Հա

Մշակոյթ

02/11/2021 - 09:50

Բացւել է «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը

Հայաստանի նկարիչների միութեան դահլիճում բացւել է հայ նկարիչների «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը: 

«alikonline.ir» - Հայաստանի նկարիչների միութեան դահլիճում բացւել է հայ նկարիչների «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը: Այդ մասին յայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան պաշտօնական կայքը:

Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Սուրէն Սաֆարեանի խօսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփւում է երկար ամիսների աշխատանքը, եւ նոր գաղափարների եւ ծրագրերի հիմք է դրւում:

«Նկարիչների միութիւնը կարեւորում է նմանօրինակ համագործակցութիւնները տարբեր հաստատութիւնների հետ, քանի որ այսպիսի գործակցութեան արդիւնքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արւեստագէտների փորձի փոխանակման, միմեանց հետ ցուցադրւելու, բարեկամանալու: Այսօրւայ մեր ցուցահանդէսը դրա վառ ապացոյցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականութեան միջոցով: Այնուհետեւ 7 մասնակից նկարիչներ հնարաւորութիւն կը ստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու եւ ստացած տպաւորութիւններով եւ նիւթերով Հայաստանում ստեղծագործելու արդէն նոր ցուցահանդէսի համար»,- նշել է Սուրէն Սաֆարեանը եւ յաւելել, որ բազմաթիւ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայի հետ, ով պատրաստակամութիւն է յայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալութիւն է յայտնել կողմերին նման ցուցադրութիւն կազմակերպելու համար եւ ընդգծել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ եւ բարեկամական: Դեսպանը կարեւորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողութեան մակարդակի բարձրացումը եւ այդպիսի ցուցադրութիւնների կազմակերպումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալեանը նոյնպէս շնորհաւորել է ներկաներին ցուցադրութեան բացման կապակցութեամբ եւ նշել, որ ցուցադրութիւնը բաւականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձեւաւորւել է գրականութեան, երաժշտութեան եւ մշակոյթի այլ ոլորտների ազդեցութեամբ, եւ առաջիկայում մեր արւեստագէտներին հնարաւորութիւն կը տրւի հէնց Իրանում ճանաչել Իրանը:

«Ուրախութեամբ պէտք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ակտիւանում են. տարեսկզբին Գեղագիտութեան ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցաւ իրանական ֆիլմերի ցուցադրութիւն՝ լեփ-լեցուն դահլիճով, եւ այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրութիւնը»,- նշել է Արա Խզմալեանը եւ կարեւորել հասարակական կառոյցների միջեւ երկուստեք համագործակցութիւնը:

Ողջունելով արւեստասէրներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբան շնորհակալութիւն է յայտնել համատեղ ցուցադրութեան կազմակերպման համար եւ յաւելել, որ նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակոյթը:

Ցուցահանդէսի շրջանակում տեղի է ունեցել յուշագրի ստորագրում Հայաստանի նկարիչների միութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նկարիչ արւեստագէտների միութեան միջեւ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։