Հա

Մշակոյթ

13/03/2022 - 11:30

Ես եմ հիմա-մի պոէտ, եւ իմ անունը-Չարենց… Հին դարերում նման մարդկանց մարգարէ էին անւանում…

Այս տարին Չարենցինն է. ընդամէնը չորս տասնամեակ ապրած բանաստեղծը յոբելեար է՝ 125 տարեկան:

Այս տարին Չարենցինն է. ընդամէնը չորս տասնամեակ ապրած բանաստեղծը յոբելեար է՝ 125 տարեկան: Այդ առիթով, ինչպէս տեղեկացւել է, ստեղծւել է յոբելեանական յանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալեանի ղեկավարութեամբ: Նայիրեան երկրի բանաստեղծին նւիրւած միջոցառումներ կը կազմակերպւեն թանգարաններում, դպրոցներում, բուհերում, մշակութային այլեւայլ օջախներում:

Կարսեցի գորգավաճառ Աբգար աղայի որդին՝ Եղիշէ Սողոմոնեանը, որ դպրոցահասակ տարիքում սիրում էր ձեռքի ճիպոտը պտտեցնելով՝ չարաճճիութիւններ անել դասընկեր աղջնակների հետ, խաղալ նրանց հոգիների հետ ու «չար» բառով պիտակւել: Ժամանակներ էին անցնելու, եւ նրա մասին խօսելու էին իբրեւ մեծանուն բանաստեղծի, ով իր յայտնութեամբ խորհրդանշելու էր հայոց հանճարեղ գէնի մի նոր բռնկումը՝ Եղիշէ Չարենց պաշտելի անունով…

Ես եմ հիմա-մի պոէտ, եւ իմ անունը-Չարենց,

Պիտի վառւի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական

Դէպի դարերը նորից՝ դէպի վառւող ապագան…

Այդպէս են հանճարները՝ նրանք գերազանցապէս գիտեն իրենց աստղի մեծութիւնը, իրենց ճառագած լոյսի հզօրութիւնը եւ պսակը անմահութեան: Նա, որ կամաւորական զինւորի շինելը հագին, կռւել էր երկիր Նայիրիի ազատութեան համար, հայոց դժոխքի յատակը տեսել սեփական աչքերով, տեսել, թէ ինչպէս է սատանան դուրս եկել երկրի երես ու քրքջում մարդկանց վրայ, բայց չխելագարւել, հրաշքով փրկւել մահւան երախից ու երկնել իր «Դանթէական առասպելը»՝ որպէս մեր անբոժ վէրքի՝ Եղեռնին նւիրւած գեղարւեստական առաջին կոթող:

Քանի որ նշեցինք բանաստեղծի՝ որպէս կամաւորական զինւորագրւելու մասին, ասւածը շարունակենք եւս մի քանի տողով. 1916-ին բանաստեղծը հեռանում է բանակից եւ գնում Թիֆլիս, այնտեղից՝ Կարս, յետոյ՝ Կարինէ Քոթանջեանի յորդորով՝ Մոսկւա, որտեղ գրական կեանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է հայրը՝ Աբգար աղան: Ահա ինչ է պատմում այդ մեկնումի մասին ինքը՝ խելագարւած ամբոխների երգիչը. «Ուզում էի Մոսկւա գնալ: Հնարաւորութիւն չկար: Աբգար աղան ու մայրս դէմ էին: Վերջը մայրս համոզւեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիւ, ելքը գտնւեց. չգիտեմ՝ մօրս աղաչանքներն օգնեցին, թէ Աբգար աղայի շահասիրութիւնը: Համաձայնւեցին, որ գնամ սովորելու եւ միաժամանակ Աբգար աղայի մոսկովեան գործակալը դառնամ՝ գորգավաճառութեան գծով:- Տօ, ե՛ս… ու առեւտրական գործակալ… Ինչ արած, համաձայնւեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տւեց: Էփեջա փող ընկաւ ձեռքս…»:

1918 թ. յունիս-յուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատոյցներում մասնակցում է քաղաքացիական կռիւներին: Իսկ մինչ այդ թուրքական յարձակման պատճառով Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը եւ հաստատւում Մայկոպ քաղաքում: Ինչեւէ: Բարեբախտութիւն է, որ այդ արիւնոտ կռիւներում պատերազմի աստւածը խնայում է բանաստեղծին, այլապէս հայ պոէզիայի ոսկեայ թագից ի՛նչ մարգարիտներ էին պակասելու… Լսենք մեծերին. Մարտիրոս Սարեան. «Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին: Նայիրին ծնեց  Չարենցին: Պատռւեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերն ու նայեց շուրջը: Ժայռակոփ պատկերներ եւ սեպագրեր տեսաւ, տեսաւ ծաղկազարդ մագաղաթներ եւ ձուլածոյ տաճարներ՝ բայց ծով արեան ու ծով ցաւերի մէջ: Սիրտը մղկտաց: Բարձրացրեց գլուխը եւ տեսաւ շողացող Արեւը: Յուսադրւեց: Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է: Թինդ առաւ: Եւ իր բազալտէ հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճւեց փոթորիկների մէջ ու ելքեր որոնեց: Բարձրացաւ ժամանակի սամումը: Երկինքը սեւակնեց ու բոցավառւեց: Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռաւաքար տանող ճամբան… Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցէ կանխորոշւա՞ծ էր նրան ողջակիզւել իբրեւ տառապանքի, մաքառման ու հաւատի խորհրդանշումն… Ո՞վ գիտէ…»:

Ողջակիզման դատապարտւած բանաստեղծին այսպէս է բնութագրում բեմի աստւած Վահրամ Փափազեանը, ով Ղարայի դերն էր խաղացել չարենցեան յայտնի «Կապկազ թամաշա» պամֆլետում. «Եղիշէն մեր նոր ժամանակների շեմքին եւ նոյն այդ ժամանակներում ծնւած մեծագոյն բանաստեղծն է. աւելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղաւ նա՝ իր խռովայոյզ հոգով, արձագանգը՝ իր բոցաշունչ լեզւով ու պողպատաձոյլ պատկերացումը՝ իր մտայնութեամբ: Եղիշէն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց, բացատրութիւնն ու այդ ժամանակի տեսանելի եւ շօշափելի մարմնացումը եղաւ: Հին դարերում նման մարդկանց մարգարէ էին անւանում…»:

Լսենք նաեւ չարենցեան ոգին մարմնաւորող եւ նրա հանգոյն Ագռաւաքարի ճանապարհը որոնած Հրանտ Մատթէոսեան հանճարին. «Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը եւ արքան, մարդու հայրենիքի այս յարատեւ կռւի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած, արիւն տւող գահակալ բարձունքի հասած մարտիկը…»:

Բայց միայն ո՞վ չի սքանչացել ու խոնարհւել չարենցեան Ոգու առաջ: Ո՞ր մի հայի շուրթերը չեն այրւել նրա «Ես իմ անուշ Հայաստանիի» կարոտաբաղձ համբոյրից:

Յաւերժի ճանապարհին հերթը եկող սերունդներինն է՝ չարենցեան ոգով խենթացած…

 

«Արմէնպրես»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։