Հա

Մշակոյթ

22/05/2022 - 13:50

Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Յակոբավանքը

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը սկսել է զբաղւել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Յակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։ 

«alikonline.ir» - Ժամանակին Յակոբավանքն ակտիւ ուխտագնացութեան վայր էր, սակայն եպիսկոպոսների նստավայրը Գանձասար տեղափոխելուց յետոյ աստիճանաբար անկում ապրեց եւ այսօր ծայրայեղ վատ վիճակում է։

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը սկսել է զբաղւել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Յակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։ Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Այսօր վանքն անմխիթար ու կիսաւեր վիճակում է, լուրջ վերականգնման կարիք ունի։

Հայր Յովհաննէսը, որը Դադիվանքի վանահայր է եղել մի քանի տարի, այս ողջ ընթացքում զբաղւում էր դրա վերականգնմամբ։ Պատերազմից յետոյ նրան նշանակեցին Մարտակերտի եկեղեցու վանահայր, որտեղ նա հոգեւոր ծառայութեանը զուգահեռ զբաղւում էր վերանորոգման աշխատանքներով։

Մայիսի 7-ին նրան ուղարկեցին Յակոբավանք, չգործող վանք, որը հարուստ պատմութիւն եւ վերականգնման կարիք ունի։

«Սուրբ Յակոբավանք, կամ Մեծառանց վանք։ 7-րդ դարի կառոյց է։ Մեծառանց է կոչւում, որովհետեւ այստեղ երեք կաթողիկոսների գերեզման է գտնւում, նրանք սուրբ են համարւում` Սուրբ Արիստակէս, Սուրբ Սիմէոն եւ Սուրբ Յովհաննէս։ Դրա համար էլ կոչւում է Մեծառանց` մեծերի տարածք։ Եւ Յակոբավանք է կոչւում, որովհետեւ ժամանակին Սուրբ Մծբնայ Յակոբ հայրապետի աջը պահւել է այստեղ»,- ասաց տէր Յովհաննէսը։

Ժամանակին այստեղ գտնւել է նաեւ եպիսկոպոսի նստավայրը։ Միջին դարերում վանքը ակտիւ ուխտագնացութեան վայր եւ ձեռագրատուն է եղել (այստեղ են գրւել մի քանի ձեռագիր աւետարաններ)։

Երբ նստավայրը Գանձասար է տեղափոխւել, վանքն աստիճանաբար անկում է ապրել։ Ի վերջոյ այն մասամբ աւերւել է (խորհրդային տարիներին այստեղ փորել են` գանձեր գտնելու յոյսով)։

Վանքը երկու եկեղեցուց է բաղկացած։ Դրա տարածքում եղել է մատենադարան, անդունդի վրայ կախւած պատշգամբներով վանական խցեր, ջրամբարներ, թոնիրներ, բնակելի եւ տնտեսական շինութիւններ։

Եկեղեցու վերանորոգման ժամանակ տարբեր տարիներին խաչքարեր էին տեղադրում պատերի մէջ, տապանաքարեր (ամբողջութեամբ), ինչը, եկեղեցականի խօսքով, դարձաւ դրանց պահպանման ու մեզ հասնելու գրաւականը։

Տէր Յովհաննէսը նշեց, որ վանքի վերականգնման մեծ ծրագիր է պատրաստ։ Աշխատանքների ժամկէտներն ու ծաւալները հովանաւորներից են կախւած։ Որոշ մարդիկ արդէն իսկ պատրաստակամութիւն են յայտնել օգնելու, սակայն այդ օգնութիւնը բոլոր աշխատանքների համար չի բաւականացնի։

Բացի բուն վանքի վերականգնումից, նախատեսւում է Քոլատակ գիւղից նոր ճանապարհ կառուցել (1,5-1,8 կմ), հոսանք եւ ջուր քաշել։

«Կը սկսենք մի մասից, կը վերանորոգենք առաջին փոքր եկեղեցին։ Առաջին հերթին կը ծածկենք տանիքը, կը մաքրենք, քարերը կը շարենք, կը ծածկենք, որ ծածկի տակ լինի, որ անձրեւաջրերը չթափւեն ներս ու ներսի աշխատանքները անենք։ Գործող դարձնենք, որպէսզի ժողովուրդը իմանայ, հասկանայ, գայ»,- ասաց տէր Յովհաննէսը։

Նա նշեց, որ եկեղեցու վերականգնման գործում անփոխարինելի դեր են խաղում հասարակ քաղաքացիների փոքր նւիրատւութիւնները, նրանց ցանկացած օգնութիւն։ Աշխատանքները Գանձասարում եւ Դադիվանքում ապացուցել են դա։

«Թող բարերարներ լինեն, նւիրատուներ լինեն, բայց նաեւ ժողովուրդը մասնակցի էս հարցում, որպէսզի ժողովրդի հաւատքը էլ աւելի զօրանայ, եւ ժողովուրդը էլ աւելի օրհնութիւն ստանայ»,- նշեց հայր Յովհաննէսը։

Բացի այդ, նա նախատեսում է Քոլոտակ գիւղից եւ եկեղեցուց քիչ հեռու մանկական ճամբար կազմակերպել մի քանի հարիւր երեխայի համար։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։