Հա

Մշակոյթ

26/01/2022 - 12:40

«Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել». Համլետ Պետրոսեան

«Մենք, ինչպէս եղել է նախկինում, այսօր էլ թերագնահատում ենք մեր թշնամու կարողութիւնները։ Ադրբեջանը շատ նուրբ քաղաքականութիւն է վարում»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը։

«alikonline.ir» - «Մենք, ինչպէս եղել է նախկինում, այսօր էլ թերագնահատում ենք մեր թշնամու կարողութիւնները։ Ադրբեջանը շատ նուրբ քաղաքականութիւն է վարում»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը։

Նա նշեց, որ 2020 թ. պատերազմի ընթացքում եւ անմիջապէս յետոյ համացանցը լի էր Ադրբեջանի կողմից հայկական յուշարձանների ծաղրի, աւերման, ոչնչացման նիւթերով ու լուսանկարներով, հիմա, կարծէք թէ, ներքին կարգով որոշել են նման բաներ չհրապարակել, կարծէք թէ, գոնէ այս փուլում այդ ժառանգութեան վերանւանմամբ, պատմական իրողութիւնների փոփոխութեամբ են զբաղւած։

«Նման իրավիճակում, երբ Արցախի ժառանգութեան հարցը բաւականին ուշադրութեան կենտրոնում է նաեւ միջազգային կազմակերպութիւնների կողմից, ուրիշ տակտիկա է ընտրել Ադրբեջանը՝ ցոյց տալ, որ այդ ժառանգութիւնն ինքը պահպանում է եւ այդ ժառանգութիւնը հայկական չէ։ Սա շատ յաջողութեամբ իրագործում է»,- ասաց հնագէտը։

Հ. Պետրոսեանը նշեց, որ փորձում են հասկանալ, թէ ինչու էին ադրբեջանցիները սկզբում այդքան ակտիւ, հիմա նման նիւթերը համարեա բացակայում են. «Պէտք է հասկանալ, թէ թշնամին ինչ քաղաքականութիւն է վարում, այլ ոչ թէ մերկապարանոց անընդհատ ասել՝ իրենք միայն ոչնչացնում են։ Ոչնչացնում են այն տեղերում, որոնք հնարաւոր է ոչ ոք չնկատի, իսկ յայտնի յուշարձաններում ուրիշ քաղաքականութիւն են վարում՝ դա հայկական չէ, հայկականութիւնը յետոյ է, հայերն իրենք են այդ ներդրումները կատարել, ինչ-որ վերականգնել են, սխալ են վերականգնել»։

Նրա ներկայացմամբ, ամենավառ օրինակը ուդիների պտտեցնելն է Արցախի զանազան մշակութային օջախներում։ Համլետ Պետրոսեանի պնդմամբ, ուդիները բացարձակապէս որեւէ առնչութիւն չեն ունեցել Արցախի ժառանգութեան հետ։

«Անկախ նրանց, թէ Արցախի ժառանգութիւնն ինչպէս կը մեկնաբանւի, ուդիները բուն Արցախի ժառանգութեան հետ որեւէ առնչութիւն չեն ունեցել»,- ասաց Համլետ Պետրոսեանը։

Նա նշեց, որ Արցախն ունի շատ հարուստ մշակութային ժառանգութիւն, որի պահպանութիւնը, պաշտպանութիւնը, հանրահռչակումը մասնագէտների, պետական քաղաքականութեան պարտականութիւնն է։ Սակայն նա իրատեսական չի համարում այսօրւայ գոյութիւն ունեցող պայմաններում Արցախի Հանրապետութիւնում զբօսաշրջութիւն զարգացնելը։

«Եթէ մենք այս վիճակում ենք, եթէ ամէն օր ինչ որ մի տեղ կրակում են, եթէ ամէն տեղ ճանապարհին մի դէպք է տեղի ունեմ, ի՞նչ է նշանակում զարգացնել զբօսաշրջութիւնը նման վտանգային միջավայրում։ Տուրիստը հայրենասիրական ջոկատ չէ։ Տուրիստը գնում է հաճոյք ստանալու։ Ո՞նց էք պատկերացնում, պէտք է գնայ, հաճոյք ստանա՞յ, երբ վտանգ է սպառնում իրեն։ Սովորական քաղաքացիներն են դժւարանում գնալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պէտք է գնահատել իրական իրավիճակը։

Համլետ Պետրոսեանն ընդգծեց, որ եթէ կայ ազգային ներուժ, պետական քաղաքականութիւն, առաջին հերթին պէտք է ուղղւած լինի անվտանգային միջավայրի վերականգնմանը։

«Առանց անվտանգային միջավայրի վերականգնման, բոլոր կոչերը ձեւական են, ծայրայեղական են կամ էլ վնասակար են»,- ասաց հնագէտը։

Նա դժւարացաւ պատասխանել՝ օրերս իրանագէտ Վարդան Ոսկանեանի կողմից առաջ քաշած «Արցախը յետ բերենք, որ լաւ ապրենք» կարգախօսի՝ մշակութային դաշտում իրագործման վերաբերեալ հարցին.

«Մի քիչ դժւարանում եմ հասկանալ այդ կոչը, ի՞նչ է նշանակում Արցախը յետ բերենք։ Դա նշանակում է՝ յետ բերել քաղաքակա՞ն, ռազմակա՞ն առումով, նորից ազատագրե՞լ։ Այսօր Արցախի վիճակը բացառապէս աւելի քաղաքական, ռազմական է, քան զուտ մշակութային։ Ունենք մշակութային շատ հզօր ժառանգութիւն, հետեւում ենք, բայց հազիւ թէ յետ բերումը նշանակում է վիրտուալ յետ բերում։

Բոլոր դէպքերում խնդիրն այսօր աւելի անվտանգային է, տարածքային է, քան վիրտուալ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։