Հա

Մշակոյթ

18/06/2022 - 11:40

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնը կը բացւի ու կը փակւի հայկական ֆիլմերով, այդ թւում՝ պատերազմի մասին

Կինոփառատօնն այս տարի կրկին առանձնանում է լաւ ֆիլմերով, բարձրակարգ ռեժիսորներով ու պրոդիւսերներով։

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնն այս տարի կը բացւի ու կը փակւի հայկական ֆիլմերով։ Փառատօնի վերջում կը ցուցադրւի Արցախեան պատերազմի մասին ֆիլմաշար՝ նկարւած յետպատերազմեան շրջանում, ու ոչ միայն հայ ռեժիսորների կողմից։ Այս մասին երէկ՝ յունիսի 17-ին Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնին ընդառաջ հրաւիրւած առաջին ասուլիսում յայտնեց փառատօնի գեղարւեստական տնօրէն Կարէն Աւետիսեանը։

«alikonline.ir» - Կինոփառատօնն այս տարի կրկին առանձնանում է լաւ ֆիլմերով, բարձրակարգ ռեժիսորներով ու պրոդիւսերներով։

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնն այս տարի կը բացւի ու կը փակւի հայկական ֆիլմերով։ Փառատօնի վերջում կը ցուցադրւի Արցախեան պատերազմի մասին ֆիլմաշար՝ նկարւած յետպատերազմեան շրջանում, ու ոչ միայն հայ ռեժիսորների կողմից։ Այս մասին երէկ՝ յունիսի 17-ին Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնին ընդառաջ հրաւիրւած առաջին ասուլիսում յայտնեց փառատօնի գեղարւեստական տնօրէն Կարէն Աւետիսեանը։ Գրում է Sputnik Արմենիան:

«Հայկական կինոյի ներկայութիւնը փառատօնում շատ ընգծւած է, մենք փորձում ենք այն բերել մրցութային դաշտ, որտեղ արդէն անկախ միջազգային ժիւրին կը գնահատի՝ որքանով են դրանք մրցունակ։ Ամէն դէպքում, մենք մեր գործառոյթներից մէկն ենք համարում ջանք գործադրել, որ մրցոյթի կոնտեքստում յայտնւի հայկական կինոն»,- ասաց Կարէն Աւետիսեանը։

ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Արա Խզմալեանը յատուկ ընգծեց, որ փառատօնին հայկական կինոյի ներգրաււածութիւնը որակապէս այլ հարթութեան վրայ է, ինչը շատ կարեւոր ձեռքբերում է։ Աւետիսեանն էլ յաւելեց՝ շատ երկար ժամանակ է, ինչ կինոն զարգանում է համարտադրութեան սկզբունքով, եւ Հայաստանը փորձում է տարեցտարի ներթափանցել այդ ոլորտ։

Փառատօնի հիմնադիր նախագահ Յարութիւն Խաչատրեանը նշեց, որ այս տարի փառատօնը առանձնանում է իր հիւրերով։

«Այսպիսի փառատօն վաղուց չէինք ունեցել, այսքան լաւ ֆիլմեր, այսպիսի բարձրակարգ ռեժիսորներ ու պրոդիւսերներ, եւ այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր։ Փառատօնի սկիզբը դրւած է, շարունակութիւնը կը լինի տարւայ վերջին»,- ասաց Յարութիւն Խաչատրեանը։

Ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրեց փառատօնային ժիւրիի կազմը, բացման եւ փակման ֆիլմերը, պատւաւոր հիւրերին, ինչպէս նաեւ այլ մանրամասներ։ Կինոփառատօնը պատերազմից ու համավարակային սահմանափակումներից յետոյ առաջին անգամ ներկայացուցչական, միջազգային հիւրերի այցելութեան եւ կարգավիճակային հիւրերի ներկայութեան տեսակէտից նորից փորձելու է լիարժէք ներկայանալ։

Կարէն Աւետիսեանի բնորոշմամբ՝ «Ոսկէ ծիրան»-ը աւելին է, քան անհատները, այսինքն, այն վաղուց արդէն չի պատկանում որեւէ ինստիտուտի կամ ինչ-որ անձանց, անկախութիւնից ի վեր եզակի մշակութային իրադարձութիւններից մէկն է, որը պէտք է անսակարկելի մշակութային արժէք ու ձեռքբերում մնայ Հայաստանի համար։

Այս տարի փառատօնը հիւրընկալելու է «Լոկառնօ»-ի, «Սան Սեբաստիան»-ի նման կինոփառատօնների գլխաւոր մրցանակակիրների, «Ոսկէ Արմաւենու ճիւղ»-ի դափնեկրի ու օսակարակիր հիւրերի։

Ասուլիսի ընթացքում բանախօսները թւեցին մի քանի այդպիսի նշանաւոր անուններ։ Նախ՝ միջազգային մրցոյթի ժիւրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Փառատօնի ընթացքում լինելու է նրա խաղարկային ֆիլմերի ցուցադրութիւնը։ Աւետիսեանը նշեց, որ Թերի Ջորջն իր ֆիլմոգրաֆիայում անդրադարձել է շատ կարեւոր օրակարգի՝ կոնֆլիկտների ու ցեղասպանութիւնների, որոնց թւում է նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը։

Փառատօնի մէկ այլ կարեւոր հիւր է հռչակաւոր պրոդիւսեր Ֆիլիպ Բոբէրը, որի աւանդը համաշխարհային կինոյում այնքան մեծ է, որ «Ոսկէ ծիրան»-ի ընթացքում սովորաբար ռեժիսորներին տրւող «Փարաջանովեան թալեր» մրցանակն այս տարի նախատեսւում է տալ նաեւ Բոբէրին։ Փառատօնին ներկայ կը լինի նաեւ DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլեա Խրժանովսկին, որի կինոնախագիծը հասել է մինչեւ 700 ժամ ժապաւէնային նկարահանումների, որից 6-ը Երեւանում հէնց իր՝ ռեժիսորի ներկայութեամբ, կը ցուցադրւի փառատօնի ընթացքում։

Խօսելով բացման ու փակման ֆիլմերի մասին, փառատօնի գեղարւեստական տնօրէնը յայտնեց, որ բացումը լինելու է ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գիւրջեանի «Ամերիկացի» ֆիլմով, որը Հայոց Ցեղասպանութեան թեմատիկ գիծ ունի, իսկ փակումը՝ Գարին Յովհաննիսեանի «Չտեսնւած Հանրապետութիւն» վավերագրական ֆիլմով, որը նւիրւած է Արցախի պատերազմին։

«Աղէտից յետոյ, բնականաբար, ի յայտ են գալիս այդ ամենի արտայայտումները նաեւ կինոյի լեզւով, եւ ոչ միայն հայ ռեժիսորների կողմից»,- նշեց Կարէն Աւետիսեանը։

Փառատօնը այս տարի կունենայ մրցութային երեք ծրագիր, որոնց թւում լիամետրաժ ու կարճամետրած ֆիլմերի համար նախատեսւած ծրագրերն են։ 19 երկրների մասնակցութեամբ տարածաշրջանային մրցոյթի մեկնարկը կրկին տրւելու է հայկական ֆիլմով։ Փառատօնի միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Յովհաննիսեանը յայտնեց, որ «Երեւանեան պրեմիերաների» շրջանակում այս տարի 16 ֆիլմ կը ներկայացւի։ Դրանց շրջանակում հայ հանդիսատեսի դատին կը յանձնւեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի եւ այլ միջազգային կինոփառատօններից։

«Ոսկէ ծիրան»-ը միայն այս տարի է, որ առաջին անգամ ֆինանսաւորւելու է Երեւանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի տեղակալ Լեւոն Յովհաննիսեանը նշեց՝ շատ տրամաբանական է, որ քաղաքապետարանը նոյնպէս իր մասնակցութիւնն է ունենում։ Ըստ նրա՝ «Ոսկէ ծիրան»-ը Երեւանի մշակութային կեանքում առանձնայատուկ տեղ է զբաղեցնում։

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնի հիմնադիր Յարութիւն Խաչատրեանը յայտնեց, որ «Ոսկէ ծիրան»-ի ու կինոմատոգրաֆների միութեան ջանքերով վերազինւել է Կինոյի տունը, որը, նպատակ կայ՝ կամաց-կամաց վերածելու փառատօնային կենտրոնի, ու այս տարի փառատօնի միջոցառումների կէսը հէնց այդտեղ է անցկացւելու։

Նախկինում փառատօնի հովանաւորն էր «Վիվասել ՄՏՍ» ընկերութիւնը, սակայն Խաչատրեանը նշեց, որ 3 տարի առաջ ընկերութեան ղեկավարութեան որոշմամբ փառատօնի ամբողջ ֆինանսաւորումը հանւել է։

Յիշեցնենք, որ այս տարի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը կանցկացւի յուլիսի 10-17-ը։ Փառատօնի բացումն ու փակումը կանացկացւի «Արամ Խաչատրեան» համերգասրահում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։