Հա

Մշակոյթ

30/04/2022 - 13:10

Իր աշխատանքն ամփոփեց Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող թուրք լուսանկարչի ցուցահանդէսը

Ուրբաթ, ապրիլի 29-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում 10 օր ցուցադրութիւնից յետոյ իր աշխատանքն ամփոփեց՝ հայերը՝ Ցեղասպանութիւնից յետոյ թեման ներկայացնող «ԿԱՅԱՆ» ցուցահանդէսը:

Էրհան Արիք. ««ԿԱՅԱՆ»-ն ինձ համար սեփական ինքնութիւնս բացայայտելու փորձ էր»

 

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, ապրիլի 29-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում 10 օր ցուցադրութիւնից յետոյ իր աշխատանքն ամփոփեց՝ հայերը՝ Ցեղասպանութիւնից յետոյ թեման ներկայացնող «ԿԱՅԱՆ» ցուցահանդէսը:

Ցուցահանդէսն իրականացւել էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան ջանքերով ու նախաձեռնութեամբ:

Միջոցառման ծրագրի հաղորդավար՝ Էմիլ Սէթխանեանը ներկայացնելով նախագծի հեղինակի կենսագրութիւնը եւ յղումներ անելով Էրհան Արիքի մասին թուրքական մամուլի անդրադարձին, հանդիսատեսին ներկայացրեց «ԿԱՅԱՆ» նախագծի իրականացման շարժառիթները:

Փակման ծրագրին, որին մասնակցում էին նաեւ պարսկախօս լուսանկարիչներ, մտաւորականներ եւ ԲՈՒՀ-ական շրջանակներ ու իրանագէտներ, էկրանին ցուցադրւեց լուսանկարչի ողջոյնի խօսքը, որը տեղի վրայ թարգմանաբար ներկայացւում էր օրւայ բանախօսի՝ համալսարանի դասախօս Գրիգոր Ղազարեանի միջոցով:

Էրհան Արիքը նշեց, որ նախագծի իրականացումն իր համար առաւել կարեւոր է դարձել, երբ անցեալի մասին իր ընտանիքի յիշողութիւնն է նրան ուղեկցել: Էրհանը պատմեց իր տեսած երազը, որն աւելի շուտ զարթօնքի էր նման առերեսւելու իրական պատմութեան հետ:

Գրիգոր Ղազարեանը պատմելով Էրհան Արիքի մօտեցումների եւ լրագրութեան ասպարէզում կտրած ճանապարհի մասին «ԿԱՅԱՆ»-ով ներկայացածը առաջին հերթին համարեց կարեւոր՝ թուրք լսարանի համար, ում կարող է առիթ տալ առերեսւելու իր պատմութեան իրականութեան հետ, միեւնոյն ժամանակ յիշեցնելով, որ «ԿԱՅԱՆ»-ն առաջին անգամ ցուցադրութեան է հանւել Ստանբուլում՝ թուրք հանդիսատեսի համար: Գրիգոր Ղազարեանը յաւելեց, որ Իրանում այն առաջին անգամ ցուցադրութեան է հանւել Նոր Ջուղայում՝ հայ եւ պարսկախօս հանդիսատեսի համար:

Ցուցահանդէսով ներկայացւած պատմութեան եւ կատարւած աշխատանքների առիթով ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանը:

Հենրիկ Խալոյեանը պատմելով այն մասին, որ ինքը եւս հանդիսանում է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով աքսորի ուղին բռնած վերապրողի ժառանգորդ, անկեղծացաւ եւ յուզախառն ձայնով նշեց, որ խորապէս գիտակցում է այն ցաւը, որը կարող է իր աննկարագրելի հետքերը թողնել մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրայ:

Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով աչքի ընկան Դերեն Բրաթեանը՝ դաշնամուրի, իսկ Կարէն Իսայեանը՝ ջութակի մենակատարումներով:

Փակման միջոցառմանը հանդիսատեսի կողքին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները, «Ազատ» համալասարանի հայերէնագիտական ամբիոնի վարիչը, ազգային միութիւնների ու մարմինների ներկայացուցիչներ, եւ հայ ու պարսկախօս անւանի լուսանկարիչներ եւ արւեստի քննադատներ:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։