Հա

Մշակոյթ

14/06/2022 - 13:20

Մնացէք լոյսով, շուտով կը հանդիպենք. 12-ամեայ Ալեքս Գէորգեանը «Լուս Ա» դեբիւտային ալբոմով ու համերգով ներկայացաւ հանդիսատեսին

Յունիսի 10-ին Երեւանի Կոմիտասի անւան Կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ 12-ամեայ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքս Գէորգեանի համերգը, որի ընթացքում ներկայացւեցին Կոմիտասի ստեղծագործութիւնների՝ նրա մշակումները։ Այն շնորհանդէս-համերգ էր, որի ընթացքում ներկայացւեց նաեւ Ալեքս Գէորգեանի դեբիւտային՝ «Լուս Ա» ալբոմը, որը նա նւիրել է իր տատիկին՝ Զինա Բաղդասարեանին:

Յունիսի 10-ին Երեւանի Կոմիտասի անւան Կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ 12-ամեայ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքս Գէորգեանի համերգը, որի ընթացքում ներկայացւեցին Կոմիտասի ստեղծագործութիւնների՝ նրա մշակումները։ Այն շնորհանդէս-համերգ էր, որի ընթացքում ներկայացւեց նաեւ Ալեքս Գէորգեանի դեբիւտային՝ «Լուս Ա» ալբոմը, որը նա նւիրել է իր տատիկին՝ Զինա Բաղդասարեանին:

Ձայնասկաւառակը պատանի երաժշտի շուրջ քառամեայ աշխատանքի արդիւնքն է։ Նախագծի մտայղացումն ամբողջութեամբ Ալեքսինն է՝ սկսած Կոմիտասի ստեղծագործութիւնների ընտրութիւնից, մինչեւ այն արտիստների ընտրութիւնը, որոնց հետ ձայնագրւել են նրա մշակումները, եւ որոնց մի մասը ներկայացւեց համերգի ընթացքում։

«Այս պրոեկտը ստեղծելու գաղափարն առաջացաւ այնպիսի ժամանակաշրջանում, երբ ես գրում էի մեղեդիներ, ամենուր, անընդհատ: Սակայն ես զգացի, որ այն ամբողջանալու ու լիարժէք դառնալու կարիք ունի: Այդ տարիներին ես նաեւ աշխատում էի Կոմիտասի մի շարք կոմպոզիցիաների վրայ: Ու ինձ մօտ միտք առաջացաւ՝ համադրելու իմ մեղեդիները Կոմիտասի ստեղծագործութիւնների հետ, ու դրա արդիւնքում ստեղծւեց այս երաժշտութիւնը: Այն դուրս է մշակման գրեթէ բոլոր ստանդարտներից: Ես շատ եմ կարեւորում դասական կոմպոզիտորական արւեստը եւ դասական կատարողական արւեստը, որն ինձ շատ է օգնում իմ այս աշխատանքում»,- նախագծի մասին պատմել է Ալեքսը:

«Լուս Ա»-ն նոր ոճի երաժշտութիւն է, որով, միախառնելով ամենատարբեր երաժշտական ոճերը՝12-ամեայ Ալեքսը ներկայացրել է Կոմիտասի իր ընկալումը։ «Լուս Ա» ալբոմի եօթ ստեղծագործութիւններից իւրաքանչիւրն ինքնատիպ է։ Դրանցում կայ էլեկտրոնային երաժշտութիւն, ինչպէս՝ «Մոկաց Միրզայում» եւ «Սարէն կուգայի»-ում, բայց կան նաեւ ջազ, էթնօ երաժշտութեան տարրեր, իսկ որոշ դէպքերում՝ բոլորի զուգակցում։

«Լուս Ա» ալբոմում Ալեքս Գէորգեանն իր մշակումները ձայնագրել է անւանի հայ երաժիշտների հետ։ «Սոնա եար»-ը Ալեքսի ու Արտօ Թունջբոյաջեանի համատեղ կատարումն է, «Քելէ Քելէ»-ում Ալեքսը նւագում է Արտեօմ Մանուկեանի հետ, «Ես սիրեցի»-ում հնչում է Միքայէլ Ոսկանեանի թառը, «Երկինքն ամպել ա»-ում Ալեքսը հանդէս է գալիս «Տիեզերք» բենդի հետ, իսկ «Գարուն ա» ստեղծագործութեան մէջ երգում է ամերիկահայ երգիչ Սամ Բաբայեանը (The Dirty Diamond խմբից):

Ալբոմում տեղ են գտել Ալեքսի երկու սոլօ կատարումները՝«Մոկաց Միրզան», որն ամբողջութեամբ էլեկտրոնային երաժշտութիւն է, իսկ «Ես սարէն կուգայի»-ն էլետրոնային եւ դասական երաժշտութեան զուգակցում է։

Ձայնասկաւառակում հանդէս են եկել նաեւ յայտնի երաժիշտներ Նիկողայոս Վարդանեանը (կոնտրաբաս), Արման Մնացականեանը (թմբուկ) եւ Վարդան Առաքելեանը (բաս կիթառ)։

Յունիսի 10-ին կայացած համերգի ընթացքում ներկայացւեցին «Լուս Ա»-ի բոլոր եօթ ստեղծագործութիւնները։

Համերգի ընթացքում, սակայն,ալբոմում ձայնագրւած ոչ բոլոր երաժիշտներն էին հանդէս գալիս։ Ինչպէս համերգի ընթացքում նշեց Ալեքս Գէորգեանը, հանկարծակի առողջական լուրջ խնդիրների՝ բարդ վիրահատութեան պատճառով համերգին չէր մասնակցում Արտօ Թունջբոյեաջեանը։ Արտոյի ներկայութիւնը համերգին, այդուհանդերձ,ապահովւած էր. «Սոնա եար» ստեղծագործութեան կատարման ժամանակ Ալեքսի դաշնամուրին զուգահեռ՝ դահլիճի էկրանին ցուցադրւում էին ալբոմի ձայնագրութեան ժամանակ կատարւած կադրերը․հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ տեսնելու Արտօ Թունջբոյաջեանին բուն աշխատանքային, ստեղծագործական գործընթացում։
Համերգից առաջ եկած հանգամանքների պատճառով համերգին չէր մասնակցում նաեւ Միքայէլ Ոսկանեանը, ում կատարումը նոյնպէս ներկայացւեց տեսագրութեան միջոցով։
Իսկ «Գարուն ա» ստեղծագործութիւնը Սեմ Բաբայեանի փոխարէն՝ Ալեքսի հետ կատարում էր տաղանդաւոր երգչուհի Մանէ Մինասեանը։

«Լուս Ա»-ն ինքնատիպ նախագիծ է ոչ միայն մտայղացմամբ, ստեղծագործական իւրայատկութեամբ, այլ նաեւ բեմում գտնւող երիտասարդ երաժիշտների թիմով՝ Արտեօմ Մանուկեան (թաւջութակ), Սերգէյ Բալաշով եւ Արմէն Շահվերդեան (հարւածային գործիքներ), Արսէն Ժամագործեան (բաս կիթառ, կոնտրաբաս), Հեկտոր Լտակիրոտ (Hector Cardoso Ltacirot, էլեկտրիկ կիթառ), «Տիեզերք» բենդ:

Համերգը Ալեքսի իւրատեսակ երկխօսութիւնն էր հանդիսատեսի հետ, որի միջոցով, ինչպէս ինքն արտայայտւեց, փոխանցում էր իր չորս տարիների հոգեվիճակը։

««Լուս Ա»-ն ստեղծելիս ես չեմ մտածել, որ ինքը կը լինի: Նա ինձ համար մի անյայտ կերպար է, հոգեվիճակ է, որը բաւականին բարդ է: Կամ միգուցէ մէկն է, ում նոյնիսկ ես դեռ չեմ ճանաչում: Նա ինչ-որ մէկն է, ով պտտւում է իմ գլխի շուրջը: Իմ հոգում է անընդհատ: Ու իմ մտքում է անվերջ: Նա մի իւրայատուկ ու չկրկնւող կերպար է»,- իր ալբոմի մասին ասում էր Ալեքսը՝ հանդիսատեսին մաղթելով՝ «Բոլորիդ մէջ այս «Լուս Ա»-ից եմ ուզում մի քիչ: Ու կարծում եմ՝ նա այսօր տարածւեց այստեղ: Ու արդէն այն ձեր մէջ է: Ունեցէք ձեր անձնական լոյսը․․․Մնացէք լոյսով»:

Ալեքս Գէորգեանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անւան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:

«Բաւականին բարդ ու շատ պատասխանատու աշխատանք էր ինձ համար. նախ՝ մէկտեղել մէկ պրոյեկտում այս հրաշալի երաժիշտներին, ու նրանց հետ միասին Կոմիտաս ներկայացնել: Անշուշտ, մինչեւ մշակումները, ես բաւականին երկար ուսումնասիրեցի Կոմիտասին: Ալբոմում ներկայացւած մի քանի ստեղծագործութիւններ Կոմիտասի այն մեղեդիներն են, որոնք նա հաւաքագրել է իր բանահաւաքչական տարիներին, ու մեզ են հասել հէնց կոմիտասեան տարբերակները: Բայց ալբոմում կան նաեւ հէնց իր՝ Կոմիտասի գրած ստեղծագործութիւնները: Այս ընթացքում ես ծանօթացայ Կոմիտասի պատարագին, որը յաճախ եմ լսում: Միտք կայ պատարագը կատարել երգչախմբի հետ, որովհետեւ որոշակի կտորներ ունեմ` ինքս մշակած, որոնք դաշնամուրի ու երգչախմբի համար են: Հպարտ ու շնորհակալ եմ, որ ուսանում եմ իմ դաշնամուրի ուսուցչի՝ Հասմիկ Անչարակեանի, կոմպոզիտոր Վաչէ Շարաֆեանի, դաշնակահար Արմէն Բաբախանեանի մօտ: Դասական երաժշտությունը ես բացայայտում եմ հէնց նրանց մեծագոյն օգնութեամբ։ Իսկ ջազը ինձ հետաքրքրեց դեռ մի քանի տարի առաջ, ու ջազի տարբեր ենթամասեր՝ յատկապէս bebop-ը ուսումնասիրելուց յետոյ, ինձ առաւել քան հետաքրքրեց ազգային երաժշտութիւնը: Պէտք է անընդհատ, ամենուր խօսել հայկական ազգային երաժշտութեան մասին, պէտք է կատարել այն, ու տարածել այն, ու պրոպագանդել այն»,-լրագրողների հետ զրոյցում ասել էր 12-ամեայ Ալեքս Գէորգեանը, որը համերգի ընթացքում ոչ միայն դաշնամուրային կատարմամբ, այլեւ վոկալով էր ներկայանում:

 

Լուսանկարները՝

Թինա Գէորգեանի եւ Հայկօ Ոսկանեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։