Հա

Մշակոյթ

18/11/2021 - 09:30

Թուրքիայում գանձ որոնողներն աւերել են հայկական Հոգւոց վանքը

Թուրքիայում՝ Վանի Գիւրփընար (Հայոց ձոր) եւ Չաթաք շրջանների միջեւ՝ Արաքսի ափին գտնւող հայկական պատմական Հոգւոց (Հոգեաց, Հոգոց) վանքն աւերւել է գանձ որոնողների կողմից եւ այժմ ոչնչացման եզրին է։ 

«alikonline.ir» - Թուրքիայում՝ Վանի Գիւրփընար (Հայոց ձոր) եւ Չաթաք շրջանների միջեւ՝ Արաքսի ափին գտնւող հայկական պատմական Հոգւոց (Հոգեաց, Հոգոց) վանքն աւերւել է գանձ որոնողների կողմից եւ այժմ ոչնչացման եզրին է։ Տեղեկացում է Ermenihaber.am-ը:

«Van ÇEVDER» պատմական յուշարձանների պահպանութեան միութեան ղեկավարներից Ալի Քալչըքը յայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։

«Սա վայրագութիւն է»,- նշել է Քալչըքը՝ ընդգծելով, որ, առանց այդ էլ, այժմ գրեթէ անհնար է մուտք գործել տարիներ շարունակ որպէս անասնագոմ օգտագործւող սրբատեղի այնտեղ առկայ գոմաղբի պատճառով։ Նա նշել է, որ Թուրքիայում տասնեակ նման պատմական վայր է ոչնչացւել։ Շեշտել է, որ մարդիկ, պետութիւնները, հասարակական կազմակերպութիւնները ի վերջոյ պէտք է խախտեն լռութիւնը, ոչ ասեն այդ ջարդին, համաշխարհային ժառանգութեան ոչնչացմանը։

20 տարի շարունակ պարբերաբար վանք այցելած Ֆազըլ Օզթեքինը նշել է, որ այն սկզբում կանգուն էր, սակայն այժմ ոչնչացման եզրին է։

«Երբ սկզբում վանք էի գալիս, այն լիովին կանգուն էր։ Զանգակատնից միչեւ պատերի զարդանախշերը պահպանւում էին այնպէս, ինչպէս եղել էին»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Հոգւոց վանքը գտնւել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձեւացիք գաւառում, Վանայ լճից հարաւ, Կասրիկ գիւղի մօտ։ Ըստ Մովսէս Խորենացուն վերագրւած մի աւանդութեան, Բարդուղիմէոս առաքեալը Մեծ Հայք է բերել Աստւածածնի դիմապատկերը, քանդել տւել Կանգաւար աւանից եւ Դարբնոց քարից ոչ հեռու գտնւող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս. Աստւածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, յանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։

Քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակւելուց յետոյ Գրիգոր Լուսաւորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ոորտեղ, ըստ աւանդութեան, ամփոփւած են Տրդատ Մեծի, Աշխէն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճիւնները։ 4-րդ դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը 17-րդ դարում յայտնի գրչութեան կենտրոն է եղել։ Այն 1730-65-ին վերակառուցւել է, 1895-ին աւերւել, 1904-ին՝ վերանորոգւել, 1915-ին՝ լքւել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։