Հա

Մշակոյթ

08/11/2021 - 10:20

Սպիտակ խաչ վանքը՝ ադրբեջանական քարոզչութեան թիրախում

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական կայքերից մէկի կողմից տեսանիւթ է հրապարակւել, որտեղ կրկին ցուցադրւում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացութիւն» Հադրութի Ս. Յարութիւն եկեղեցի եւ Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու՝ Վանք գիւղի Սպիտակ խաչ վանք:

«alikonline.ir» - Նոյեմբերի 5-ին ադրբեջանական կայքերից մէկի կողմից տեսանիւթ է հրապարակւել, որտեղ կրկին ցուցադրւում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացութիւն» Հադրութի Ս. Յարութիւն եկեղեցի եւ Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու՝ Վանք գիւղի Սպիտակ խաչ վանք:

Արցախի «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութեան» ֆէյսբուքեան էջում նշւում է, որ համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին եւ նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղւանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Հարցազրոյցում Ռոբերտ Մոբիլին խօսելով այսպէս ասած «վնասների մասին», որ իբր թէ ստացել էր «աղւանական մշակութային ժառանգութիւնը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թէ իբր հայերը աղւանական-ուդիական եկեղեցիների պատերին աւելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, աւելացրել հայկական գրեր եւ դա արւել է աղւանական հետքերը ջնջելով: Եւ գրեթէ միշտ աւելացնում է, որ իրենք պէտք է նախնական, ասել է թէ, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգութեան տեղիք է տալիս: Ռոբերտ Մոբիլին հարցազրոյցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալութիւն յայտնել շեհիդներին, իրենց «սրբազան վայրերը» ազատագրելու համար: Եթէ Ռոբերտ Մոբիլին իրաւամբ հոգեւոր արժէքների կրող լինէր, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնայ ադրբեջանական կրկեսի ծաղրածու:

Մինչեւ 2020 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսւած էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամեանի միջոցներով: Իրականացւել էին մաքրման ու նախապատրաստական աշխատանքներ շինաշխատանքները սկսելու համար, ինչը յստակ երեւում է նաեւ տեսանիւթի մէջ»,- նշում են «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւնից»՝ ներկայացնելով Սպիտակ խաչ վանքի մասին պատմական տւեալները:

Աւանդութեան համաձայն Վանքի Սպիտակ խաչ անւանումը կապւում է Սուրբ Գրիգորիսի լանջական բիւրեղեայ խաչի հետ: Նահատակութիւնից յետոյ, նրա հայրապետական գաւազանը եւ բիւրեղեայ խաչը սկզբնապէս պահւում էին Ամարասում, որտեղ ամփոփւած էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց յետոյ, այդ սրբութիւնները տեղափոխւել են Գտչավանք, իսկ բիւրեղեայ սպիտակ խաչը` Հադրութին մօտ գտնւող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անւանումը:

Ըստ Սարգիս Ջալալեանցի, ի պատիւ այս խաչի, այստեղ կառուցւել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ եւ ինքնուրոյն թեմ յատկացրել։ Եւ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտաւորների համար: Գիւղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից:

Վանքի հիմնադրման ստոյգ թւականը յայտնի չէ, ամենավաղ արձանագրութիւնը թւագրւում է 14-րդ դարով, աւելի կոնկրետ 1333 թւականով: Արձանագրութիւնը պահպանւել է եկեղեցու ներսում` հիւսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թւ. ՉՁԲ» (1333):

Ի դէպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրութիւններով, եւ այդ արձանագրութիւնների մէջ խօսւում է վանքի հետագայ վերանորոգումների մասին:

Եկեղեցին միանաւ թաղակապ սրահ է, որին արեւմուտքից միանում է ուղղանկիւն գաւիթը: Ընդ որում, գաւիթն ու եկեղեցին իրարից բաժանւած չեն, ունի մէկ մուտք, որը բացւում է արեւմուտքից: Առկայ են երկու փոքր պատուհաններ՝արեւմտեան եւ հիւսիսային կողմերում։ Արեւմտեան պատուհանի քարի վրայ նոյնպէս պահպանւել է արձանագրութիւն՝ «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․ ։Ռ/ՃԽԳ» (1694):

Եկեղեցու տանիքին տեղադրւած է վեց սիւններից բաղկացած, բրգաձեւ ծածկով զանգակատուն-ռոտոնդան, որի մասին շինարարական արձանագրութիւնը պահպանւել է եկեղեցու մուտքի հարաւահայեաց կողին … «Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին»:

Եկեղեցուց հարաւ-արեւելք հիւրատունն է մուտքի բարաւորին պահպանւած արձանագրութեամբ. «Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թւին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ»։ Հիւրատան կողքին էլ պահպանւել են երկու վիմափոր խցեր:

Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիւ տապանաքարեր պահպանւած արձանագրութիւններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղւած են նաեւ եպիսկոպոսների աճիւններ:

Արցախի որմնափակ խաչքարերից մէկը գտնւում է հէնց այստեղ:

 

Լուսանկարը՝ Գայանէ Բուդաղեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։