Մալենայի փայլուն յաղթանակից յետոյ «Մանկական Եւրոտեսիլ» երգի 20-րդ մրցոյթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենայ Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում:
«alikonline.ir» - Մալենայի փայլուն յաղթանակից յետոյ «Մանկական Եւրոտեսիլ» երգի 20-րդ մրցոյթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենայ Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում: Այս մասին յայտարարում են Եւրոպական հեռարձակողների միութիւնը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:
«Մանկական Եւրոտեսիլ»-ը Երեւանը հիւրընկալում է արդէն երկրորդ անգամ՝ 2011 թւականին Վլադիմիր Արզումանեանի «Մամա» երգի յաղթանակից յետոյ: Հայաստանը «Մանկական Եւրոտեսիլ» մրցոյթի պատմութեան ամենայաջողակ երկներից մէկն է՝ 14 անգամ մասնակցել է եւ միշտ լաւագոյն տասնեակում տեղ է զբաղեցրել:
«Անհամբեր ենք տեսնելու, թէ ինչպէս են Երեւանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգեւորութիւնն ու աւիւնը, որ ունեն «Մանկական Եւրոտեսիլ» մրցոյթի հանդէպ»,- ասել է «Մանկական Եւրոտեսիլ»-ի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը։