Հա

Մշակոյթ

17/10/2021 - 12:05

««Ադրբեջանական ճանապարհները» եւ վտանգւած հայկական մշակութային ժառանգութիւնը». Monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«alikonline.ir» - Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թւականի 44-օրեայ պատերազմի աւարտից գրեթէ անմիջապէս յետոյ Ադրբեջանն Արցախի գրաւեալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների եւ ենթակառուցւածքների ստեղծումն է:

Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաեւ գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչւել է «Յաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական զօրքը, յատուկ ջոկատայինները հարթել են Շուշին «ազատագրելու» համար: Ճանապարհին այս անւանումը տրւել է Իլհամ Ալիեւի կողմից, իսկ հիմնարկէքը կատարւել է 2020 թւականի նոյեմբերի 16-ին: Այն լինելու է Բաքուն Շուշիին ուղիղ կապող նոր ճանապարհ, որը, ինչպէս նշում է ադրբեջանական կողմը, շրջանցելու է ռուսական խաղաղապահների եւ հայերի վերահսկողութեան տակ գտնւող տարածքները (lenta.ru):

Համաձայն ադրբեջանական լրատւական կայքերի տարածած տեղեկատւութեան՝ «Յաղթանակի ճանապարհը» պէտք է միաւորի Ֆիզուլիի շրջանը Ֆիզուլի շրջկենտրոնով Շուշի քաղաքի հետ։ Նրա երկարութիւնը կազմելու է 101,5 կմ: Այն անցնելու է 20 բնակավայրով, այդ թւում՝ Տող, Մեծ Թաղեր, Աւետարանոց, Սղնախ, Քարին Տակ բնակավայրերը, որոնց անւանումները ուղղակի յիշատակւում են ճանապարհի մասին լրատւական տեսանիւթերում:

Այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կատարում է նաեւ Ֆիզուլի-Շուշի մէկ այլ մեծ ճանապարհի շինարարութիւն, որը որոշ տեղերում խաչւելու է «Յաղթանակի ճանապարհին»: Առաջին ճանապարհն ունենալու է երթեւեկելի երկու գօտի, իսկ երկրորդը՝ վեց գօտի: Ճանապարհների շինարարութիւնը կատարում են ադրբեջանական եւ թուրքական ճանապարհաշինարարական ընկերութիւններ, որոնցից ադրբեջանականները գործում են պետական մարմիններին առընթեր, իսկ թուրքականներն ունեն բարդ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու մեծ փորձ: Այդպիսիններից են Azvirt, «KOLİN» İnşaat Turizm San. եւ այլ կազմակերպութիւնները:

Ճանապարհաշինարարական այս երկու նախագծերը մեծ վտանգ են պարունակում Արցախի գրաւեալ տարածքների յուշարձանների համար, քանի որ ադրբեջանական կողմը կատարում է ահռելի հողային եւ մասնաւորապէս շրջակայ լանդշաֆտի, ռելիեֆի փոփոխմանը միտւած աշխատանքներ՝ ելնելով կառուցւելիք ճանապարհների նախագծերից: Մասնաւորապէս հատւում են մեծ թւով ծառեր, կատարւում են հարթեցման, լայնացման մեծածաւալ աշխատանքներ, պայթեցումներ, քանդւում են ճանապարհին խոչընդոտ բոլոր շինութիւնները, կառոյցները կամ էլ վտանգ է ստեղծւում դրանց համար: Այստեղ պէտք է նշել, որ նման վտանգի տակ են բոլոր յուշարձանները, որոնց շուրջ կամ մօտ ադրբեջանական կողմը կատարում է ճանապարհաշինարարական կամ այլ բնոյթի աշխատանքներ:

Նման կերպ վտնագւած է Մոշխմհատ գիւղից ոչ հեռու գտնւող Թուխնակալ ապարանքը, Հեղինէի Քոյր սրբատեղին, Մադաթաշէն գիւղի Ս․ Աստւածածին եկեղեցին, գերեզմանատունը եւ Աւետարանոց գիւղի կամուրջը (Աւետարանոցի հին կամուրջ - Monument Watch)։ Մեծ թաղեր գիւղի մօտ՝ Իշխանագէտ գետի վրայ կառուցւած Տահիսի կամուրջը եւ այլն: Աւերւել է նաեւ Ազոխ գիւղի հայրենական մեծ պատերազմում զոհւածների, ցեղասպանութեան զոհերի եւ արցախեան ազատամարտում զոհւածների յուշահամալիրը։

Սղնախ գիւղի հատւածում կառուցւում են ստորգետնեայ մեծ թունելներ: Ճանապարհա-շինարարական այդպիսի «խոչընդոտի» վերացման թարմ արդիւնք է Սղնախ գիւղի գերեզմանոցի աւերումը։ Ոչնչացւել եւ հարթեցւել են Մեծ Թաղեր գիւղի հիւսիս-արեւմտեան մեծ գերեզմանատան եւ «Մակուն» կամուրջի տարածքները։

Ըստ ադրբեջանական պաշտօնական աղբիւրների առաջինը շահագործման կը յանձնւի «Յաղթանակի ճանապարհը», դա տեղի կունենայ աշնանը:

 

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի արձագանգը՝ սկզնազբիւր կայքում։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։