Հա

Մշակոյթ

04/11/2021 - 10:55

«Իրանի արեւը». հայ գրողները՝ Իրանի մասին

Հայաստանի գրողների միութիւնը, Էդւարդ Միլիտոնեանի նախաձեռնութեամբ սկսում է նոր ՝«Մենք եւ աշխարհը» գրական նախագիծը, որը կը ներկայացնի հայ դասական եւ ժամանակակից գրողների գործերը տարբեր երկրների ու ժողովուրդների գրական մշակոյթների մասին:

«alikonline.ir» - Հայաստանի գրողների միութիւնը, Էդւարդ Միլիտոնեանի նախաձեռնութեամբ սկսում է նոր ՝«Մենք եւ աշխարհը» գրական նախագիծը, որը կը ներկայացնի հայ դասական եւ ժամանակակից գրողների գործերը տարբեր երկրների ու ժողովուրդների գրական մշակոյթների մասին: Տեղեկացնում է 1lurer.am-ը:

Առաջինն այս շարքում «Իրանի արեւը» ժողովածուն է, որը ներկայացնում է 22 հայ հեղինակների ստեղծագործութիւնները՝ նւիրւած Իրանին. արձակ, պոեզիա, խոհագրութիւններ ու գրախօսականներ, որոնք երկու գրական մշակոյթների փոխառնչութիւնների լաւագոյն վկայութիւնն են:

Գրողների միութեան նախագահն արձանագրում է՝ անկախութեան շրջանում երկկողմ գրական կապերը միայն վերելք են ապրել:

Էդւարդ Միլիտոնեան (Հայաստանի գրողների միութեան նախագահ) - Նախաձեռնութեանը ջերմօրէն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, եւ գիրքը հրատարակւել է մշակոյթի կենտրոնի աջակցութեամբ: Խորհրդական Թաբաթաբայիի գնահատմամբ՝ նոր հաւաքական ժողովածուն անկարող է ընդգրկել երկու մեծ գրականութիւնների ու փոխազեցութիւնների ամբողջ ծաւալը, ուստի նա լիայոյս է, որ նոր ձեռնարկը շարունակական կը լինի: Իսկ դեսպան Զոհուրին առանձնայատուկ կարեւորութիւն է տալիս նախաձեռնութեանը:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան) - Նման միջոցառումներն օգնում են ճանաչել մեր մշակոյթները, եւ այդ իմաստով այս նախագիծն ինքնին խիստ արժէքաւոր է: Այսպիսի գրքերի միջոցով մենք պէտք է բարձրացնենք նոր սերնդի տեղեկացւածութիւնը երկու հարեւան երկրների բազմամշակութային գործակցութեան եւ դարաւոր պատմութեան մասին: Ուզում եմ իմ շնորհակալութիւնը յայտնել նախաձեռնողներին եւ, մասնաւորապէս, մեր մշակոյթի կենտրոնին՝ ցուցաբերած աջակցութեան համար:

«Մենք եւ աշխարհը» շարքում «Իրանի արեւին» կը յաջորդեն նոր գրքեր՝ նւիրւած Ֆրանսիային, Ռուսաստանին, Վրաստանին եւ քաղաքակրթական մեծ ժառանգութիւն ունեցող այլ երկրների:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։