Հա

Մշակոյթ

25/04/2022 - 12:20

Բացառիկ հարցազրոյց քուրդ աշխարհահռչակ օպերային երգչուհու հետ. «Հայ ժողովրդից այս հողերում մնացել են միայն աւերակներ»

Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսւած հայ-թուրքական երկխօսութեան գործընթացը բազմակողմանիօրէն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրոյցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

Այս անգամ Ermenihaber.am-ի զրուցակիցը Թուրքիայում ծնւած, իսկ այժմ Գերմանիայում բնակւող քուրդ յայտնի օպերային երգչուհի Փերւին Չաքարն է:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսւած հայ-թուրքական երկխօսութեան գործընթացը բազմակողմանիօրէն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրոյցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

Այս անգամ Ermenihaber.am-ի զրուցակիցը Թուրքիայում ծնւած, իսկ այժմ Գերմանիայում բնակւող քուրդ յայտնի օպերային երգչուհի Փերւին Չաքարն է:

 

Համառօտ կենսագրական

Փերւին Չաքարն իր երաժշտական կրթութիւնը նախ ստացել է Թուրքիայում։ Ապա մեկնել է Իտալիա՝ օպերայի բնագաւառում կրթութիւն ստանալու։ Բեմ է բարձրացել Իտալիայի ամենանշանաւոր օպերային թատրոններում, ինչպիսիք են Միլանի Լա Սկալան, Լա Ֆենիչէն, Բոլոնիայի օպերային թատրոնը, Մաչերատա օպերա ֆեստիւալը, Բարիի Պատրուցելլի օպերային թատրոնը եւ այլն։

Նա մի քանի անգամ ճանաչւել է «Աշխարհի լաւագոյն կանացի ձայն»։ Համերգներ է տւել Աւստրիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Գերմանիայում։

«Հիմա երբ յետ եմ նայում, շատ յուզումնալից էր օրինակ, երբ Փարիզում ստացայ Լէյլա Գենչէրի «Ոսկէ Օրֆէօ» մրցանակը, քանի որ ստացայ համաշխարհային կարգի թուրք սոպրանոյի անունից տրւած մրցանակը՝ որպէս քուրդ արւեստագէտ»,- վերյիշում է Չաքարը։

 

- Ե՞րբ սկսեցիք հետաքրքրւել օպերային արւեստով ի՞նչ է Ձեզ համար օպերան:

- Սովորում էի Դիարբեքիրի գեղարւեստի միջնակարգ դպրոցում, որտեղ դասաւանդւում էր նաեւ դասական արեւմտեան երաժշտութիւն, բայց օպերայից բան չէի հասկանում։ Ես աւելի շատ զբաղւում էի ժողովրդական երաժշտութեամբ, բայց շնորհիւ Մարիա Կալլասի ալբոմի, որը նւիրել է ընկերուհիս, ինձ համար նոր աշխարհ յայտնաբերեցի:

Համալսարանական կրթութեան ընթացքում ես հնարաւորութիւն եմ ունեցել ինքս ինձ զարգանալու։ Ի դէպ, Անկարայի պետական ​​օպերայում դիտել եմ «Սեւիլեան սափրիչ» օպերային ներկայացումը: Դա իմ դիտած առաջին օպերան էր եւ ինձ շատ յուզեց: Այսպէս ձեւաւորւեց իմ կեանքի մնացած մասը, եւ ես սկսեցի պրոֆեսիոնալ կերպով զբաղւել օպերայով, որն իմ կիրքն է:

 

- Որտեղի՞ց են ծագում Ձեր յարաբերութիւնները հայկական մշակոյթի հետ, երբւանի՞ց էք սկսել հետաքրքրւել հայկական արւեստով։

- Դերիքը, որտեղ ես ծնւել եմ, ժամանակին մի քաղաք էր, որտեղ քրդերը, հայերն ու ասորիները միասին էին ապրում: Այդ քաղաքի անունը քրդերէնից թարգմանաբար նշանակում է փոքր եկեղեցի։ Ի տարբերութիւն ներկայիս մահմեդական մեծամասնութեան՝ ժամանակին այստեղ ապրել են քրիստոնեայ քրդեր, եւ այս երեք ինքնութիւնների ընդհանուր մշակութային ժառանգութիւնը մեր սերնդին փոխանցւել է առանց խտրական մօտեցումների: Չնայած Մեծ Եղեռնին, Դերիքում դեռեւս կայ հայկական եկեղեցի։ Այս մշակութային միջավայրում մեծանալն արդէն ստիպում է մարդուն հոգեպէս իրեն մօտ զգալ այդ ամենին:

Բացի Դիարբեքիրում եւ Վանում ապրող հայերից, ես նաեւ հնարաւորութիւն եմ ունեցել հանդիպելու եւ աշխատելու հայ երաժիշտների հետ Եւրոպայում կրթութիւն ստանալու ընթացքում։ Աշխատել եմ նաեւ Հայաստանում, քրդական երաժշտութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ եմ կատարել հայկական ռադիոյի արխիւում։ Աշխարհագրական տեսանկիւնից լինելով կողք-կողքի՝ երաժշտութեան մէջ նոյնպէս մտերմութիւն ենք հաստատել։ Շատ քրդական երգեր ձայնագրւել եւ նոտագրւել են հայ երաժիշտների կողմից, ինչպէս օրինակ Կոմիտասը։ Եղել են նաեւ հայերէն եւ քրդերէն երկլեզու երգեր: Սա բնական հետաքրքրութիւն առաջացրեց հայկական երաժշտութեան եւ մշակոյթի հանդէպ: Իմ սիրելի օպերային երգչուհիներից Իզաբէլ Բայրակդարեանի եւ Լենա Չամամեանի իւրայատուկ ձայներն ու մեկնաբանութիւնները, իհարկէ, ինձ շատ գրաւեցին։

 

- Դուք կատարել էք յայտնի հայ Աշուղ Սայեաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը։ Եւրոպացի եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները կատարելիս երբեւէ նկատե՞լ էք, թէ որն է աւելի շատ ձեր սիրտը յուզում։

- «Քանի վուր ջան իմ» երգը ինձ շատ է տպաւորել։ Սայեաթ Նովան, կամ ինչպէս ասում են մեր մշակոյթում՝ Սէյիդ Նոֆան, զարմանալի աշխարհ ունի։ Դա նման է մի ամբողջ արեւելեան աշխարհագրութեան, առեղծւածային ասկետիզմի, աշուղական աւանդոյթի, բառերից ու լեզուներից կազմւած մի իւրօրինակ քարտէզի:

Սկզբում ուզում էի կատարել նրա «Ղարիբ բլբուլ» երգը, որը ժամանակին կատարել էր Սուսիկա Սիմոն Երեւանի ռադիոյով, բայց երբ լսեցի «Քանի վուր ջան իմ»-ը, բառեր չգտայ արտաէայտւելու համար: Ինձ ոգեշնչեց նաեւ Առնօ Բաբաջանեանի եզակի Էլեգիա ստեղծագործութիւնը։ Ես ուզում էի երգել հէնց այս ստեղծագործութիւնը, որովհետեւ զգացի Սայեաթ Նովայի պէս թանկագին սիրահարի տխրութիւնը եւ այն շատ գեղեցիկ էր։

Իհարկէ, արեւմտեան դասական երաժշտութիւնն ու օպերան այլ շունչ ունեն՝ ժողովրդական երաժշտութիւնից տարբերւող: Այս երկակիութիւնը բազմիցս դիտարկւել է որպէս խնդրայարոյց ոչ միայն մեզ, այլեւ արեւմտեան երաժշտութեան համար։ Բախի, Դէբիւսիի կամ Մոցարտի ստեղծագործութիւններում շատ են նաեւ ժողովրդական մեղեդիները, երբեմն էլ նման համակցւած գործեր են արւում, բայց յաճախ իսկապէս կոշտ անցումներ են լինում արեւելեան եւ արեւմտեան երաժշտութեան միջեւ։

Դա նման է երկու տարբեր աշխարհների: Այս առումով դրանք լիովին համեմատելի երաժշտութիւն չեն: Իւրաքանչիւրն ունի իր ազդեցութիւնը եւ այն հպումները, որոնք ստեղծում է իմ հոգում եւ մտքում: Այս երկու աշխարհները մէկտեղելու համար այսօր կատարում եմ քրդերէն, հայերէն, ասորերէն երգեր՝ դրանք համադրելով արեւմտեան երաժշտութեան տեխնիկայի հետ եւ վերստեղծելով դրանք։ Ես հաւատում եմ, որ դրա ազդեցութիւնը շատ աւելին կարող է լինել, քան բուն իւրաքանչիւր երաժշտութեան ազդեցութիւնը:

 

- Ձեր երգացանկում ներառւած են նաեւ Կոմիտաս վարդապետի քրդական ժողովածուները: Կոմիտասը հայկական մշակոյթի եւս մէկ գագաթ է, այս հողերում հայերի ապրած տառապանքների եւ Հայոց Ցեղասպանութեան խորհրդանիշը։ Ի՞նչ էք զգում, երբ կատարում էք նրա ստեղծագործութիւնները:

- Բոլորիս համար մեծ բախտ է, որ մեծ վարպետ Կոմիտասի ստեղծագործութիւնները պահպանւել են։ Կոմիտասը հիմա իմ աչքին աշխարհահռչակ երաժիշտ է ու սուրբ։ Ես հնարաւորութիւն ունեցայ ուսումնասիրելու նրա քրդերէն ժողովածուները։ Անգամ Կոմիտասի յիշատակին նւիրւած միջոցառումներ ենք անցկացրել Ստամբուլում, Բեռլինում եւ Դիարբեքիրում։ Ես կատարեցի նրա քրդական ժողովածուներից մէկը (Dewrêşê Evdî):

Այս երգերը երգելիս, կարծում եմ, երախտագիտութեան պարտք ունենք վարպետ Կոմիտասին։ Ես միշտ հոգ եմ տանում, որ ամէն համերգին կատարեմ նրա ստեղծագործութիւններից։ «Օրօր»-ը, «Գարուն»-ը, «Կռունկ»-ը, «Քելէ Քելէ»-ն, «Դլէ Եաման»-ը իմ ամենասիրելի ստեղծագործութիւններն են: Հիմա Կոմիտասի կողքին աւելացրել եմ նաեւ Սայեաթ Նովայի երգացանկը։ Լաւ է, որ նրանք եկել անցել են այս աշխարհից եւ այնպիսի հետքեր են թողել, որ մենք նրանց միշտ յիշենք։

 

- Այն հողերը, որտեղ նաեւ դուք էք ծնւել, մէկ դար առաջ զրկւել են հայկական գոյութիւնից, հայ ժողովրդից եւ հայկական մշակոյթից։ Հիմա մեծ պատասխանատւութիւն է այդ ժառանգութեան մնացորդները պահպանելը։ Ի՞նչ հետք է թողել այս հողերում մարդկանց կրած տառապանքը ձեր մշակութային ինքնութեան վրայ։

- Մենք՝ քրդերս, ամէն կերպ պատասխանատւութիւն ենք զգում այն հողի հանդէպ, որտեղ ծնւել ենք եւ այն երաժշտութեան, որը մեզ ժառանգել են մեր նախնիները։ Այն ամրացած է մեր գիտակցութեան մէջ որպէս մի յուշարձան, որը թողել են մեզ ոչ միայն մեր ազգակիցները, այլեւ բոլոր նրանք, ովքեր երբեւէ գոյութիւն են ունեցել այս հողում: Մեր մշակոյթը լի է այդ հետքերով: Մեր հողն իսկապէս շատ հարուստ է, բայց ցաւով ու տառապանքով լի։

Տառապանքները, ջարդերն ու ցեղասպանութիւնները շարունակաբար աւելացել են՝ մեծ հետքեր թողնելով մեր արւեստում։ Ե՛ւ նրանք, ովքեր իրականացրել են կոտորածը, ե՛ւ նրանք ովքեր ենթարկւել են կոտորածների ու ողբում են այդ տառապանքները, երկուսն էլ այս հողերում են շնչել, երկուսն էլ այս հողերի ջուրն են խմել:

Երբ հայ ժողովրդից այս հողերում մնացել են միայն աւերակներ, նրանց մշակոյթը տխուր մի երգով փոխանցելը, մեր օրեր հասցնելը, թւում է, թէ հասարակ մի բան է, բայց իրականում այն շատ բարդ է: Հարիւր տարի առաջ հայերի ապրած ողբերգութիւնն այսօր տարբեր կերպով ապրում են նաեւ քրդերը եւ իմ ժողովուրդն այսօր նմանատիպ ճակատագրի է արժանանում: Մինչդեռ ինչ էլ անեն, պէտք է իմանան որ մեզնից յետոյ մեր հզօր երգերն են մնալու...

 

Հեղինակ` Գէորգ Կալլոշեան

Աղբիւր` Ermenihaber.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։