Հա

Մշակոյթ

16/11/2021 - 11:10

Հայերէն լեզւով լոյս է տեսել Թեհրանի համալսարանի նշանաւոր պրոֆեսոր եւ իրանցի յայտնի գրող, թարգմանիչ, դոկտոր Շաֆիի Քադքանիի «Պարսից պոէզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչեւ միապետութեան անկումը)» գիրքը

Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւններն ունեն հազարաւոր տարիների պատմութիւն։ Մարաստանի կայսրութեան փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջեւ հաստատւել են մշակութային եւ պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից յետոյ բարիդրացիական յարաբերութիւններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետութիւնը մեծապէս կարեւորում է կապը Իրանի հետ եւ վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւններն ունեն հազարաւոր տարիների պատմութիւն։ Մարաստանի կայսրութեան փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջեւ հաստատւել են մշակութային եւ պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից յետոյ բարիդրացիական յարաբերութիւններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետութիւնը մեծապէս կարեւորում է կապը Իրանի հետ եւ վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Այս մասին տեղեկացնում է m.shamshyan.com-ը:

Հայաստանի անկախացումից յետոյ Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատւել սերտ, բարիդրացիական յարաբերութիւններ բոլոր բնագաւառներում: Արդիւնաւէտ համագործակցութիւն ծաւալւեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանութեան, առողջապահութեան, գիւղատնտեսութեան, գիտութեան, կրթութեան, մշակոյթի բնագաւառներում, ինչպէս նաեւ միջմարզային գործակցութեան ոլորտում: Սկսեցին կեանքի կոչւել ռազմավարական բնոյթի նախագծեր: Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակոյթի, գիտութեան կրթութեան, արդիւնաբերութեան եւ այլ ոլորտներում: Եւ ահա հաշւի առնելով այս ամէնը խօսենք մի շատ հետաքրքիր գրքի հրատարակութեան, թարգմանութեան ու շնորհանդէսի մասին:

Այսպիսով՝ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի եւ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի սերտ համագործակցութեան արդիւնքում հայ ընթերցողի դատին է յանձւել իրանական արդի գրականագիտութեան անւանի ներկայացուցիչ Շաֆիի Քադքանիի «Պարսից պոէզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչեւ միապետութեան անկումը)» գիրքը: Գրքի թարգմանիչն է Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի դասախօս բանասիրական գիտութիւնների թեկնածու Գառնիկ Գէորգեանը: Նշենք, որ գիրքը Գառնիկ Գէորգեանի առաջին թարգմանւած աշխատութիւնն է, նրա «Պարսից պատմավէպի զարգացման միտումները յետյեղափոխական Իրանում (1980-2010թթ.)» մենագրութիւնից յետոյ: Գիրքը թարգմանւել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի նախաձեռնութեամբ ու Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի եւ Արեւելագիտութեան ֆակուլտետի գիտական խորհրդի գրքի հրատարակութիւնը երաշխաւորելու համար:

Խօսելով գրքի բովանդակութեան ու կառուցւածքի մասին կարող ենք, նշել, որ հեղինակն իր ուսումնասիրութեան մէջ պարսկական պոէզիան դասակարգել է ըստ վերոյիշեալ ժամանակաշրջանների՝ նախասահմանադրական ժամանակաշրջան, Ռեզա շահի դարաշրջան (1920-1941), 1941 թւականի սեպտեմբերից մինչեւ 1953 թւականի օգոստոսի 19-ի յեղաշրջումը, այս յեղաշրջումից մինչեւ 1961 թւականը,1961-ից մինչեւ 1970 թւականը, 1970-ից (զինւած պայքարի գագաթնակէտը) մինչեւ 1978-ը (իշխանութեան անկումը), եւ իր արժէքաւոր աշխատանքում ուսումնասիրել ու քննարկել է պարսից յայտնիներին, պոէզիայում գերիշխող հիմնական հարցերի տեսանկիւնից, ինչպիսիք են՝ մտածողութիւնը, կառուցւածքը, ճանաչողութիւնը, ինչպէս նաեւ պոէզիայի տեխնիկան, փոփոխման, զարգացման գործօնները, դրա սոցիալական, մշակութային քաղաքական եւ պատմական հարթութիւնները: Այսպիսով՝ սոյն թւականի նոյեմբերի 15-ին Երեւանի Քաղաքապետարանի Աւետիք Իսահակեանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսը: Սա տեղի ունեցաւ «Իրանական ժամանակակից գրականութեան օրեր» ծրագրի շրջանակներում:

Շնորհանդէսին մասնակցում էին գրականագէտներ, թարգմանիչներ, իրանագէտներ ուսանողներ: Բացման ու ողջոյնի խօսքով հանդէս եկաւ, ինչպէս նաեւ շնորհանդէսը վարում էր Երեւանի քաղաքապետարանի «Աւետիք Իսահակեանի անւան Կենտրոնական գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրէն, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յասմիկ Կարապետեանը: Բացելով միջոցառումը նա մի քանի խօսքով ներկայացրեց միջոցառումն ու նպատակներն, ինչպէս նաեւ նշեց, որ մեր երկրում յայտարարւած է իրանական գրականութեան շաբաթ, որի շրջանակում կազմակերպւելու են տարաբնոյթ միջոցառումներ, մասնաւորապէս՝ գրքերի ցուցադրութիւններ, տեղի են ունենալու շնորհանդէսներ եւ այլն:

Այս միջոցառումները տեղի են ունենալու Հայաստանի Գրողների միութեան հետ համատեղ համագործակցութեան շրջանակներում: Իսկ խօսելով գրքի թարգմանութեան ու հրատարակութեան նպատակի մասին, նա նշեց, որ սա կատարւել է հայ ընթերցողներին ու ուսանողներին իրանական ժամանակակից պոէզիայի ու գրականութեան հետ ծանօթացնելու նպատակով: Իր խօսքի վերջում նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր կազմակերպիչներից ու ներկաներից այս գեղեցիկ ծրագրին մասնակցելու համար, իսկ ուսանողներին հրաւիրեց գրադարան մասնագիտական գիտելիքները կատարելագործելու եւ արեւելագիտութեան, մասնաւորապէս՝ պարսկագիտութեան չուսումնասիրւած հարցերը հետազօտելու նպատակով:

Գրքի մասին, ողջոյնի խօսքով հանդէս եկան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, ով իր խօսքում նշեց, գրքի կարեւորութիւնն ու դրա նպատակներն, իսկ վերջում շնորհակալութիւն յայտնեց թարգմանիչին անձնւէր ու ջանասէր աշխատանքի համար՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում Մշակոյթի կենտրոնը հանդէս կը գայ իր նորանոր նախաձեռնութիւններով ու ծրագրերով, որոնք կը նպաստեն հայ-իրանական դարաւոր, մասնաւորապէս՝ մշակութային յարաբերութիւնների ամրապնդմանը: Իր ելոյթի ընթացքում Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանեանը, շնորհակալութիւն յայտնեց ներկաներին ու հիւրերին մասնակցութեան համար եւ նշեց, որ այսօրւայ միջոցառումը նւիրւած է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, մասնաւորապէս՝ գրականութեանն ու դրան վերաբերւող հարցերին: Նա յոյս յայտնեց, որ իր պատրաստակամութեամբ մշտապէս աջակցելու այս հետաքրքիր ու կարեւոր գործընթացին: Շնորհանդէսի վերջում աշխատութեան թարգմանութեան ու կառուցւածքի մասին հակիրճ ներկայացրեց գրքի թարգմանիչը՝ Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի դասախօս բանասիրական գիտութիւնների թեկնածու Գառնիկ Գէորգեանը: Իր ելոյթը նա աւարտեց շնորհանդէսի կազմակերպիչներից ու գրքի թարգմանութեան համար աջակիցներից՝ նշելով, որ մօտ ապագայում հանդէս կը գայ նորանոր թարգմանութիւններով ու ծրագրերով: Այսպիսով՝ յուսանք, որ «Գիտութիւն» հրատարակչութիւնում կեանքի կոչւած այս գիրքն օգտակար կը լինի պարսից 20-րդ դարի «նոր պոէզիայի» գաղտնիքներին ծանօթանալու եւ, առհասարակ, բարեկամ Իրանի հոգեկերտւածքին հաղորդակից լինելու առումով...

Շնորհանդէսից յետոյ զրուցեցինք Գառնիկ Գէորգեանի հետ:

 

- Նախ թոյլ տւէք շնորհաւորել այս հրաշալի առիթով:

- Շատ շնորհակալութիւն:

 

- Ի՞նչ կը պատմէք գրքի թարգմանութեան ու ներկայացման նախաձեռնութեան մասին:

- Իրանցի մերօրեայ անւանի գրականագէտ, պոէտ, թարգմանիչ Շաֆիի Քադքանիի «Պարսից պոէզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչեւ միապետութեան անկումը)» գրքի թարգմանութեան առաջարկն ստացել եմ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիից, ինչ համար յայտնում եմ երախտագիտութիւնս: Գրքում քննւում են 1870-ականներից մինչեւ 1970-ականների՝ պարսից բանաստեղծութեան զարգացման իւրայարկութիւնները:

 

- Ինչի՞ մասին է գիրքը, արդեօ՞ք ընթերցողը կը ստանայ յուզող հարցերի պատասխանները։

- Գիրքը վերաբերում է պարսից պոէզիայի նոր եւ նորագոյն շրջանների զարգացման առանձնայատկութիւններին: Ինչպէս գիտենք, 20-րդ դարի առաջին տասնամեակներից սկսած՝ պարսից գրականութիւնը մտնում է նորացման փուլ՝ փորձելով թօթափել միջնադարեան ծաղկուն շրջանից ժառանգւած քարացած մի շարք աւանդոյթներ, որոնք այլեւս չէին համապատասխանում ժամանակակից մարդու գեղարւեստական պահանջներին: Հայ հասարակայնութիւնն իրանական բանաստեղծութեանն առաւելապէս ծանօթ է միջնադարի խոշորագոյն հեղինակների՝ Ռուդաքիի, Ֆիրդուսիի, Օմար Խայեամի, Նիզամի Գանջաւիի, Խաղանի Շիրւանիի, Սաադիի, Հաֆէզի եւ այլոց ստեղծագործութիւնների միջոցով, մինչդեռ 20-րդ դարում ասպարէզ էին իջել նոր հեղինակներ, ովքեր հիմնովին փոխել էին իրանական պոէզիայի դէմքը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհի գրական տրամադրութիւններին: Հեղինակը տալիս է քննւող խնդիրների լիարժէք ու սպարիչ պատասխանը:

 

- Արդեօք ժամանակակից իրանագիտութիւն ուսումնասիրողները ծանօ՞թ են իրանական ժամանակակից պոէզիայի ներկայացուցիչներին:

- Իհարկէ, ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի ուսումնական դասընթացում պարսից գրականութեան պատմութիւնը համարւում է մասնագիտական հիմնական առարկաներից՝ ուսումնասիրելով հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերի գրական ստեղծագործութիւններ: Ուսումնական ցանկում ընդգրկւած են դասական եւ ժամանակակից թէ՛ պոէտների, թէ՛ արձակագիրների գործեր: Նրանցից կարող ենք թւարկել Նիմա Իւշիջին, Ֆորուղ Ֆարրոխզադին, Սոհրաբ Սեփեհրիին, Սիաւուշ Քասրայիին, Ահմադ Շամլուին, Նադէր Նադէրփուրին,Ղէյսար Ամինփուրին եւ այլոց:

 

- Ինչպէ՞ս էք ծանօթացել գրքի հեղինակի հետ:

- Գրքի հեղինակին անձամբ ծանօթ չեմ: Ծանօթ եմ նրա ուսումնասիրութիւններին եւ գրականագիտական հարուստ ժառանգութեանը:

 

- Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:

- Գիրքը հայ ընթերցողին ոչ միայն ներկայացնում է 20-րդ դարի պարսից պոէզիայի զարգացման առանձնայատկութիւնները, այլ նաեւ առաջարկում է գրական ստեղծագործութիւնների ուսումնասիրութեան ու համալսարանում դասաւանդման հետաքրքիր մեթոդ: Շաֆիի Քադքանին համաշխարհային գրականագիտական նորագոյն մեթոդների կիրառմամբ ժամանակակից հեղինակների ստեղծագործութիւններն ու գրական գործընթացները գնահատում է իւրօրինակ գծապատկերների օգնութեամբ: Ըստ այս մեթոդի՝ նա կատարեալ է համարում այն բանաստեղծութիւնը, որում հեղինակը պահպանել է բանաստեղծութիւնը կազմող հինգ կարեւոր բաղադրիչների՝ լեզւի, երեւակայութեան, երաժշտականութեան, զգացմունքայնութեան եւ ժանրաձեւի համաչափութիւնն ու ներդաշնակութիւնը: Նա բարձր է գնահատում այն հեղինակներին, ովքեր տիրապետում են մշակութային հարուստ հենքի, ում տաղանդը խարսխւում է նախորդների գրական նւաճումների ու լաւագոյն աւանդոյթների վրայ:

 

- Պարսկերէնի՞ց էք թարգմանել, թէ՞ հակառակը:

- Պարսկերէն բնագրից հայերէնի:

 

- Ի՞նչ դժւարութիւնների հանդիպեցիք գիրքը թարգմանելու ընթացքում:

- Թարգմանութիւնը, իհարկէ, հեշտ գործ չէ, մանաւանդ գրականագիտական ուսումնասիրութեան: Բացի գիտական վերլուծութիւնից, տեքստում առկայ էին մեծաթիւ մէջբերումներ քննւող հեղինակներից, ինչը պահանջում էր իւրաքանչիւրի նկատմամբ դրսեւորել անհատական մօտեցում: Ամէն մի հեղինակ ունի իր առանձնայատուկ ոճը, գաղափարական ուղղւածութիւնը, բառապաշարի անհատական ընդգրկունութիւնը: Բացի այդ, գրականագէտը նախընտրել էր գրքի գլուխները մասամբ կազմել նաեւ Թեհրանի համալսարանի գրականութեան ֆակուլտետի ուսանողութեան համար կարդացած դասախօսութիւններից՝ նպատակային կերպով պահպանելով դրանցում նկատւող բանաւոր խօսքի առանձնայատկութիւնները:

 

- Պատրաստւո՞ւմ էք գիրքը թարգմանել նաեւ այլ լեզուներով:

- Ո՛չ:

 

- Պատրաստւո՞ւմ էք նմանատիպ գիրք թարգմանել հայ արձակի ու արդի գրականութեան մասին իրանցի ընթերցողներին ներկայացնելու մեր ժողովրդի գրական ժառանգութիւնը:

- Հայերէնից պարսկերէն թարգմանութիւններ կատարելու հարցում մեծ վաստակ ունեն մեր իրանահայ եղբայրներն ու քոյրերը, ուստի ինքս նպատակայարմար եմ համարում պարսկերէնից հայերէն թարգմանութիւնները:

 

- Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակութեան գործում:

- Գրքի թարգմանութեան ընթացքում քաջալերման եւ հրատարակելիս աջակցութեան գործում առաջին հերթին պիտի երախտագիտութիւնս յայտնեմ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիին:

 

- Ինչպիսի՞ ընդունելութեան արժանացաւ գիրքը:

- Գիրքը դեռ նոր ենք ներկայացնում հասարակութեանը, ուստի սպասենք ժամանակի դատին:

 

- Խօսք ուղղւած ձեր ընթերցողներին:

- Բնականաբար, գրքի առաջնային ընթերցողները լինելու են ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի ներկայ եւ նախկին ուսանողութիւնը, նեղ մասնագէտները, ինչպէս նաեւ ընթերցասէր հասարակայնութիւնը: Առանց վարանքի կարող եմ ասել, որ հայ ընթերցողի դատին ենք յանձնում գրականագիտական մեծարժէք եւ հետաքրքիր աշխատութիւն, որի հեղինակն այսօրւայ իրանական գրականագիտութեան ռահվիրաներից է:

 

Գարիկ Աւետիսեան

Լուսանկարները՝ Գառնիկ Գէորգեանի ֆէյսբուքեան էջի ու Սիրարփի Կարապետեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։