Հա

Մշակոյթ

05/05/2022 - 12:10

«Անիի հայկականութիւնը եւ մշակութային ինքնութեան աղաւաղման թուրքական քաղաքականութիւնը». Նայիրա Սահակեան

Թուրքական «Դէյլի Սաբահ» թերթը մարտի 14-ին հրապարակել է մի յօդւած, որ վերնագրւած է այսպէս՝ «Երկու ամսում 34․500 զբօսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագոյն քաղաք Անի»: Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքում ՀՑԹԻ Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի հայութեան բռնաճնշումների ուսումնասիրութեան բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նայիրա Սահակեանն իր յօդւածում գրում է. «Առաջին հայեացքից այս լուրը թւում է անվնաս եւ անգամ դրական, քանի որ մեծ թւով մարդիկ են ծանօթացել հնագոյն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգութեանը։

«alikonline.ir» - Թուրքական «Դէյլի Սաբահ» թերթը մարտի 14-ին հրապարակել է մի յօդւած, որ վերնագրւած է այսպէս՝ «Երկու ամսում 34․500 զբօսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագոյն քաղաք Անի»: Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքում ՀՑԹԻ Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի հայութեան բռնաճնշումների ուսումնասիրութեան բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նայիրա Սահակեանն իր յօդւածում գրում է. «Առաջին հայեացքից այս լուրը թւում է անվնաս եւ անգամ դրական, քանի որ մեծ թւով մարդիկ են ծանօթացել հնագոյն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգութեանը։

Սակայն եթէ ուշադիր կարդաք բուն տեքստը, կը հասկանաք, որ այդ անմեղ տեղեկատւութեան տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրւած՝ փոխել հայկական միջնադարեան ժառանգութեան ինքնութիւնը։

Անին միջնադարեան Հայաստանի ամենածաղկուն քաղաքաներից էր։ Նրա տարածքը բնակեցւած է եղել դեռ հնագոյն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպեան կառոյցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպէս ամրոց յիշատակւում է դեռեւս 5-րդ դարից։ Քաղաքը սկզբնապէս պատկանել է Կամսարական հայկական նախարարական տանը, ապա անցել Բագրատուների վերահսկողութեան տակ։ Բագրատունեաց Հայաստանում է, որ Անին դառնում է տարածաշրջանի ամենածաղկուն կենտրոններից մէկը: 10-րդ դարի կէսերին ու 11-րդ դարի սկզբին Անին պարսպապատւում է. կառուցւում են քաղաքի ներքին (Աշոտեան) եւ արտաքին (Սմբատեան) պարիսպները։ Այդ շրջանում են կառուցւում նաեւ հայ ճարտարապետութեան փառահեղ նմուշ Մայր Տաճարը, բազմաթիւ այլ եկեղեցիներ, քարաւանատներ, բաղնիքներ, կամուրջներ եւ այլ շինութիւններ։ Թադէոս Յակոբեանը նշում է, որ «Բագրատունեաց թագաւորութեան տնտեսական, քաղաքական ու մշակութային կեանքի բոլոր թելերը ձգւում են դէպի Անի»:

Փոքր-ինչ ծանօթ լինելով քաղաքի պատմութեանը՝ դժւար է պատկերացնել մի տեքստ, որ խօսում է Անիի մասին՝ չնշելով քաղաքի հայկականութիւնը։ Թուրքական «Դէյլի Սաբահ»-ին, սակայն, դա յաջողւել է։ Յօդւածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականութեանը, այլեւ նոյնիսկ փոխում է քաղաքի ինքնութիւնը՝ ներկայացնելով որպէս իսլամական մշակութային ժառանգութիւն։ Մասնաւորապէս՝ նիւթի մէջ նշւում է, թէ քաղաքը «11-րդ եւ 12-րդ դարերի իսլամական ճարտարապետական բազմաթիւ աշխատանքների օրրան է»։

Անշուշտ, Անիում կարող ես գտնել նաեւ իսլամական մշակոյթի կոթողներ, քանի որ քաղաքը նախ մշակոյթների խաչմերուկում էր, եւ երկրորդ՝ Բագրատունիները կապեր են ունեցել Արաբական խալիֆայութեան հետ։ Սակայն բաւական է մէկ անգամ տեսնել Անիի մշակութային ժառանգութիւնը, եւ պարզ կը դառնայ հայկական քրիստոնէական մշակոյթի գերակայութիւնը։ Մինչդեռ «Դէյլի Սաբահ»-ի հեղինակը այնպէս է գրում, կարծես այն իսլամական մշակոյթի կենտրոն է, որտեղ կարելի է հանդիպել նաեւ մի քանի քրիստոնէական կոթողների։ Այս գրելաոճը նորութիւն չէ եւ անչափ բնորոշ է թերթին, որտեղ կարելի է գտնել մի շարք նմանօրինակ այլ յօդւածներ։

Նոյն խնդիրն ունի նաեւ քաղաքում տեղադրւած տեղեկատւական ցուցանակը, որը եւս Անին ներկայացնում է որպէս իսլամական մշակոյթի նմուշ եւ որեւէ կերպ չի անդրադառնում նրա հայկականութեանը։

Թուրքիան բաւական վաղուց է որդեգրել այս մօտեցումը. կրօնական կոթողների իսլամացումը դարերի պատմութիւն ունի այդ երկրում։ Նման օրինակ է Կարսի Սուրբ Առաքելոցը, որը եկեղեցուց կրկին մզկիթի է վերածւում, երբ Կարսը թուրքական իշխանութեան ձեռքն է անցնում։

Թուրքիան այս քաղաքականութիւնը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մինչեւ 2020-ի յուլիսի 10-ը գործում էր որպէս թանգարան, իսկ յուլիսի 10-ից վերածւեց մզկիթի։ Ակնյայտ է, որ Թուրքիան շարունակում է դեռեւս 19-րդ դարում սկսած եւ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում գագաթնակէտին հասցրած մշակութային ցեղասպանութեան քաղաքականութիւնը՝ աւերումն արդէն նենգափոխման հետ զուգակցելով»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։