«Մարդը տիեզերք է գնում ոչ թէ երկրագնդի վրայ տեղ չլինելու պատճառով, այլ պարզապէս չի դիմանում երկրային ցաւերին»։
«alikonline.ir» - «Մարդը տիեզերք է գնում ոչ թէ երկրագնդի վրայ տեղ չլինելու պատճառով, այլ պարզապէս չի դիմանում երկրային ցաւերին»։
Այսօր բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Համօ Սահեանի (ի ծնէ՝ Հմայակ Սահակի Գրիգորեան) ծննդեան օրն է. 1914, Լոր, Սիւնիքի մարզ։
Սահեանն իր գրական անունը ստեղծել է հօր՝ Սահակի անւան առաջին մասի «ՍԱՀ» եւ ազգանւան վերջաւորութեան «եան» համատեղումով։
Սահեանը սկզբնական կրթութիւնը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրեւ ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշեանը եւ Ակսէլ Բակունցը։ 1927 թւականին Հ. Սահեանը տեղափոխւել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթութիւն։ 1935 թւականին ընդունւել եւ 1939 թւականին աւարտել է Բաքւի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։
1939-1941 թւականներին աշխատել է Բաքւի «Խորհրդային գրող» ամսագրում որպէս գրական աշխատող: Որպէս Կասպիական նաւատորմի նաւաստի, մասնակցել է նաեւ Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թւականին Զօրեանի հրաւէրով գալիս է Երեւան եւ բնակութիւն հաստատում նրա տանը։ Հէնց Զօրեանի օգնութեամբ է Սահեանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
1965-1967 թւականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխաւոր խմբագիրը։
Համօ Սահեանի ստեղծագործութիւնների թեմատիկայի մաս է կազմում նաեւ Հայաստանը։
1972 թւականին լոյս է տեսնում Սահեանի «Սեզամ, բացւիր» ժողովածուն, որի համար 1975 թւականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Համօ Սահեանի ստեղծագործութեան մէջ մեծ թիւ են կազմում անցեալին, մանկութեանը նւիրւած բանաստեղծութիւնները։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի եւ այլ բանաստեղծների ստեղծագործութիւններից: Սահեանի բանաստեղծութիւններում անձինք են համարւում անձրեւը, ծառը, կայծակը, գետը, լիճը եւ այլն։
Պարգեւատրւել է Հոկտեմբերեան յեղափոխութեան, Աշխատանքային Կարմիր դրօշի եւ «Պատւոյ նշան» շքանշաններով:
Համօ Սահեանը մահացել է 1993 թւականի յուլիսի 17-ին Երեւանում։ Նրա աճիւնը տեղ է գտել Կոմիտասի անւան պանթէոնում։ 1998թ. յետմահու լոյս է տեսնում Համօ Սահեանի «Ինձ բացակայ չդնէք» անտիպ բանաստեղծութիւնների ժողովածուն:
«Բախտաւոր բանաստեղծ է Համօ Սահեանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջեւ, նրան սիրում են անդաւաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թէ Սահեանն ինչպէս է կարողանում հասարակ խօսակցութեան լեզւով բարդ ու խորունկ մտքեր բիւրեղացնել... Ինչպէս է կարողանում «մաշւած» բառերին առաջին գործածութեան թարմութիւն հաղորդել։ Ինչպէս է բառերի վրայ դնում իմաստային մեծ բեռ, եւ բառերը... թեթեւ ու վստահ տանում են իրենց բեռը... Խօսքի վարպետը գիտէ իր գործը... Հ. Սահեանը նման էր իր պոէզիային, ինչպէս իր պոէզիան իրեն...»,- ասել է գրականագէտ, թատերագէտ, թարգմանիչ, հրապարակախօս Լեւոն Հախվերդեանը: