Այսօր արդի հայ գրականութեան ամենաբարձր գագաթներից մէկի՝ Պարոյր Սեւակի ծննդեան օրն է: Մեծ պոէտն այսօր դարձաւ 98 տարեկան:
«alikonline.ir» - Այսօր արդի հայ գրականութեան ամենաբարձր գագաթներից մէկի՝ Պարոյր Սեւակի ծննդեան օրն է: Մեծ պոէտն այսօր դարձաւ 98 տարեկան:
Պարոյր Սեւակի ծննդեան օրւայ առիթով, ներկայացնում ենք 10 ուշագրաւ փաստ նրա մասին, որ գուցէ չգիտէք:
1. Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպէս զանազան կարգի նշումներում, իբրեւ ծննդեան օր նշւած է 1924թ. յունւարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան եւ միջնադարեան տաղերգութիւնը» անաւարտ ուսումնասիրութեան ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. յունւարի 24-ի նշումի կողքին Պարոյր Սեւակը աւելացրել է՝ «ծննդեանս օրը»:
2. Սեւակն իր հայրական տան մասին գրում է. «Այն տունը, որտեղ ես ծնւել եմ․․․ Բայց տուն չպիտի ասէի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերաւոր իմաստով․ եթէ իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշւէ դէմքի վրայ եւ որբացած՝ զրկւած ընթերցողից, ապա նրանց երկյարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառւում՝ գետնափոր նկուղը»։
3. Սեւակը մօր մասին գրում է. «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտութեան հասկացողութիւնը անհասկանալի մնաց ամբողջ կեանքում։ Ամբողջ կեանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապէս, դժբախտութիւնը՝ ահաւոր ճշտութեամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտութիւն էր՝ խոտը ուշ դեզելը, թէյի գդալների պակասը, աման ջարդւելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականօրէն վերապրող, անհանգիստ, անյագ հոգի, որքան, իհարկէ, զօրում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտւած արտաքին էութիւնը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագոյն մասով փոխարկւել է ուղիղ հակադրութեան»։
4. Մեծ պոէտն իր դպրոցական տարիների մասին գրում է. «Զարթօնքի տարիներն էին, բայց եւ դժւարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Յաճախ ամբողջ դասարանը սովորում էր մէկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ եւ նոյնիսկ թերի միջնակարգ կրթութեան տէր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան յաղթանդամ, նոյնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նոյն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպւած էր մեզ գրականութիւն դասաւանդել։ Երէկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականութիւն։ Եւ դասաւանդեց․ գիշերները ես գրում էի յաջորդ օրւայ մեր անցնելիք գրողի կեանքն ու գրական գործունէութիւնը եւ առաւօտեան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մէկտեղ նրա թելադրածը գրում էի նաեւ ես։ Եւ այդպէս՝ կլոր տարին․․․»:
5. Ան իր ապագայ ճակատագրի մասին գրում է. «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդէն վաղուց համոզւած էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պէս մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտէի լոկ ես ու մէկ էլ․․․ Աստւած»:
6. Պարոյր Սեւակն աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա նաեւ Մաքսիմ Գորկու անւան գրականութեան ինստիտուտը, որտեղ նաեւ դասախօսել է: Աշխատել է «Աւանգարդ» եւ «Գրական թերթ» պարբերականներում:
7. Նրա բանստեղծութիւնները տպագրւել են 1942 թւականից սկսած: Անդրանիկ գրքոյկը 1948 թւականին հրապարակւած «Անմահները հրամայում են»-ն է:
«Երգի՛ր, բայց կռւե՜լը… չմոռանա՜ս, ընկե՛ր,
Ա՛յդ են մեռածները…
Այստեղ ահով
Ընդհատում եմ նրանց այս խօսքը բոցարիւն,
Եւ գոչում երդումի նման հանդիսաւոր.
-Ո՛չ, այդ անմահներն են հրամայում»…
«Անմահները հրամայում են»
8. Պարոյր Ղազարեանին ՍԵՒԱԿ ազգանունն է տւել արւեստաբանութեան դոկտոր-պրոֆեսոր Ռուբէն Զարեանը:
Անւանի արւեստաբանը պատմում է. «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականութիւն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եւ բանաստեղծական այդ ամլութեան մէջ ինձ համար յայտնութիւն էին դեռ պատանի Պարոյր Ղազարեանի բանաստեղծութիւնները (բանաստեղծութիւնները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց յետոյ մտածեցի ոչ միայն անմիջապէս տպագրելու, այլ նաեւ գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եւ սկսեցի ասել՝ Պարոյր Սեւակ, Պարոյր Սեւակ: Չէ՛, շատ լաւ է հնչում»:
9. Պարոյր Սեւակի բանաստեղծութիւնները թարգմանւել են տարբեր լեզուներով: Նրա սցենարներով նկարահանւել են «Մեսրոպ Մաշտոց» եւ «Սայաթ Նովա» ֆիլմերը:
10. Պարոյր Սեւակը մահացել է 1971 թւականի յունիսի 17-ին, խիստ կասկածելի աւտովթարից: Նա թաղւած է հայրենի տան բակում:
Նրա մահւան մասին մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանը գրել է. «Նա կեանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամէն ինչ լինի միանգամից: Եւ միանգամից եղաւ: Բանաստեղծ դարձաւ միանգամից, ճանաչւեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացաւ միանգամից: Այնքան դանդաղ, դժւարութեամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագոյն բանաստեղծութեան մայր գերանն էլ կոտրւեց միանգամից, ու մայր սիւնն էլ ծալւեց միանգամից…
Մեր սերնդի բանաստեղծների մէջ ամենից կրտսերն էր նա, բայց աւագագոյնն էր վաստակի ու հանճարի առումով»: