Հա

Մշակոյթ

27/11/2021 - 13:05

Սերժ Աւագեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս «Արարատ»-ում

Հինգշաբթի, նոյեմբերի 25-ը, թեհրանահայ համայնքին իրադարձութիւններով հարուստ երեկոյ էր սպասւում:

Երեկոյեան ժամը 17:00-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահը հիւրընկալեց Իրանի գրաֆիստների արհմիութեան նախաձեռնութեամբ հիւրընկալեց արւեստի գործիչներին ու հրաւիրւած արւեստասէրներին, որոնք ներկայ էին գտնւել Սերժ Աւագեանի յիշատակին կազմակերպւած ցուցահանդէսին:

«Գունաւոր ու պարզ» կամ՝ Սերժի գրաֆիստ ընկերները Սերժի յիշատակին

 

«ԱԼԻՔ» - Ցուցահանդէսը, որը կազմակերպւել էր անւանի արւեստագէտի առաջին տարելիցի առիթով տեղի էր ունենում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան համագործակցութեամբ:

 «Գունաւոր ու հասարակ» ցուցահանդէսի կազմակերպիչ-պատասխանատուներից Սանազ Արիանֆարը պատասխանելով թերթիս լրագրողին նշեց, որ ցուցահանդէսով ցուցադրւող գործերը թւով 44-ն են, ներկայացւած 40 գրաֆիստ նկարիչների միջոցով:

Արիանֆարը յաւելեց, որ Իրանի Գրաֆիստների արհմիութեան որոշմամբ ու հաստատմամբ Սերժ Աւագեանի մահւան առաջին տարելիցը արւեստով ու ցուցահանդէսով յիշատակելու նպատակով նախաձեռնւել է կազմակերպել գործերի հաւաքագրում: «Նպատակը յարգանքի տուրք մատուցելն է մեծանուն նկարչի յիսուն տարւայ մասնագիտական գործունէութեանը եւ գրաֆիկայի դասաւանդմանը, որով նա անթիւ ուսանողներից պատրաստեց հմուտ ու բանիմաց գրաֆիստներ»,- յաւելեց Արիանֆարը։

 Նա յաւելեց, որ նոյն առիթով ցուցահանդէսին մասնակցող գրաֆիստները նախագծի մասին տեղեակ են պահւել գործող իրանական տարւայ խորդադ-թիր ամիսներին, որոնց ուղարկւել է թեմատիկ ուղեցոյց Սերժ Աւագեանի գործերի ու աշխատանքների յայտնի յատկանիշերով:

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ բացօթեայ տարածքում մեծ թւով հանդիսականների ու պարսկախօս հիւրերի ներկայութեամբ:

Բացման հանդիսաւոր արարողութեանը Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան խօսքն ընթերցեց Կոմիտասի անւան կոնսերւատորիայի շրջանաւարտ, անւանի երգչուհի մենակատար Մեղեդի Եղիազարեանը: Արւեստից միութիւնը ողջունելով Իրանի գրաֆիստների արհմիութեան նախաձռնած քայլն իր ուրախութիւնն էր յայտնել մասնակից լինելու անւանի արւեստագէտի յիշատակին նւիրւած միջոցառում-ցուցահանդէսին: Խօսքում նշւած էր նաեւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան վասատակաւոր անդամ-արւեստագէտ Սերժ Աւագեանի ներդրման մասին՝ կազմակերպութեան արւեստի եւ միւս աշխատանքներում:

Նոյն առիթով խօսք առաւ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, ով Սերժ Աւագեանին յիշելով, որպէս միութենական նւիրւածութեամբ աւագ ընկեր ու դաստիարակ, բարձր գնահատեց նման համատեղ ծրագրերի իրականցումը:

Ընթացքում ելոյթ ունեցաւ փաստավաւերագրական ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր Աբոլֆազլ Քիանին: Նա պատմելով իր եւ անւանի նկարչի ծանօթութեան մասին, նշեց, որ Սերժ Աւագեանը մահացաւ, երբ նա նկարչի մասին վաւերագրական ֆիլմ էր պատրաստում ու ցաւօք նկարահանումները մնացին անաւարտ: Նա յոյս յայտնեց, որ արւեստասէր հասարակութեան աջակցութեամբ կը կարողանայ այն աւրտին հասցնել պատշած կերպով:

Իրանի Գրաֆիստների արհմիութեան վարչութեան անունից ելոյթ ունեացաւ նոյն արհմիութեան նախագահ՝ Ֆաթեմէ Քորքէաբադին: «Սերժ Աւագեանը Իրանի գրաֆիկական դիզայներների ասոցիացիայի պատւաւոր անդամներից էր, եւ ասոցիացիան ցուցահանդէսն օրակարգ էր դրել այս տարւայ սկզբից, իսկ յուլիսի սկզբից մինչեւ օգոստոսի վերջ վերջնաժամկէտ էր նշանակել աշխատանքները ներկայացնելու համար: Ցուցահանդէսով մենք, Իրանի գրաֆիստների անունից մեր յարգանքի տուրքն ենք մատուցում անւանի գրաֆիստին ու աննման արւեստագէտին»,- նշեց նա։

 Ելոյթ ունեցաւ նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

 Բեգլարեանը կարեւորելով իրանահայ արւեստագէտների դերը մշակոյթների փոխընբռնման եւ համակեցութեան գործում ողջունեց կազմակերպիչների քայլը նման ցուցահանդէսի կազմակերպման համար:

Ելոյթով հանդէս եկաւ նաեւ ցուցահանդէսի կազմակերպիչ յանձնախմբի նախագահը՝ Սանազ Արիանֆարը: Նա խօսելով ցուցահանդէսի տեխնիկական եւ առհասարակ «Պարզ գունաւոր» ցուցահանդէսի թեմայի վերաբերեալ նշեց, որ մասնակցող նկարիչներին ուղարկւել էր ոճային նշումներով մի ուղեցոյց եւ պահանջւել, որ դիզայնի առարկան լինի հէնց ինքը՝ Սերժ Աւագեանը, եւ հետաքրքիր է, որ ներկայացւած աշխատանքների մեծ մասը ոգեշնչւած է «Փոֆաք Նամաքի»-ով։

Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդը եզրափակիչ ելոյթով հանդէս գալով ողջունեց արւեստի գործիչների համատեղ աշխատանքը եւ այն կարեւորեց, որպէս ոգեշնչող միջոց, ինչը ջերմացնում եւ յոյս է ներշնչում մարդկանց:

Սրբազան Հօր օրհնանքի խօսքերից յետոյ ներկաները տեղափոխւեցին ցուցասրահ, որտեղ մօտկից ծանօթացան ցուցադրւող գործերին իրենց իրական չափսերով ու երանգով:

Յատկանշական է, որ ցուցադրութեան հանւած գործերի կողքին ցուցադրւում են նաեւ Սերժ Աւագեանին պատկանող գործերից չուրսը, որոնք ժամանակին արւեստագէտն իրականացրել է թատերական ներկայացումների պաստառը ձեւաւորելու նպատակով:

Նշելի է, որ ցուցահանդէսը շարունակելու է աշխատել շուրջ մէկ շաբաթ, մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Բացման հանդիսաւոր արարողութեանը Թ. Հ. Թ. թեմի հոգեւոր առաջնորդի եւ Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների կողքին ներկայ էին նաեւ Իրանի Մշակոյթի նախարարութեան կերպարւեստի բաժնի վարչութեան նախագահ՝ Հադի Մոզաֆարին, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան նախագահը, Թեմական խորհրդի եւ պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, եւ նախկին շրջանում Թեհրանի աւագանիի դիւանի անդամ դոկտ. Հաղշենասը, նկարիչ Սերոժ Բարսեղեանը եւ անւանի այլ արւեստագէտներ:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։