Յայտնի երգահան եւ երաժշտական պրոդիւսեր Արա Գէորգեանը Sputnik Արմենիային պատմել է «Արցախ» կոմպոզիցիայի համար Ադրբեջանի դէմ տարւող անվերջ պայքարի, մշակութային ոլորտում մեր բացթողումների եւ հասարակութեան մօտ ճիշտ երաժշտական ճաշակ ձեւաւորելու ճանապարհների մասին։
«alikonline.ir» - Յայտնի երգահան եւ երաժշտական պրոդիւսեր Արա Գէորգեանը Sputnik Արմենիային պատմել է «Արցախ» կոմպոզիցիայի համար Ադրբեջանի դէմ տարւող անվերջ պայքարի, մշակութային ոլորտում մեր բացթողումների եւ հասարակութեան մօտ ճիշտ երաժշտական ճաշակ ձեւաւորելու ճանապարհների մասին։
«Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի հեղինակային իրաւունքի համար ՀՀ վաստակաւոր արտիստ Արա Գէորգեանը 2007 թւականից պայքարում է Ադրբեջանի դէմ: Նա ինքն այս գործընթացն անւանում է պայքար մարդկանց տգիտութեան դէմ։
Սա իմ պայքարն է Ադրբեջանի դէմ
1998 թւականին հայ կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտութեան հեղինակային իրաւունքները գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրաւունքի բիւրոյում (United States Copyright Office)։ Այնտեղ է պահւում նաեւ ստեղծագործութեան ձայնագրութիւնը։
Ադրբեջանն արդէն մի քանի տարի է, ինչ փորձում է Արա Գէորգեանի ստեղծագործութիւնը վերագրել խորհրդային կոմպոզիտոր Ֆիքրետ Ամիրովին։
«Այդ կոմպոզիտորն արդէն մօտ 40 տարի է ողջ չէ, իսկ նրա որդին բազմիցս յայտարարել է, որ իր հայրն այդ երաժշտութեան հետ կապ չունի, մեզ հանգիստ թողէք»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում պատմում է Արա Գէորգեանը։
Այնուամենայնիւ, այդ երկրում ոմանք պնդում են, թէ Ամիրովը գրել է այդ կոմպոզիցիան, երբ Գէորգեանը դեռ չէր էլ ծնւել։ «Լաւ, համաձայն եմ, ես էլ ասում եմ՝ ցոյց տւէք աղբիւրը, որտե՞ղ է հնչել, որ ես լսել եւ վերցրել եմ 98 թւականից առաջ։ Ինչո՞ւ 98-ից առաջ, որովհետեւ այդ ժամանակից ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրաւունքի բիւրոյում (United States Copyright Office) պահւում է իմ հեղինակային իրաւունքը` «Արցախ» ստեղծագործութեան ձայնագրութեան հետ միասին»,- ասում է երաժիշտը:
Գէորգեանը նկատում է, որ ադրբեջանցիներն իրենց պաշտօնական միջոցառումներին օգտագործում են իր երաժշտութիւնն իր իսկ կատարմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ, որտեղ դուդուկի պարտիան նւագում է Ջիւան Գասպարեանը, դհոլ՝ Նորայր Շառոյեանը, Գագիկ Թորոյեանը՝ բաս-կիթառ, Կարօ Սարաֆեանը՝ սոլօ-կիթառ։ Այդ ձայնագրութիւնն ադրբեջանցիներն օգտագործում են անգամ Բաքւում անցկացւող Եւրոպական օլիմպիական խաղերի գովազդային հոլովակներում, ՈՒՀԱ- ի՝ նախագահի Գաւաթի եզրափակչի ժամանակ, ադրբեջանական բանակի, գորգերի, Բաքւի մասին պատմող ֆիլմերում։
Արա Գէորգեանի նախաձեռնութեամբ նկարահանւել է «Story about Artsakh music» ֆիլմը, որում պատմւում է «Արցախ» ստեղծագործութեան ստեղծման ողջ պատմութիւնը: Ընդ որում` ֆիլմը թարգմանւել է ոչ միայն ռուսերէն, այլեւ ադրբեջաներէն։
Հարցին, թէ կարելի՞ է ասել, որ պատմութիւնն աւարտւել է մեր օգտին, Գէորգեանը պատասխանում է. «Կարծում եմ՝ այո։ Ֆիլմում ես բերում եմ բոլոր փաստերը, որոնք ադրբեջանցիները պէտք է տեսնեն եւ ամաչեն։ Ամբողջ աշխարհում «Արցախ»-ի հեղինակը յայտարարւում է Արա Գէորգեան եւ միայն Ադրբեջանում՝ Ֆիքրետ Ամիրով»։
Ընդ որում, կոմպոզիտորը նշում է, որ նման դէպքերում պայքարը պարտադիր է։ Նա օրինակ է բերում «Սարի աղջիկ» երգը, երբ ե՛ւ պարսիկները, ե՛ւ թուրքերը ընդունում են, որ այն հայկական է, միայն ադրբեջանցիներն ասում են՝ ադրբեջանական է։
«Դա գալիս է նրանից, որ մենք չենք պայքարում այդ երեւոյթի դէմ... Վստահ եմ, որ եթէ ես այդքան չպայքարէի, 50 տարի անց իմ երեխաները, հնարաւոր է` մեծ դժւարութեամբ յետ բերէին «Արցախ»-ը, չէ որ Ադրբեջանում այն աւելի յաճախ են օգտագործում, քան Հայաստանում»,- յաւելում է նա։
«Արցախ»-ը շատ «խերով» է
Արա Գէորգեանի խօսքով` «Արցախ» ստեղծագործութիւնն ունի յաջողութիւն բերելու զարմանալի ունակութիւն։ Այս երաժշտութեան ներքոյ հանդէս եկող մարզիկներն անպայման նւաճում են առաջին տեղերը։ Դա ե՛ւ բռնցքամարտիկ Վիկ Դարչինեանն է, ե՛ւ խառը մենամարտերի` Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակից Գեղարդ Մուսասին, ե՛ւ կանադացի մարմնամարզուհի Վիկտորիա Մուրսը։
Հայրենիքի մասին
Ի՞նչ է ձեզ համար Արցախը հարցին, Արա Գէորգեանը պատասխանում է. «Ոչ միայն ինձ համար, այլեւ բոլորիս համար՝ Արցախը մեր հայրենիքի մի մասն է։ Դա ես չեմ ասում, դուք չէք ասում, դրա մասին է վկայում պատմութիւնը, մեր պատմամշակութային յուշարձանները, գերեզմանները... ինչպէս նաեւ պատմութեան վերաբերեալ դասագրքերը, այն էլ՝ միջազգային»։
Մշակոյթի, քաղաքականութեան եւ ԶԼՄ-ների մասին
Կոմպոզիտորի կարծիքով՝ Հայաստանում ԶԼՄ-ները չափազանց քաղաքականացւած են եւ պատշաճ ուշադրութիւն չեն դարձնում մշակութային խնդիրներին։
«Թող քաղաքական գործիչները խօսեն քաղաքականութեան մասին, իսկ արւեստագէտները՝ արւեստի։ Իմ տեղեկութիւններով՝ Հայաստանում այսօր մնացել է միայն մէկ մարդ, ով կարողանում է թառ պատրաստել (լարային երաժշտական գործիք - Խմբ.)՝ վարպետ Ալբերտ Զաքարեանը, որը 75 տարեկան է։ Աշակերտ չունի, բայց այդ մասին ոչ ոք չի խօսում։ Շատ քիչ են նաեւ սանթուր եւ քամանչա նւագողները»,- մտահոգւում է Գէորգեանը։
Երաժիշտը կարծում է, որ շատ երաժշտական գործիքներ չեն հանրահռչակւում, եւ եթէ այդպէս շարունակւի, դրանցից շատերը պարզապէս կանհետանան: Այդ կապակցութեամբ նա յիշեց բաս-կանոնի նոր ազգային գործիքը, որով բացի իրենից ոչ ոք չի զբաղւում։ Լուրջ խնդիր է նաեւ այն, որ մեր սիմֆոնիկ նւագախմբի գալարափող նւագող երաժիշտն այսօր հրաւիրւած է Իտալիայից, քանի որ դարձեալ գալարափող գործիքը պատշաճ կերպով չի ներկայացւում։
Ռազմական նւագախմբերի եւ ռաբիսի մասին
Արա Գէորգեանը խոստովանեց, որ կը ցանկանար, որ հայկական բանակում աւելի շատ ռազմական նւագախմբեր լինէին, մինչդեռ ներկայում, կադրերի պակասի պատճառով ոչ բոլոր զօրամասերում կայ նւագախումբ։ Նա համոզւած է, որ ռաբիս` արեւելեան լադերով երաժշտութիւնն այդքան մեծ ժողովրդականութիւն չէր ունենայ Հայաստանում, եթէ աւելի շատ քարոզւէր բարձրարժէք, որակեալ երաժշտութիւնը՝ ազգայինը, դասականը։