Հա

Մշակոյթ

14/05/2022 - 11:45

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ժամանակ տարհանւած գորգերը կը տեղափոխւեն Պատմութեան թանգարան

44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանւած եւ Հայաստան տեղափոխւած գորգերն արդէն կը ցուցադրւեն Հայաստանի պատմութեան թանգարանում։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտնեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրեանը։

«alikonline.ir» - 44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանւած եւ Հայաստան տեղափոխւած գորգերն արդէն կը ցուցադրւեն Հայաստանի պատմութեան թանգարանում։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտնեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրեանը։

Նա նշեց, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարութեան հետ քննարկումները սկսւել են փետրւարից։ Սկզբում դիտարկւել է Արտաքին գործերի նախարարութեան հին շէնքի տարբերակը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի ստացւել եւ ԿԳՄՍ նախարարութեան կողմից առաջարկւել է Պատմութեան թանգարանը։

«Երբ գնացինք զրուցելու, թանգարանում ինձ ասացին, որ իրենց մի քանի նմուշները պէտք է ցուցադրւեն մեր գորգերի հետ, ես, իհարկէ, անակնալի եկայ, որովհետեւ դա ճիշտ չէ։ Հնարաւոր չէ նոյն ցուցադրութեան ժամանակ տարբեր նմուշներ ցոյց տալ։ Ասում եմ՝ եթէ ձեր գորգերն էլ էք ուզում դնել, անունն ի՞նչ էք ուզում դնել, ասում են՝ դէ կը դնենք արցախեան գորգերի թանգարան։ Ես չեմ համաձայնել այդ տարբերակին»,- պատմեց Վարդան Ասծատրեանը։

Ասծատրեանը հակադարձել է առաջարկին՝ նշելով, որ Շուշի գորգերի թանգարանը առանձին աւանդոյթներ եւ պատմութիւն ունի։

«Գորգագէտները ընդհանուր եզրայանգման եկած չեն, որ նոյն բանն ասեն։ Մեր գորգերի պատմութիւնն էլ լրիւ ուրիշ է, ասում եմ՝ եթէ մենք մեր գորգի պատմութիւնը պատմում ենք, հարեւան դահլիճում ուրիշ գորգեր են՝ նոյն զարդանախշով, իրենց աշխատողը ուրիշ բան պէտք է բացատրի, հիմա դրա վերջն ի՞նչ պէտք է լինի»,- նշեց Ասծատրեանը։

Խնդրի շուրջ Վարդան Ասծատրեանը խօսել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրէդ Քոչարեանի հետ։ «Ինքն էլ անակնկալի եկաւ, եւ ասաց, որ նման բան նախատեսւած չէ։ Փաստօրէն, Պատմութեան թանգարաննի տնօրինութիւնը ինչ-որ մէկի որոշումներից ելնելով, անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Բայց սա թանգարանի ղեկավարութեան բանը չէ, այլ բան է կատարւում, տպաւորութիւն ստեղծելով, թէ այս մարդուն ինչ առաջարկում էք՝ չի համաձայնում»,- ասաց Վարդան Ասծատրեանը։

Պատմութեան թանգարանի երկրորդ յարկում 450 քմ տարածքով դահլիճ է տրամադրւելու Շուշիի թանգարանի գորգերի համար։ Նախատեսւում է, որ վերանորոգման աշխատանքները կաւարտւեն յունիսին, սակայն Ասծատրեանի կարծիքով՝ դրանք առաւել երկար կը տեւեն։

Յիշեցնենք, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանւած եւ Հայաստան տեղափոխւած գորգերը, ասեղնագործութիւնները ու կարպետները ի սկզբանէ պահ էին տրւել Հայաստանի պատմութեան թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսւել եւ 2021թ. փետրւարին ցուցանմուշները տեղափոխւել էին Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան։ Նախատեսւում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայութեան պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետութեան ազգային թանգարանում։ 2022 թւականի յունւարի 30-ից դրանք ցուցադրութիւնից հանւել են եւ պահւում են այդ թանգարանում։

Ամիսներ առաջ՝ Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինէ Ղարախանեանը News.am-ի հետ զրոյցում ասել էր, որ գորգերի համար արժանապատիւ տեղ են փնտրում Արցախում, եւ որ այդ հարցը շուտով կը լուծւի։ Սակայն, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի խօսքով՝ Արցախի կառավարութիւնը ոչ կառուցողական մօտեցում է ցուցաբերել։

«Իրենք ասում էին՝ բերէք այստեղ, երկու տարի յետոյ կորոշենք՝ ինչ ենք անելու։ Ես շեշտել էի, որ պայմանագիրը պէտք է հիմա կնքւի, բայց պարտաւորութիւնները կարող էք երկու տարի յետոյ կատարել։ Իսկ իրենք չէին ցանկանում կնքել, չեմ հասկանում՝ իրենց ուզածն ինչ էր, եթէ հարցն ուզում ես լուծել՝ դու լուծում ես, իսկ երբ սկսում ես պատճառներ բերել, դա նշանակում է՝ չես ուզում լուծել»,- յաւելեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։