Հա

Մշակոյթ

27/11/2021 - 13:20

Իմ մահւան օրը կիջնի լռութիւն...այսօր Եղիշէ Չարենցի յիշատակի օրն է

Այսօր արդի հայ գրականութեան ամենաբարձր գագաթներից մէկի՝ Եղիշէ Չարենցի յիշատակի օրն է:

«alikonline.ir» - Այսօր արդի հայ գրականութեան ամենաբարձր գագաթներից մէկի՝ Եղիշէ Չարենցի յիշատակի օրն է:

Մեծ պոէտն մահացաւ 1937 թւականի նոյեմբերի 27-ի առաւօտեան՝ ժամը 7։00-ին, Երեւանի կենտրոնական բանտի հիւանդանոցում:

Կանխազգալով վերահաս ճակատագիրը, Եղիշէ Չարենցը մարգարէանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936 թւականի դեկտեմբերի 15-ին գրել էր իր մահւան մասին բանաստեղծութիւնը:

 

             Անվերնագիր

Կնոջս եւ բարեկամիս՝ Իզաբէլլային

Իմ մահւան օրը կիջնի լռութիւն,

Ծանր կնստի քաղաքի վրայ,

Ինչպէս ամպ մթին կամ հին տրտմութիւն,

Կամ լուր աղէտի՝ թերթերում գրած։

Ծանօթ կնոջ պէս այրի կամ դժբախտ,

Բարեկամուհու նման տխրատեսք,

Լուրը կշրջի փողոցները նախ,

Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...

Իբրեւ ծերունի մի թերթավաճառ՝

Յուշիկ քայլերով եւ համարեայ կոյր,

Կշրջի բոլոր տներն անպատճառ

Ու կյայտնւի ամէն մի բակում։

Ստւերի նման, սահած տնից-տուն,

Կկանգնի անտես հիւրի պէս մռայլ,

Կկանգնի, ինչպէս դժնի լռութիւն՝

Տարածւած ամբողջ քաղաքի վրայ։

Եւ համր մի պահ՝ գիշերւայ կէսին,

Բոլորի սրտում կկանգնի յանկարծ

Անհաղորդ, ինչպէս հեռաւոր լուսին,

Իմ դէմքը՝ արդէն հաւիտեան յանգած։

Եւ մարդիկ՝ երէկ կեանքիս անծանօթ,

Եւ երբեք, երբեք դէմքս չտեսած,

Եւ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով

Իրենց ֆանտաստիկ առասպելն հիւսած,

Եւ մարդիկ՝ անգամ երգերիս անգէտ,

Մարդիկ, որ թէեւ կեանքիս արձագանգ՝

Մնացել են լոկ վկայ անտարբեր

Եւ կարծել են, թէ ես վաղո՜ւց չկամ,-

Այդ բոլոր մարդիկ իմ մահւան բոթից,

Որպէս ընդհանուր աղէտից սարսած՝

Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մօտիկ

Եւ յանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ...

Եւ երկրում, ինչպէս բարձրանայ փոշի,

Եւ հոգիներում, ինչպէս յուշ յառնի,-

Ելնելով անցած օրերիս նաշից,

Իմ ուրւականը պիտի սաւառնի։

Եւ քաղաքներում, եւ գիւղերում խուլ,

Անցորդներն՝ իրար անծանօթ անգամ,

Աչքերում իրար եւ հայեացքներում

Պիտի միեւնոյն թախիծը կարդան...

Եւ դէմքով տխուր եւ լուռ աչքերով

Պիտի միեւնոյն սուգը հաղորդեն,

Երգերիս հանդէպ անսահմա՜ն ներող,

Մոռացած բոլոր յանցանքներս արդէն...

Կբանան ոմանք իմ գիրքը գուցէ,

Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,

Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,

Եւ թախիծը խոր յուշս կողողէ։

Եւ գուցէ միայն սենեակում մի խուլ,

Գլուխը թեքած պատկերիս վրայ՝

Կնայի մի կին աչքերիս տխուր,

Եւ կարցունքոտւեն աչքերը նրա։ 

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Եւ ինչպէս կեանքում՝ տարինե՜ր առաջ,

Յուշերում յանկարծ անցեալը բուրի,

Երազանքներում գուցէ իմ անցած

Եւ արդ իմ յառնած գրքում յուշերի...

Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,

Արդէն չի յառնի եւ ոչ մի գրքում

Եւ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,

Եւ ո՛չ մի գրքում, եւ ո՛չ մի գրքում...

 

15.XII 1936

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։