Print this page
09/01/2022 - 13:15

Այսօր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է՝ 98-ամեակը։

«alikonline.ir» - Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է՝ 98-ամեակը։

Փարաջանովը ծնւել է 1924 թ-ի յունւարի 9-ին Թբիլիսիում, որտեղ եւ ստացել է միջնակարգ կրթութիւն: 1945թ-ին ընդունւել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիեւի Դովժենկոյի անւան կինոստուդիայում որպէս բեմադրիչ ռեժիսոր: Մինչեւ 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարւեստական, եւ 3 վաւերագրական ֆիլմեր: 1964թ-ին «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիեւեան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելւում է իշխանութիւնների կողմից։

1966թ-ին նրան հրաւիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայեաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանօթանում է նրա ճարտարապետութեանը եւ արւեստին: Մեծ ոգեւորութեամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձել է նրա լաւագոյն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժւարութիւններով դուրս է եկել էկրան «Նռան գոյնը» անունով:

Դրանից յետոյ Փարաջանովը 15 տարի վտարւել է կինոյից. աւելին՝ նրան երկու անգամ բանտ են նետել՝ 1974-1978թթ. Ուկրայինայում եւ 8 ամիս Թբիլիսիում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր եւ արւեստը, որը չէր գոհացնում իշխանութեանը:

Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկւած էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական աւիւնը ուղղել է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների եւ այլ արւեստի գործերի ստեղծմանը: Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմւած ֆիլմ է»: Եւ իրօք, եթէ ֆիլմի ստեղծումը կախւած է բազմաթիւ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է եւ կարող է անել այն, ինչ ուզում է:

Կեանքի վերջում նա նկարահանել է եւս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» եւ «Աշուղ Ղարիբ»:

1989թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսել էր աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրայ: Հազիւ սկսած նկարահանումները ընդհատւել են Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանեանցը վախճանւել է Երեւանում 1990թ-ի յուլիսի 20-ին:

«Ս. Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացւած նախնիների ստւերները» /1964/, «Սայեաթ-Նովա» կամ «Նռան գոյնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատւած նրա պոէտիկական կինոլեզուն իւրայատուկ ներդրում է կինոարւեստում:

Սերգէյ Փարաջանովի ստեղծագործութիւնը իր համանմանը չունի համաշխարհային արւեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետութեամբ, վառ երեւակայութեամբ եւ սրամտութեամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք եւ փայլ է հաղորդում օգտագործւած առարկաների եւ նիւթի զանազանութիւնը:

Դրանց մեծ մասը ստեղծւած է ազատազրկման մէջ:

 

Յարակից լուրեր