84-ամեայ մայեստրոյին, ով իր բաժին նւիրումը ընծայաբերեց հայրենիքին մեզ համար ամենադժւարին ժամանակներում:

 

«Արմէնպրես»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։