Հա

Մշակոյթ

05/03/2022 - 13:50

Սերունդները շարունակում են արժեւորել մնայուն արժէքներ թողած մեծերին. «Արարատ»-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում ներկայացւեց Լ. Թաշճեանի, Օ. Նազարեանի եւ Մ. Զովէլեանի ստեղծագործութիւնները

Հինգշաբթի՝ մարտի 3-ին «Արարատ»-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ գեղանկարիչ Լէոնի (Լալիկ) Թաշճեանի կտաւների, արւեստագէտներ Օֆիկ Նազարեանի եւ Մարօ Զովէլեանի ձեռքի աշխատանքների ցուցադրութիւնը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի կազմակերպմամբ: Ստեղծագործութիւնների զգալի մասը հասարակութեանը ներկայացւեց առաջին անգամ:

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ մարտի 3-ին «Արարատ»-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ գեղանկարիչ Լէոնի (Լալիկ) Թաշճեանի կտաւների, արւեստագէտներ Օֆիկ Նազարեանի եւ Մարօ Զովէլեանի ձեռքի աշխատանքների ցուցադրութիւնը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի կազմակերպմամբ: Ստեղծագործութիւնների զգալի մասը հասարակութեանը ներկայացւեց առաջին անգամ:

Ցուցահանդէսի բացման հանդիսութեանը ներկայ էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ Արա Գալստեանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան միւս անդամները, «Արտակ Մանուկեան» թանգարանի նախագահ Ալիս Շահմուրադեանը, Հ. Մ. «Սիփան» միութեան նախագահ Արա Մկրտչեանն, ազգային մարմինների եւ միութիւնների այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբին բացման խօսքով հանդէս եկաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան անդամ Մեղեդի Նազարեանը, որի ընթացքում անդրադարձաւ միջոցառման կազմակերպման նպատակներին արւեստագէտների ստեղծած մնայուն արժէքների արժեւորման կարեւորութեանը, եւ նրանց թողած աւանդին՝ հայութեան պատմութեան, եւ հայկական արւեստի պահպանման ուղղութեամբ, եւ այն նոր սերնդին փոխանցելու անհրաժեշտութեանը:

Այնուհետեւ, իր խօսքը ներկայացրեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը: Նա իր խօսքերում նշեց, որ «Արարատ» կազմակերպութեան «Խաժակ Արզումանեան» ցուցասրահի պատմութիւնը այս ցուցադրութեան արդիւնքում հարստացաւ եւս երեք հանճարեղ արւեստագէտի ստեղծագործութիւնների ցուցադրման պատւաւոր իրադրութիւնով:

Նա, մասնաւորապէս կարեւորեց սերունդների թողած մնայուն արժէքներն լայն հասարակութեանը մշտապէս ներկայացնելու անհրաժեշտութիւնը: Շեշտեց, որ նման միջոցառումները արւեստասէր հասարակութեան համախմբման եւ տարատեսակ քննարկումների առիթ է տալիս:

Հենրիկ Խալոյեանն ընդգծեց, որ ցուցադրող ստեղծագործութիւնները արտացոլում են հեղինակների անցած ճանապարհն ու ամբողջ կեանքի ընթացքում կատարած աշխատանքը եւ ներդրած աւանդն, որոնք նպաստել են հայ մշակոյթի զարգացման, ճանաչման ու տարածմանը:

Միջոցառման աւարտին կազմակերպիչների անունից արւեստագէտներին նւիրւեց յուշանւէրներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։