Հա

Մշակոյթ

01/06/2022 - 12:50

Բուլղարիայի Վառնա քաղաքում բացւեց Շառլ Ազնաւուրի արձանը

2022 թւականի մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրի արձանի պաշտօնական բացումը։ Այս ծրագիրը հնարաւոր է դարձել «Ազնաւուր» հիմնադրամի եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վառնայի ներկայացուցչութեան միջեւ համագործակցութեան շնորհիւ։

«alikonline.ir» - 2022 թւականի մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրի արձանի պաշտօնական բացումը։ Այս ծրագիրը հնարաւոր է դարձել «Ազնաւուր» հիմնադրամի եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վառնայի ներկայացուցչութեան միջեւ համագործակցութեան շնորհիւ։

«Ազնաւուր» հիմնադրամից News.am-ին յայտնում են, որ երկու կողմերի համատեղ արդիւնաւէտ աշխատանքի, ինչպէս նաեւ Ազնաւուր ընտանիքի գործուն մասնակցութեան արդիւնքում Ազնաւուրի յուշարձանի տեղադրումն իրականութիւն դարձաւ մէկ տարւայ ընթացքում։

Արձանի պաշտօնական բացման արարողութեանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմէն Եդիգարեանը, Իւա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան տկն. Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի եւ Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթեւ Յակոբեանը, Բուլղարիայի նորարարութիւնների եւ աճի նախարար Դանիէլ Լորէրը, Վառնայի քաղաքապետ Իւան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Բլագոմիր Կոցեւը, Վառնայի քաղաքապետարանի մշակոյթի բաժնի տնօրէն տկն. Անտոնիա Եովչեւան։

Յուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակոյթի վարչութիւնը։ Նրանց հետ էին նաեւ Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» եւ «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականաւոր ընկերութիւնների գործադիր տնօրէնները։

««Ազնաւուր» հիմնադրամը ողջունում եւ աջակցում է նախաձեռնութիւններին, որոնք յաւերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգութիւնը եւ յարգանքի տուրք մատուցում նրան։

Ի թիւս այս նպատակին ուղղւած այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաեւ Շառլ Ազնաւուրի յուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփիւռքի ներկայացուցիչների եւ այլ աջակիցների հետ։ Շառլ Ազնաւուրի յուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդէս են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ յանգեցրել է այս հիանալի իրադարձութեանը։

Ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեանը, տեղական իշխանութիւններին եւ այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հիւրերին՝ արձանի տեղադրումը ջերմօրէն ընդունելու համար։

Յոյս ունենք, որ Շառլ Ազնաւուրի յուշարձանը կը դառնայ Վառնայի սիրւած ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնաւուր» հիմնադրամի գործադիր տնօրէն Քրիստինա Ազնաւուրը։

Աւելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրին նւիրւած լուսանկարների ցուցահանդէսի բացումը։ Ցուցահանդէսի նկարները սիրով տրամադրւել են Ազնաւուր ընտանիքի կողմից եւ «Ազնաւուր» հիմնադրամի արխիւից։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։