Հա

Մշակոյթ

07/03/2022 - 11:40

«Վերածնւածը» ֆիլմի արտադրութիւնը նախատեսւած է իրականացնել 2022-ին

«Վերածնվածը» ֆիլմի արտադրութեան փուլի համար կինոնախագծի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանն ու նրա թիմը 2021-ին դրամահաւաք էին սկսել: Նպատակը 150,000 ԱՄՆ դոլարին հասնելն է։ 254 նւիրատուի շնորհիւ մինչ օրս գոյացրել է 123,092 ԱՄՆ դոլար: Աւետիսեանի խօսքով՝ դա շատ ոգեւորող է եւ պարտաւորեցնող, սակայն ֆիլմն իրականութիւն դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցութիւնը:

«alikonline.ir» - «Վերածնվածը» ֆիլմի արտադրութեան փուլի համար կինոնախագծի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանն ու նրա թիմը 2021-ին դրամահաւաք էին սկսել: Նպատակը 150,000 ԱՄՆ դոլարին հասնելն է։ 254 նւիրատուի շնորհիւ մինչ օրս գոյացրել է 123,092 ԱՄՆ դոլար: Աւետիսեանի խօսքով՝ դա շատ ոգեւորող է եւ պարտաւորեցնող, սակայն ֆիլմն իրականութիւն դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցութիւնը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Աւետիսեանն ասաց, որ կինոնախագծի զարգացման փուլի համար տարբեր աղբիւրներից գոյացել էր 51,700 ԱՄՆ դոլար: Գումարը ներդրւել է սցենարի յղկման, զարգացման աշխատանքների, դերասանների, նկարահանման տեղանքի ընտրութեան համար: Այդ փուլին աջակցել է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ «Մենք նախատեսում ենք նկարահանումները մեկնարկել այս տարի, եթէ կարողանանք գոյացնել գումարի մնացեալ մասը: Այժմ համագործակցում ենք ներդրողների հետ Հայաստանում ու արտերկրում: Ֆիլմի արտադրութեան փուլի ֆինանսական աջակցութեան համար յայտեր ենք ներկայացրել տարբեր ֆոնդերի, դիմել ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնին, համագործակցում ենք տարբեր կինոընկերութիւնների հետ, զուգահեռ հանդիպում ենք դերասանական կազմին: Ամուր ու զօրեղ հիմքերի վրայ նախագիծը քայլ առ քայլ տանում ենք առաջ: Փորձում ենք տարբեր երկրներում համագործակցութիւն ձեւաւորել հեռարձակողների, վաճառքի գործակալների հետ»,- պատմեց Աւետիսեանն ու յաւելեց՝ Ազգային կինոկենտրնին են դիմել արտադրութեան փուլի համար 80,000 ԱՄՆ դոլար ստանալու նպատակով, որը ֆիլմի ընդհանուր բիւջէի որոշ մասն է։

«Մենք չենք ասում թող պետութիւնը մեզ գումար տայ, եւ մենք կանենք, այլ ասում ենք, որ այսքան բան ենք արել, եւ պետութեան աջակցութեան կարիքն ունենք, որովհետեւ եւրոպական երկրների հետ համատեղ արտադրութան համար կարեւորւում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցութիւնը եւ, բնականաբար, ոչ փոքր գումարով: Ըստ համապատասխան կանոնակարգի՝ օտար երկրի ընկերութիւնը չի կարող աւելի մեծ ներդրում կատարել, քան քո երկրինը»,- տեղեկացրեց Ջիւան Աւետիսեանը:

«Վերածնւածը» ֆիլմով մեր ստեղծագործական թիմը խօսելու է հայ ժողովրդի առջեւ ծառացած կարեւորագոյն խնդիրների մասին, պատմելու է մեր մասին, Արցախի ժողովրդի ազատ ապրելու ցանկութեան մասին, անդրադառնալու է 2020 թւականի Արցախեան 44-օրեայ պատերազմին, խօսելու է մարդու ինքնութեան մասին եւ դատապարտելու է պատերազմը։ Ռեժիսորը չի ցանկանում խօսել միայն անցեալի ձախողումներից, անցեալի բացերից, այլ փորձում է ներկայացնել ներկան ու կառուցել ապագան: «Ես հաւատում եմ, որ հայկական կինոմատոգրաֆիան աշխարհին տալու բան ունի: Այս ֆիլմի սցենարը կայացած է, քանի որ շուրջ չորս տարի աշխատում ենք, զարգացնում միջազգային ստեղծագործական թիմով, խորհրդատուներով: Կարեւոր բաղադրիչներից է այն, որ ֆիլմում գլխաւոր հերոսներից մէկն արհեստական բանականութիւնն է, եւ սա կարող է գեղեցիկ մանիֆեստ լինել հայկական ՏՏ եւ արհեստական բանականութեամբ գիտաֆանտաստիկ ֆիլմերի ոլորտում: «Վերածնւածը» գիտաֆանտաստիկ կինոնկար չէ, բայց որոշակի տարրեր դրանից պարունակում է։ Կարծում եմ՝ այս կինոնկարը շատ բան ունի տալու թէ՛ հային, թէ՛ առհասարակ մարդուն»,- հաւաստիացրեց ռեժիսորը, որի նախորդ՝ «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերը դեռ շարունակում են իրենց յաղթարշաւն ամբողջ աշխարհում:

Ջիւան Աւետիսեանը 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իր գործընկեր Նարինէ Ոսկանեանի հետ ճամփորդել է ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ ցուցադրելով «Դրախտի դարպասը» ֆիլմը շուրջ 9 քաղաքում։ ԱՄՆ կոնգրեսում նրանք հանդիպել են կոնգրեսականների հետ, պատմել Արցախի մասին՝ որպէս ականատես ու վաւերագրող: Այդ ընթացքում ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատօնում արժանացել է մրցանակների 4 անւանակարգում՝ «Լաւագոյն ձայն», «Լաւագոյն երաժշտութիւն», «Լաւագոյն սցենար» եւ «Լաւագոյն միջազգային ֆիլմ»: Աւետիսեանը վստահ է՝ իւրաքանչիւր կինոնկար յենարան է ստեղծում ապագայ ֆիլմի համար:

«Վերածնւածը» Ֆիլմի հիմքում մի կնոջ գաղտնիք է, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինութեան ֆակուլտետի ֆրանսաբնակ ուսանողը պատերազմում սպանւած հօր մասին ճշմարտութիւնը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսաբնակ ընկերուհին իր կանադական արմատների յայտնաբերման համար որոշում է մեկնել Իսլանդիայում բնակւող հրաբխագէտ հօր մօտ... Նրա ֆրանսաբնակ յայտնի պրոֆեսորը, որը հրէական ողջակիզումից փրկւածի սերունդ է, կեանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայէլ՝ իր հրէական արմատներին։ Հերոսների դժւարութիւններին եւ զոհաբերութիւններին զուգահեռ, որոնք մօտեցնում են նրանց իրենց իրական ինքնութեանը, զարգանում է արհեստական բանականութեան ծրագիրը:

Կինոնկարն արտադրելու են «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը եւ «ԼԱՅՖԹՐԻ ՓԻՔՉԸՐԶ» սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութիւնը: Ֆիլմը ստեղծւելու է «Արցախ արւեստի եւ մշակութային հիմնադրամ»-ի (ԱՄՆ) եւ «Արտբոքս» փրոդաքշն հաուսը (Լիտւա) հետ համատեղ: Աջակիցներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը:

 

Անժելա Համբարձումեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։