Հա

Մշակոյթ

06/06/2022 - 11:50

Արամ Խաչատրեանի ծննդեան օրն է

Ա. Խաչատրեանը ծնւել է 1903 թւականի յունիսի 6-ին Թիֆլիսում: Ապագայ կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղութեան-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունւում է Թիֆլիսի առեւտրական տեխնիկումը, որտեղ փողային նւագախմբում շեփոր էր նւագում: 1921 թւականի աշնանը արդէն ճանաչւած արւեստագէտ դարձած Սուրէն Խաչատրեանը կրտսեր եղբօրը տանում է Մոսկւա` ուսում ստանալու: 

Ա. Խաչատրեանը ծնւել է 1903 թւականի յունիսի 6-ին Թիֆլիսում: Ապագայ կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղութեան-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունւում է Թիֆլիսի առեւտրական տեխնիկումը, որտեղ փողային նւագախմբում շեփոր էր նւագում: 1921 թւականի աշնանը արդէն ճանաչւած արւեստագէտ դարձած Սուրէն Խաչատրեանը կրտսեր եղբօրը տանում է Մոսկւա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արւեստին հաղորդակցւելու մեծ հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ շրջապատողների պնդումները` լրջօրէն երաժշտութեամբ զբաղւելու, տարան նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թաւջութակի դասարանում երկու տարի սովորելուց յետոյ, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխւել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդէն իսկ ակնյայտ էր նրա ստեղծագործական անհատականութիւնը: Միաժամանակ երիտասարդ Խաչատրեանը ակտիւ գործունէութիւն է ծաւալում Մոսկւայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանօթանում է շատ հայ արւեստագէտների հետ, խորանում են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արւեստի մասին, նաեւ գրում է երաժշտութիւն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբոյժն արեւելեան», «Խաթաբալա» եւ այլն:

1929 թ-ին Ա. Խաչատրեանը աւարտում է Գնեսինների ուսումնարանը եւ ընդունւում Մոսկւայի կոնսերւատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մեասկովսկու ստեղծագործական դասարանը:

Անւանի կոմպոզիտոր եւ հիանալի մանկավարժ Ն. Մեասկովսկու ղեկավարութեամբ Ա. Խաչատրեանը գրում է իր «Ջութակի եւ դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի եւ կլարնետի տրիոն», «Պարային սիւիտը», «Տոկատը» եւ այլ գործեր: Ուսման տարիներին գրւած ստեղծագործութիւնները անմիջապէս հրատարակւում են, կատարւում` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտութեան աշխարհ: Կոնսերւատորիան աւարտելիս, որպէս դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրեանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նւիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամեակին: Առաջին անգամ Սիմֆոնիան կատարւեց գերմանացի անւանի դիրիժոր Էուգէն Սենկարի ղեկավարութեամբ: Առաջին սիմֆոնիան մասնագէտների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երեւոյթներից էր:

Ա. Խաչատրեանը շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մեասկովսկու ղեկավարութեամբ եւ աւարտում է այն իր մի նոր խոշոր կտաւի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նւիրել է առաջին կատարողին` Լեւ Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղը գտաւ խորհրդային եւ արտասահմանեան լաւագոյն դաշնակահարների երկացանկում: 1940 թւականին Ա. Խաչատրեանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նւիրւած տաղանդաւոր ջութակահար Դաւիթ Օեստրախին, որի համար ստացաւ իր առաջին Պետական մրցանակը:

1941 թւականին ստեղծւել է Լերմոնտովի «Դիմակահանդէս» դրամայի երաժշտութիւնը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնւել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայիանէ» բալետը /1939 թւականին գրւած «Երջանկութիւն» բալետի նորացւած տարբերակը/, որը հէնց պատերազմի թէժ օրերին բեմադրւել է Պերմ քաղաք էւակուացւած Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անւ. Օպերայի եւ բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնւել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայիանէ» բալետի եւ Երկրորդ սիմֆոնիայի համար նոյնպէս կոմպոզիտորին շնորհւել են Պետական մրցանակներ: 1944 թ.-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:

Յետպատերազմեան տարիները նոյնպէս նշանաւորւել են Ա. Խաչատրեանի ստեղծագործական խոշոր նւաճումներով: Սակայն 1948 թւականի փետրւարին Ա. Խաչատրեանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր են սկսւել: Կոմկուսի Կենտրոնական կոմիտէի որոշմամբ Ա. Խաչատրեանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆեւի, Ն. Մեասկովսկու եւ այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրւել է «հակաժողովրդական, ֆորմալիստական» ուղղութեանը պատկանելու մէջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրեանը մխիթարութիւն գտաւ հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գիւղերը հեռաւոր շրջանները` աւելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական աւանդոյթները: Շուտով Կենտկոմը յայտարարել է, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճէպ եւ անարդար:

1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրեանին շնորհւել է Լենինեան մրցանակ:

Խորհրդային երաժշտական արւեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրեանին շնորհւել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի եւ միութենական հանրապետութիւնների ժողովրդական արտիստի, արւեստի վաստակաւոր գործչի, Լենինեան եւ 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:

Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործութիւնները մենակատարների, երգչախմբի եւ սիմֆոնիկ նւագախմբի համար, կամերային եւ վոկալ ստեղծագործութիւնները, դրամատիկական ներկայացումների եւ 17 կինոֆիլմերի համար գրւած երաժշտութիւնը /այդ թւում` հայկական «Պեպօ» եւ «Զանգեզուր» ֆիլմերը/ գրաւում են մեծ լսարաններ գրեթէ բոլոր մայրցամաքներում:

«Երբ խորհում ես Խաչատրեանի մշակութային մեծութեան շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի,ազգային պատկանելութեան, նորարարական մտքի եւ միեւնոյն ժամանակ դասական աւանդոյթներին հաւատարիմ մնալու իւրայատուկ համադրութեան մէջ են»,- ասել է ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը։

Որպէս կոմպոզիտոր եւ նւագավար Արամ Խաչատրեանը հեղինակային համերգներով հանդէս է եկել աւելի քան 50 երկրներում. Աւստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարաւսլաւիա, Եգիպտոս, Յունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շւեդիա, Շւէյցարիա, Նորւեգիա, Ճապոնիա, Միացեալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ եւ այլն:

Արամ Խաչատրեանը մահացել է 1978 թւականի մայիսի 1-ին։

Panorama.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։