Հա

Մշակոյթ

05/05/2022 - 11:50

Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը

«Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սիւզմէն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանութեան վայրում հիմնւած Հրանտ Դինքի «23,5» յուշավայրի քաղւածքն է եւ շարունակութիւնը։ Յուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թւականի ապրիլի 23-24-ին, իր անւանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կէս» յօդւածից՝ հրատարակւած 1996 թւականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։

«alikonline.ir» - Սեփական ժողովրդի ցաւն իր մէջ կրող, արդարութեան պայքարի համար իր կեանքը տւած պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերէն եւ թուրքերէն լեզուներով տպագրւող «Ակօս» թերթի երջանկայիշատակ գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի կեանքն ու գործունէութիւնը կը ներկայացւի Հայաստանում: Հրանտ Դինքի սպանութեան 15-րդ տարելիցին նրա կեանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդէսը սկսում է իր ուղեւորութիւնը Երեւանից: «Հրանտ Դինք» հիմնարկի նախաձեռնութեամբ «Նորարար փորձառական արւեստի կենտրոն»-ում մայիսի 7-ից իր դռները կը բացի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագիրը կրող ցուցահանդէսը:

«Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սիւզմէն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանութեան վայրում հիմնւած Հրանտ Դինքի «23,5» յուշավայրի քաղւածքն է եւ շարունակութիւնը։ Յուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թւականի ապրիլի 23-24-ին, իր անւանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կէս» յօդւածից՝ հրատարակւած 1996 թւականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։

««Ակօս»-ի գրասենեակը շատ կարեւոր տեղ ունեցաւ հանրային յիշողութեան մէջ: Մի քանի տարի նախապատրաստական աշխատանքների արդիւնքում այսօր գործում է Հրանտ Դինքի «23,5» յուշավայրը, որտեղ ներկայացւած է նրա կեանքը, կենսագրութիւնը, անցած ուղին, այն, թէ ինչի համար էր պայքարում, ինչ գաղափարներ էր պաշտպանում, ինչին էր հաւատում: Այսօր Երեւանում բացւող ցուցահանդէսում այցելուները եւս հնարաւորութիւն կունենան տեսնել այդ ամէնը: Ներկայացւելու է նաեւ, թէ ինչ կեանք են ապրում ազգային փոքրամասնութիւնները Թուրքիայում, արդարութեան փնտրտուքը, Հրանտ Դինքի կեանքի պայքարը եւ այլն»,- ասաց Թալին Սիւզմէն:

Հրանտ Դինքն իր տեսանիւթերով եւ ձայնագրութիւններով կը լինի ցուցահանդէսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմութիւնը, արդարութեան ճանապարհին հասնելու որդեգրած արժէքները։ Ցուցահանդէսում լինելու է «Ակօս»-ի անկիւն, որտեղ ներկայացւելու է թերթի պատմութիւնը: Ինտերակտիւ բաժնում այցելուները հնարաւորութիւն կունենան իրենց յիշողութիւնները, պատմութիւնները արձանագրել ձայնագրութեան կամ տեսագրութեան միջոցով, ինչպէս նաեւ ծանօթանալ այլոց պատմութիւններին: Առցանց կապ է հաստատւելու նաեւ Ստամբուլում գործող «23,5» յուշավայրի հետ:

Ցուցահանդէսը բաց կը լինի 2022 թւականի մայիսի 7-ից մինչեւ յուլիսի 31-ը։ Այդ ընթացքում ցուցահանդէսի շրջանակում անցկացւելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացւելու են Թուրքիայում ապրող հայերի եւ այլ ազգային փոքրամասնութիւնների մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղւած աշխատանքները, փաստագրւած նիւթերը, անձնային պատմութիւնները: Ցուցահանդէսի լեզուն արեւելահայերէն, արեւմտահայերէն ու անգլերէն է: Ցուցահանդէսը միայն Հայաստանով չի սահմանափակւելու, այն ներկայացւելու է աշխարհի շատ այլ քաղաքներում, յատկապէս հայաշատ վայրերում:

«Հրանտ Դինք» հիմնարկը ստեղծւել է 2007 թւականի յունւարի 19-ին Հրանտ Դինքի՝ «Ակօս» թերթի դիմաց սպանւելուց յետոյ՝ նմանատիպ ցաւալի դէպքերը կանխարգելելու եւ Հրանտ Դինքի ժառանգութիւնը շարունակելու, նրա՝ աւելի ազատ ու արդար աշխարհ կերտելուն միտւած երազանքները իրականացնելու, նրա խօսքը եւ ոգին ապրեցնելու համար։ Հիմնարկը գործում է յանուն այնպիսի աշխարհի եւ այնպիսի Թուրքիայի, որտեղ մարդն ունի ազատ խօսքի իրաւունք, որտեղ անցեալին եւ ներկային նայելիս առաջնայինը խիղճն է։ «Հրանտ Դինք» հիմնարկի ծրագրի համակարգող Արմենուհի Նիկողոսեանի խօսքով, ցուցահանդէսն այն նախաձեռնութիւններից մէկն է, որով աշխարհի տարբեր հատւածներում լսելի կը լինի Հրանտ Դինքի ձայնը, լայն հասարակութեանը կը ներկայացւի նրա պայքարի ուղին:

«Թուրքիայում Հրանտ Դինքն այնպիսի թեմաներից էր խօսում, որոնք այդքան էլ ընդունելի չեն: Նրա ձայնը լռեցրին, սակայն նրա ընտանիքն ամէն ինչ անում է, որ Հրանտ Դինքի ձայնը բարձրացւի աշխարհի տարբեր վայրերում ու լինի լսելի: Ժողովրդավարութիւն, խօսքի ազատութիւն, արդարութիւն, սրանք այն հարցերն են, որոնք վերաբերում են, ոչ միայն Թուրքիային, այլ՝ տարբեր երկրներին»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ Թուրքիայի քաղաքացիական հասարակութիւնն այսօր ճնշման տակ է: Դժւար կացութեան մէջ են գործում շատ հասարակական կազմակերպութիւններ: Դրանք պարբերաբար ինչ-որ ստուգումների, ընթացակարգերի մէջ են: Արմենուհի Նիկողոսեանը նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնարկը նոյնպէս խնդիրներ է ունենում: 2019 թւականին նախատեսում էին համաժողով իրականացնել՝ նւիրւած Կեսարիայի մշակութային, սոցիալ-տնտեսական վիճակին:

«Սկզբում արգելեցին Կեսարիայում անցկացնելը, յետոյ որոշեցինք այն տեղափոխել Ստամբուլ: Միջոցառումից մէկ օր առաջ մեզ ասացին, որ այնտեղ էլ չենք կարող անցկացնել: Մենք ստիպւած ստեղծագործական մօտեցում ցուցաբերեցինք ու անցկացրեցինք փառատօն»,- ասաց Արմենուհի Նիկողոսեանը:

Դժւարութիւններ ու ճնշումներ կան, սակայն նեցուկ կանգնողներ եւս կան: Արմենուհի Նիկողոսեանը վերյիշեց մի դէպք, երբ 2020 թւականի մայիսին Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանը սպառնալիքներ էր ստացել: Շատերը կանգնեցին հիմնադրամի կողքին, դրանից յետոյ դէպքի հետ կապւած իրաւական գործընթացներ սկսւեցին:

Չնայած դժւարութիւններին «Հրանտ Դինք» հիմնարկը գործում է ակտիւ՝ իրականացնելով ծրագրեր տաբեր ուղղութիւններով՝ քննարկումներ, վերապատրաստումներ, քաղաքացիական հասարակութեան հզօրացման ծրագրեր, արեւմտահայերէնի դասընթացներ եւ այլն:

 

Աննա Գզիրեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։