Հա

Մշակոյթ

21/06/2022 - 11:40

Զրոյց՝ Թեհրանի «Հոնար» համալսարանի Դասական երաժշտութեան կատարողական ամբիոնի վարիչ Ռեբեկա Աշուղեանի հետ. Դաշնամուրի սեւ-սպիտակներից՝ մատների գունեղ պար

Երաժիշտներին ժամանակի սահմաններում չես տեղաւորի, սակայն քչերին է յաջողւում նրանց պէս տեղաւորւել ժամանակի ու պահի ճշգրտութեան մէջ: Մեզ յայտնի նրանց հանդարտութիւնը գուցէ հէնց դրանից է գալիս: Այն, որ խօսում են միայն երբ պէտք է, իսկ լռութեամբ զարկերակ ներշնչում շրջապատին: Նրանց աչքից չի վրիպում ռիթմից դուրս վիճակը: Հասարակութեան վեց-ութ ճաշակը նոյնպէս: Եւ այսպէս, երբ պատրաստւում ես հանդիպել դասական արւեստով տարւած Թեհրանի «Հոնար» համալսարանի Կոմպոզիտորականի ամբիոնի նախկին վարիչ, եւ այժմ Դասական երաժշտութեան կատարողական ամբիոնի վարիչ անւանի դաշնակահարուհի Ռեբեկա Աշուղեանի հետ մտածում ես բոլոր այն լարից դուրս հարցերի մասին, որոնք նաեւ «ես»-իդ արտացոլանքն է:

ՀԱՏԻՍ - Երաժիշտներին ժամանակի սահմաններում չես տեղաւորի, սակայն քչերին է յաջողւում նրանց պէս տեղաւորւել ժամանակի ու պահի ճշգրտութեան մէջ: Մեզ յայտնի նրանց հանդարտութիւնը գուցէ հէնց դրանից է գալիս: Այն, որ խօսում են միայն երբ պէտք է, իսկ լռութեամբ զարկերակ ներշնչում շրջապատին: Նրանց աչքից չի վրիպում ռիթմից դուրս վիճակը: Հասարակութեան վեց-ութ ճաշակը նոյնպէս: Եւ այսպէս, երբ պատրաստւում ես հանդիպել դասական արւեստով տարւած Թեհրանի «Հոնար» համալսարանի Կոմպոզիտորականի ամբիոնի նախկին վարիչ, եւ այժմ Դասական երաժշտութեան կատարողական ամբիոնի վարիչ անւանի դաշնակահարուհի Ռեբեկա Աշուղեանի հետ մտածում ես բոլոր այն լարից դուրս հարցերի մասին, որոնք նաեւ «ես»-իդ արտացոլանքն է: Ռեբեկայի հետ մեր հանդիպմանը ներկայ էր նաեւ նրա 9-ամեայ դուստրը դաշնակահարուհի Լուսիա Մուրադեանը, ում հետ զրոյցը նոյն զգուշաւորութիւնն ու զարկերակն էր թելադրւում, ինչ դասախօս մայրիկի դէպքում էր: Փոքրիկի հետ մեր զրոյցը իմպրովիզի էր նման, որտեղ Լուսիայի մտքերը կարծես նախապէս լարած ստեղնաշար լինէին: Պատասխանները՝ լակոնիկ, հակիրճ, ու դէպի միւս հարցն ուղեկցող...

* * *

Ռեբեկա Աշուղեան, ծնւել է 1980 թւականին Թեհրանում: Նախնական կրթութիւնը ստացել է «Ալիշան», «Քուշեշ-Դաւթեան», ապա «Մարի Մանուկեան» դպրոցներում: Ընդունւել է Թեհրանի Արւեստի եւ Ճարտարապետութեան համալսարանի երաժշտութեան բաժնում, որտեղից շրջանաւարտ լինելուն պէս կրթութիւնը շարունակել է Թեհրանի պետական՝ «Հոնար» համալսարանի երաժշտական ֆակուլտետի կատարողական բաժնում: Մագիստրատուրան գերազանց գնահատականով աւարտելուն պէս արժանացել է ԱՄՆ Օհայեօ նահանգի Ցինցինատիի կոնսերւատորիայի կրթաթոշակի, որտեղ շարունակել է իր կրթութիւնը ասպիրանտ կոչումի համար: Սակայն, որոշ ժամանակ անց անձնական պատճառներով վերադառնում է Թեհրան, որտեղից էլ ուսման ընթացքը փոխադրում է Երեւան, Երեւանի Կոնսերւատորիայում կիսատ գործն աւարտին հասցնելու: Այժմ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի երաժշտագիտութեան PHD-ի թեկնածու է: Պաշտպանելու է «Իրանի երաժշտութեան վերջին 100-ամեայ շրջանում դաշնամուրային արւեստի ստեղծագործութիւնների ու զարգացումների ուսումնասիրութեան» թեման: Աւելի քան մէկ տասնամեակ համալսարանում դասախօսելու փորձ ունի: Պաշտօնավարել է որպէս՝ Թեհրանի «Հոնար» համալսարանի երաժշտագիտութեան ամբիոնի փոխտնօրէն: Այժմ զբաղեցնում է Կոմպոզիտորականի ամբիոնի վարիչի պաշտօնը: Ամուսնացած է եւ ունի 9-ամեայ դուստր՝ շնորհաշատ դաշնակահարուհի Լուսիա Մուրադեան անունով:

 

Հ.- Համալսարանում դասախօսելու քանի տարւայ փորձի մասին է խօսքը:

Ռեբեկա Աշուղեան- Արդէն 10 տարի է, ինչ համալսարանում կոմպոզիտորական արւեստի թեմայով դասախօսում եմ: Չնայած 2018 թւականին ստանձնեցի Թեհրանի պետական համալսարանի երաժշտական ամբիոնի կոմպոզիտորական եւ կատարողական արւեստի վարիչի պաշտօնը, սակայն նոյն ամբիոնում դասախօսելու կողքին շարունակում եմ աշխատակցել Թեհրանի գեղարւեստի եւ երաժշտական համալսարանին, որպէս դասախօս:

 

Հ.- Չի՞ խանգարում արդեօք պատասխանատու հանգամանքներում վարիչի պաշտօնը ստեղծագործել արւեստագէտին:

Ռեբեկա Աշուղեան- Իհարկէ որ բարդ է, քանի որ ստիպւած ես արւեստով զբաղւելու համար ժամանակդ ու մտքերդ կարգի բերել: Իսկ ուսանողներին աւելի նպատակասլաց դարձնելու համար նրանց օդ ու ջրի պէս հարկաւոր է առաջ գնալ այնպիսի ընթացքով, որը մշակւել է ժամանակակից արւեստագէտի ու դասախօսների ձեռամբ:

 

Հ.- Բնական կը լինի, եթէ ասւի, որ մեր այս զրոյցը չի կարող գնալ նեղ մասնագիտական ուղղութիւններով, սակայն առիթը բաց չեմ թողնի պարզելու, թէ ինչո՞ւ, երբ Կոմիտասը հաւաքագրում էր մեր ազգային-աւանդական երգ-երաժշտութիւնը, դա դարձաւ դասական, ինչը չես ասի նոյն ժամանակներում հաւաքագրւող ու ձայնագրւած Միացեալ Նահանգների բլիւզ երաժշտութեան մասին, որն է հասարակ երաժշտութիւն լսողի համար այդ աներեւոյթ օղակը:

Ռեբեկա Աշուղեան- Դժւար թէ մէկ հարցին պատասխանելով հնարաւոր լինի բացել գործի ծալքերը: Այնուամենայնիւ արձանագրել է պէտք, որ Կոմիտասի դէպքում հաւաքագրւած երաժշտութիւնը գրանցել է դասականին համապատասխան հիմունքներով ու լեզւով եւ այլն: Ինչը դժւարանում եմ ասել ձեր նշած ժանրի՝ բլիւզի դէպքում: Գիտեմ այսքանը, որ բլիւզ երաժշտութեան հաւաքագրումը կատարւում էր ստուդիաների միջոցով, որտեղ դեր ունէր նաեւ ձեւաւորւող երաժշտական շուկան: Մէկ այլ կարեւոր խնդիրն էլ իմպրովիզ անելու բաց վերջաբանն էր յատկապէս բլիւզի դէպքում, ինչը դասական մօտեցում ցուցաբերելու համար կարող է բարդացնել գործը: Նոյնիսկ այսօր դա անլուծելի մօտեցում կը համարես...

 

Հ.- Ինչ կասէք ժամանակակից էթնօ-ֆիւժըն երաժշտութիւն երեւոյթի մասին: Ներկայ ժամանակներում յաճախ ենք ականատեսը լինում իր պատերի մէջ սեղմ թւացող դասականի մի կողմից, եւ միւս կողմից ֆոլկ երաժշտութեան, կամ նոյնիսկ ռոկ խմբերի միաձուլումը՝ մէկ համերգի ընթացքում:

Ռեբեկա Աշուղեան- Ես չեմ ուսումնասիրել այդ թեման եւ բնական է, եթէ մասնագիտական կարծիք չյայտնեմ այդ մասին: Բայց, հարկաւոր է սպասել եւ տեսնել, թէ այն ինչ կը տայ շարունակւելու դէպքում: Հասկանալի է, որ երբ համերգի մի թեւը դասական երաժշտութեան ուղղութեամբ յայտնի ֆիլհարմոնիկ խմբեր են լինում, բայց դա այլ բան չի նշանակում՝ համատեղ ելոյթից բացի: Երբեմն նման համերգներ են տեղի ունենում զուտ բարեգործական նպատակներով, ոչ թէ դասականին ինչ որ բան յաւելելու: Կամ եթէ էթնօ-ֆիւժըն է, ապա դա եւս հետաքրքիր է համադրութիւնների եւ ձայնակցութիւնը համադրելու առումով: Այնպէս, որ դասականը «քառակուսի» պատերի մէջ սեղմւած գիտութիւն չէ, այն կարող է գրական լեզւի թարգմանել իւրաքանչիւր ստեղծագործութիւն:

 

Հ.- Իսկ եթէ օրինակներով խօսենք...

Ռեբեկա Աշուղեան- Վերջերս տեղի ունեցաւ «Ֆաջր» երաժշտական 37-րդ միջազգային փառատօնը: Փառատօնին ներկայացւած էր Շաջարեանի «Եադէ թօ» երգի հիման վրայ գրւած դաշնամուրային ստեղծագործութիւնները:

Այն արդէն համապատասխանելով դասական հասկացութեան բոլոր հիմունքներին ստացել է նաեւ դասական-ժամանակակից գոյն: Միեւնոյն ժամանակ մասամբ յիշեցնելով ազգային երգի ելեւէջները:

 

Հ.- Քանի որ նշեցիք «Ֆաջր»-ի մասին կը ցանկանայի իմանալ «Ֆաջր»-ին ձեր մասնակցութեան, ինչպէս նաեւ «Հայեացք անկիւնից» նախագծի մասին:

Ռեբեկա Աշուղեան- Նախագիծը կեանքի է կոչւել 2014 թւականին՝ դաշնամուրային կատարումներով ուսանողներին ծանօթացնելու դէպի մեծ բեմ ուղեկցող ճանապարհների եւ մասամբ բարդութիւնների համար: Արդէն նախագծի 17-րդ շրջանն էր, որ 37-րդ «Ֆաջր»-ի երաժշտական միջազգային փառատօնում բեմ բարձրացան նախագծի մասնակիցները:

 

Հ.- Ձեր ստեղծագործութիւնների մասին քիչ բան է յայտնի մեր լսարանին:

Ռեբեկա Աշուղեան- Եթէ պատմեմ վերջին իրադարձութիւնների մասին, ապա արժէ նշել, որ 2021 թւականին «Մահուր» մշակութային կենտրոնի կողմից իմ ստեղծագործութիւններից մէկը թողարկւել է «Իրանի ժամանակակից երաժշտութիւն» շարքի 4-րդ ալբոմով: Այն «Սոնատ» է գրւած թաւջութակի եւ դաշնամուրի դոէտի համար: Տւեալ գործի նոտաները հրատարակւել են Հոլանդիայում, «100 տարի թաւջութակի երաժշտութիւնը Իրանում» հաւաքածոյում: Իսկ մի շարք դաշնամուրային իմ ստեղծագործութիւններից ընդգրկւել են «ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ- առաջին հատոր- դաշնամուրային ստեղծաործութիւններ» գրքում, որը լոյս է տեսել «Համաւազ» հրատարակչութեան կողմից:

 

Հ.- Դեռ մանկուց եմ տպաւորւած եղել, որ դաշնամուրի ուսուցիչները շատ խիստ են երեխայի եւ առհասարակ աշակերտի նկատմամբ: Դա ինչու է այդպէս:

Ռեբեկա Աշուղեան- Ի՞նչը... այն՝ որ դուք էք այդպէս մտածո՞ւմ:

 

Հ.- Ո՛չ բնականաբար: Այն, որ խիստ են դասատուներն առհասարակ...

Ռեբեկա Աշուղեան- Ինձ մօտ երբեւէ չի եղել նման տպաւորութիւն: Սիրել եմ իմ ուսուցիչներին: Եղել են դէպքեր, որ անհամբեր սպասել եմ յաջորդ հանդիպմանը: Իսկ երեւի պահանջկոտ նկատի ունէիք: Պահանջկոտ չլինէին այլեւս ոչ մի նոր դաշնակահար ծնւելու առիթներ չէր ունենայ: Դաշնակահարը ծնւում է ստեղնաշարի առաջ այն պահից սկսած, երբ դաշնամուրը մատների հագով թւայ:

 

Հ.- Ձեր սիրած ուսուցչի անո՞ւնը:

Ռեբեկա Աշուղեան- Լիդա Բերբերեանը, ում մօտ առաջինը սկսեցի սովորել, ումից նաեւ կեանքի դասեր քաղեցի: Իննը տարեկան էի: Յետոյ Գագիկ Բաբայեանը, ով նոր ասպարէզ ու հորիզոն բաց արեց իմ առջեւ՝ երաժշտութիւնը լսելու եւ ընկալելու առումով: Դելբար Հաքիմ-աւայի մօտ ճանաչել սկսեցի ռուսական դպրոցը միաժամանակ սկսեցի աւելին խորանալ մեկնաբանման եւ ոճային առանձնայատկութիւնների ուղղութեամբ: Երեւանում Մարինէ Աբրահամեանից ստացայ հետաքրքիր լուծումներ տեխնիկայի եւ արտայայտման միջոցների կատարելագործման վերաբերեալ: Ինչպէս նաեւ Աշոտ Զոհրաբեանի զօրակցութիւնն ու աջակից շունչը, որը նոր ասպարէզ բացեց իմ առջեւ՝ Կոմիտասային մաքուր հնչեղութեամբ ստեղծագործելը աւելի մեծ կտաւի վրայ... իսկ Միացեալ Նահանգներում Մայքըլ Ֆայդէյի առաջնորդութեամբ փորձեցի սերտել ժամանակակից ձգտումների հասկացութիւնը, իհարկէ, խորանալով անձնական ստեղծագործական լեզւի վրայ:

 

Հ.- Զրոյցի ընթացքում երկու անգամ ակնարկեցիք Հայաստանի մասին: Իւրաքանչիւր դաշնակահարի համար Հայաստանը երեւի մարմնաւորւել կը սկսի Բաբաջանեանով: Գուցէ առաջին հայեացքից էլ այդպէս դժւար ժողովուրդ ենք թւում...

Ռեբեկա Աշուղեան- Սկսեմ այնտեղից, որ Թեհրանում ուսանելու շրջանից միշտ մասնակցել եմ Երեւանի պետական կոնսերւատորիայի կազմակերպած վարպետութեան դասերին: Մասնակցել եմ նաեւ փառատօնների ու ձայնագրութիւնների Երեւանում ու Գիւմրիում, որոնցից կը ցանկանայի առանձնացնել՝ ՀՀ Մշակոյթի, ինչպէս նաեւ ժամանակին Սփիւռքի նախարարութիւնների նախաձեռնած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» եւ «Հայկական կամերային երաժշտութեան ծաղկաքաղը» նախագծերը: Իսկ Ցինցինատիից վերադառնալուց յետոյ ընդունւել եմ «Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիա, որպէս երաժշտագիտութեան հայցորդ, որտեղից էլ ասպիրանտի կոչում ստացայ:

2017 թւականին Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի կազմակերպած միջազգային համագումարին մասնակցեցի՝ որպէս զեկուցաբեր: Ներկայացրածս նիւթը Առնօ Բաբաջանեանի ստեղծագործական արւեստի եւ առհասարակ տեխնիկական իւրայատկութիւնների ու մեկնաբանութեան թեմայով էր: Ներկայացրեցի մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործութիւններից տասի վերծութիւնը, ինչը բարձր գնահատւեց կազմակերպիչների կողմից: Այնպէս, որ՝ այնպիսի ժողովուրդ ենք, որ սիրում ենք բարդ իրավիճակներից պատւով դուրս գալ:

 

Հ.- Երեւանում հայաստանեան կողմի ներկայութեամբ Առնօ Բաբաջանեան մեկնաբանելն ինքնին համարձակ քայլ է:

Ռեբեկա Աշուղեան- Գուցէ ոչ այնքան, իհարկէ, եթէ դա լայն ուսումնասիրութեան արդիւնք է... այնուամենայնիւ միջազգային, գիտական հարթակում ելոյթ էր այն եւ խիստ պատասխանատու քայլ:

 

Հ.- Իսկ երբ էք պատրաստւում պաշտպանել դոկտորականը:

Ռեբեկա Աշուղեան- Նախ պիտի համապատասխան յօդւածները եւ ուսումնասիրութիւններս հրապարակւեն գիտական հանդէսներում: Արդէն երկուսը հաւանութեան են արժանացել եւ շուտով հրապարակւելու են Թեհրանի համալսարանի գիտական հանդէսում: Այնպէս, որ ուսումնասիրութիւնները դեռ լիովին աւարտւած չեն:

 

Հ.- Կատարողական արւեստի զարգացումը շուկայական մրցակցութեան կողքին պայմանաւորւած է նաեւ անցկացւող փառատօների որակով ու կազմակերպչական ունակութիւններից: Ինչպէս է իրավիճակը մեզ մօտ՝ Իրանում:

Ռեբեկա Աշուղեան- Երաժշտական փառատօները լաւ հարթակ են յատկապէս նորայայտ անունների ու տաղանդներին բացայայտելու առումով: Այդպէս նրանք առանց խոչընդոտների առիթներ են ունենում ներկայանալու մեծ բեմերում՝ ոլորտի փորձագէտների ու վարպետների առաջ:

Իսկ արդէն քանի շրջան է, որ հանդիսանում եմ «Մասնագիտական հարցերով խորհրդատու»-ի, ինչպէս նաեւ «ժուրիի անդամ»:

 

Հ.- Եթէ թւարկելու լինենք...

Ռեբեկա Աշուղեան- Դաշնամուրային կարեւորագոյն մրցոյթների կազմակերպչական եւ մրցավարական կազմում չես կարող չնկատել հայերի ներկայութիւնը: Բազմիցս եղել եմ պետական եւ մասնաւոր մրցոյթ-փառատօների ժիւրիների կազմում, ինչպիսին է «Ջաւան»-ը, «Բարբադ»-ը, «Սաբա»-ն եւ այլ պետական, կամ մասնաւոր երաժշտական մրցոյթ-փառատօնները, որտեղ կարող եմ ասել կազմի անդամների կէսից աւելին միշտ հայ երաժիշտներն են: Համագործակցում եմ որպէս՝ խորհրդի ամենաերիտասարդ անդամ: Փորձում եմ համագործակցել միւս վաստակաւոր գործընկերների կողքին, որոնց մեծ մասը դաշնամուրի ոլորտի հայ եարժշիտներից են, ինչպիսին Ռաֆայէլ Մնացականեանը, Գագիկ Բաբայեանը եւ Արփինէ Իսրայէլեանը:

 

Հ.- Վերադառնանք PHD-ին պաշտպանելու ձեր ուսումնասիրութիւններին: Նշեցիք, որ ուսումնասիրութիւնը «Իրանի վերջին 100 տարիների ընթացքում դաշնամուրային ստեղծագործութիւնների» ուղղութեամբ է: Հետաքրքիր կը լինի իմանալ՝ ինչ դեր է վերապահւած հայերին:

Ռեբեկա Աշուղեան- Քանի որ խօսքը զուտ դասական ստեղծագործութիւնների մասին է, ոչ թէ կատարողական արւեստի, ապա պէտք է ասել, որ իրանահայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործութիւններից առայժմ ուսումնասիրել եմ Էմմանուէլ Մելիք Ասլանեանի չորս գործերը:

 

 

Զրոյց՝ Լուսիա Մուրադեանի հետ կամ՝ երբ պտուղը ծառից հեռու չի ընկնում

 

Լուսիա Մուրադեան, 9 տարեկան: Հայոց «Արաքս» ազգ. դպրոցի աշակերտուհի է: Երրորդ դասարանցի է: Իսկ որ Լուսիային հարցնես նւագել սկսել է քանի՞ տարեկանից,- կը պատասխանի արհեստավարժ շրջանը սկսել եմ, երբ 5-6 տարեկան էի: Ու այդպէս գլխի ես ընկնում, որ հարցերը կարող են նաեւ սխալ լինել: Յատկապէս, եթէ զրուցակիցդ մանկահասակ է, բայց դաշնակահարի նրբանկատութեամբ է պատասխաններ տալիս հարցերին: Ու այլեւս չգիտես ինչ հարցեր տալ, թողնում ես գետը հոսի իր ուղղութեամբ...

 

Հ.- Ասենք 5-6 տարեկան էիր, դասականներից ո՞վ էր քո սիրած երաժշտագէտը, ո՞ւմ գործերն աւելի շատ էիր հաւանում:

Լուսիա- Բախ, Կոմիտաս, Բէթհովեն, Շոպէն, եւ Առնօ Բաբաջանեան:

 

Հ.- Իսկ ոտքդ հասնում է սեղմակներին...

Լուսիա- Սրանից մի քանի օր առաջ...

 

Հ.- Ի՞նչ տարբերութիւն նկատեցիր նախորդի եւ ոտքդ հասնելուց յետոյ կատարումներիդ միջեւ:

Լուսիա- Շատ հաճելի է արդէն ամէն բան: Աւելի լաւ ես զգում քեզ նւագելիս: Կատարման ժամանակ զգում ես, որ վերահսկելի է դարձել ամէն բան: Իհարկէ կայ մի գործիք, որը միացնում ես սեղմակին, որ երեխաների ոտքը հասնի, բայց սա արդէն ուրիշ է:

 

Հ.- Մայրիկը երաժիշտ-դասախօս է: Դու նոյնպէս դաշնակահարուհի ես: Հայրիկը չի փորձել նւագակցել:

Լուսիա- Հայրիկը երաժիշտ չէ, բայց յաճախ, երբ մայրիկի մօտ եմ լինում ու ընդմիջում տալիս պարապմունքներիս, սենեակից լսւում է դաշնամուրի ձայնը: Հայրիկն է, որ առիթը բաց չի թողել....(ծիծաղում է):

 

Հ.- Հարեւաններն ամէն օր անվճար համերգի են երեւի:

Լուսիա- Գիտեմ, որ դուր է գալիս նրանց: Մեր շէնքում եւս մէկ երաժիշտ կայ ու հեռուստացոյցի փոխարէն յաճախ դաշնամուրի ձայնն է տարածւած շէնքում:

 

Հ.- Պատահել է, որ ուշ երեկոյեան, երբ բոլորը հանգստանում են, ինչ-որ բան նւագելու ցանկութեանը չդիմանաս:

Լուսիան ծիծաղը չի զսպում: Մայրիկն է պատասխանում նրա փոխարէն: Երբեմն այնքան է տարւած լինում նոր սովորած ստեղծագործութեամբ, որ տասներկուսն անց տեղից պոկւում ու յայտնւում է դաշնամուրի առաջ: Դա բոլորիս հետ էլ պատահել է, երբ փոքր ժամանակներից պարապել ենք սկսել: Այնպէս որ, լաւ երաժիշտին հարկաւոր է նաեւ մշակութասէր հարեւաններ ունենալ:

 

Հ.- Խօսենք միջազգային փառատօնից վաստակած մրցանակի մասին:

Լուսիա- Դա 2021 թւականին էր: Հայաստանի կազմակերպած «Հարմոնիոմ օնլայն-փլաս» դաշնամուրի միջազգային մրցոյթի երկրորդ շրջանն էր: Ժիւրիների կազմում էին մեծ երաժիշտներ՝ Էդւարդ Թոփչեանը, Նատալիա Թրոլը, Արմէն Բաբախանեանը, Իտալիայից, ԱՄՆ-ից, եւ այլ երկրներից: Ես լաւագոյն վեցեակում տեղ գտայ մենակատար դաշնակահարի բաժնում: Մրցոյթն անցաւ հեռավար-օնլայն ձեւաչափով՝ երկու փուլով: Առաջին փուլում նւագեցի Հայդըն, Կոմիտաս, եւ Շոստակովիչ: Իսկ եզրափակիչ փուլում կատարեցի Չայկովսկի, Շոպէն, եւ Դէբիւսի:

Լուսիայի հայրիկը յաւելում է, որ Լուսիան հանպատրաստից անցաւ մրցոյթի, քանի որ դիմել էինք երաժշտական դպրոցի դասախօսներից Արմէն Բաբախանեանին, որպէսզի ծանօթանանք հեռավար դասընթացների պայմանների մասին, իսկ պրն. Բաբախանեանը տեսնելով Լուսիայի կատարումներն ու որակը առաջարկեց՝ Լուսիան եւս մաս կազմի գալիք մրցոյթին: Իսկ Լուսիային յաջողւեց մինչեւ 10 տարեկանների կարգում դուրս գալ եզրափակիչ փուլ, այն դէպքում, երբ ամենափոքր մասնակիցն էր: Ու տեղ գտաւ լաւագոյն վեցեակում:

 

Հ.- Այլ փառատօներին մասնակցելու փորձի մասին:

Լուսիա - Մասնակցել եմ Գերմանիայի « Հէնլէ» հանրայայտ հրատարակչութեան դաշնամուրի միջազգային մրցոյթին:

Դարձեալ օնլայն կարգով: Կատարեցի Հայդընի սոնատներից մէկը:

 

Հ.- Դաշնամուրի ուսուցիչներիդ անունը կը նշե՞ս:

Լուսիա- Մայրիկը, Դելբար Հաքիմ-աւան, եւ այժմ Արմէն Բաբախանեանը:

 

Հ.- Լուսիա, քեզ ամենաշատը ինչը դուր չի գալիս:

Լուսիա- (Ծաղիկներով ու արջուկներով զարդարւած դիմակի տակից ու երկար մտածելուց յետոյ է ասում) Այն, որ միշտ պիտի դիմակ կրենք: Ու ամենավատն այն է, երբ տնից դուրս ես գալիս ու յիշում, որ մոռացել ես դիմակ վերցնել...

 

Հ.- Դասընկերուհիներիցդ քանի՞սն են դաշնամուր նւագում:

Լուսիա- (Պատասխանում է առանց մտածելու) չորսը:

 

Հ.- Տարեդարձներին կամ երբ հրաւիրւած ես լինում ի՞նչ կարգի երաժշտութիւն էք լսում:

Լուսիա- Ամէն կարգի: Տարեդարձ է էլի: Իսկ իմ տարեդարձին հաստատ հայկական էստրադային: Մանկուց էլ սիրել եմ մեր մանկական երգերը...հիմա էլ են մնում իմ սիրելին:

Հ.- Իսկ տա՞նը:

Լուսիա- Յաճախ դասական:

 

Հ.- Որ մեծանաս երաժիշտ ես դառնալու, թէ այլ մասնագիտութիւն ես սիրում: Ասենք օդաչու դառնաս, բայց դաշանակահար էլ լինես:

Լուսիա- Դաշնակահար:

 

Հ.- Սիրո՞ւմ ես, երբ հիւրեր էք ունենում ու մէկ էլ ստիպում են նւագել:

Լուսիա- Մեր բարեկամները մանկուց գիտեն ինձ ու տեսել են նւագելիս: Մի անգամ մեր բարեկամների համար համերգ էինք կազմակերպել մեր տանը: Բոլորին ասել էինք, որ չուշանան, քանի որ համերգը ժամը 7-ին է սկսւելու: Ճիշտ ժամին սկսեցինք, բայց բոլորը ուշացել էին (ծիծաղում է): Բայց բոլորի համար միանգամ էլ կրկնեցի ծրագիրը:

 

Հ.- Դաշնամուրից բացի, որ առարկան է քո ամենասիրելի դասը:

Լուսիա- Երգը: Իսկ երգից բացի սիրում եմ նաեւ մատթեմատիկա առարկան:

 

Հ.- Դպրոցո՞ւմ:

Լուսիա- Այո, մեր դպրոցում մեզ հետ պարապում են:

 

Հ.- Այլ զբաղմունքնե՞ր էլ ունես:

Լուսիա- Պար, մարզանք, եւ յատկապէս շատ եմ սիրում նկարել, սիրում եմ գրքեր ընթերցել, եւ խոհանոցում պատրաստել մայրիկի հետ միասին:

 

Հ.- Կը պատմե՞ս յետագայ անելիքների մասին՝ մրցոյթներ, փառատօններ...

Լուսիա- Որպէս մրցանակակիր երաժիշտ, արդէն ամռանը մասնակցելու եմ վարպետաց դասերի, որոնք տեղի են ունենում ժիւրիի անդամ հանդիսացող դասախօսների ուսուցմամբ: Պատրաստւում եմ նաեւ ելոյթների՝ Հայաստանի տարբեր շրջաններում:

 

Հ.- Ընկերուհիներից ամենաշատը ո՞ւմ կուզես բարեւել այստեղից:

Լուսիա- Բարեւ բոլորին:

 

Յարակից լուրեր

  • Մեկնարկւել է «Ֆաջր» 37-րդ երաժշտական փառատօնը. Ռեբեկա Աշուղեանի «Յիշողութեան պոէմը» կը հնչի «Ռուդաքի»-ի բեմից
    Մեկնարկւել է «Ֆաջր» 37-րդ երաժշտական փառատօնը. Ռեբեկա Աշուղեանի «Յիշողութեան պոէմը» կը հնչի «Ռուդաքի»-ի բեմից

    Ռեբեկա Աշուղեանի ղեկավարութեամբ՝ «Հայեացք անկիւնից» համոյթի դաշնամուրային ռեսիտալը «Ֆաջր» երաժշտական 37-րդ փառատօնի շրջանակներում «Ռուդաքի» համերգասրահի բեմից ելոյթ է ունենալու երկուշաբթի, փետրւարի 14-ին:

  • Ապրած կեանքի վրայ մի գեղեցիկ ծաղկեփունջ. Ադամ Սահակեանի երաժիշտ ընկերները նրան երեկոյ նւիրեցին
    Ապրած կեանքի վրայ մի գեղեցիկ ծաղկեփունջ. Ադամ Սահակեանի երաժիշտ ընկերները նրան երեկոյ նւիրեցին

    Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը մարդաշատ էր: Հարազատները, ընկերները, ծանօթ ու անծանօթ մարդիկ եկել էին ունկնդրելու ապրիլեան պատերազմի հերոս Ադամ Սահակեանին նւիրւած դասական երաժշտութեան համերգը: Ներկաների շարքում էին նաեւ ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը, յայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը, ինչպէս նաեւ պատերազմում հերոսաբար ընկած այլ զինծառայողների ծնողները:

  • «Վերադարձի» փառատօն - Դասականից մինչեւ ժամանակակից երաժշտութեան հինգ համերգ
    «Վերադարձի» փառատօն - Դասականից մինչեւ ժամանակակից երաժշտութեան հինգ համերգ

    «Վերադարձի» դասական երաժշտութեան 8-րդ փառատօնը նւիրւում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կայանալու է հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը: Այս մասին «panorama.am»-ին տեղեկացրեցին փառատօնի կազմակերպիչ «Արւեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից:
    Փառատօնը, կազմակերպիչների ասութեամբ՝ կոչ է, արդի հայաստանեան հասարակութիւնից եւ իրականութիւնից բխող ազդակ, որն ուղղւած է աշխարհասփիւռ բոլոր հայերին:

  • ՅԻՇԱՏԱԿ -Արբի Թորոսեանի յաւերժ յիշատակին
    ՅԻՇԱՏԱԿ -Արբի Թորոսեանի յաւերժ յիշատակին

    Սրանից շուրջ քառասուն օրեր առաջ այս աշխարհը թողեց եւ յաւիտենութեանը միացաւ Արբի Թորոսեանը՝ մի շնորհալի երիտասարդ, որն իր կարճատեւ կեանքի ընթացքում ընդամէնը հասցրեց ցոյց տալ, որ երաժշտութեան ասպարէզում ունէր իր ասելիքը, եւ խոստումներով լեցուն մի ապագայ էր սպասում նրան, իսկ նրանից՝ ամբողջականը եւ աւելին տեսնելու համար, պէտք էր սպասել, որ ժամանակը գար...
    Սակայն այլ ընթացք ունեցաւ ժամանակը, եւ այս կեանքից իրեն բաժին ընկածը եղաւ ընդամէնը երեսուներկու գարուն...

  • ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Հայկական եւ արեւելեան երաժշտութեան ամերիկեան շնչառութիւնը՝ Ալան Յովհաննէս (Չախմախճեան) (1911-2000)
    ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Հայկական եւ արեւելեան երաժշտութեան ամերիկեան շնչառութիւնը՝ Ալան Յովհաննէս (Չախմախճեան) (1911-2000)

    Ալան Յովհաննէս ծնած էր 1911 թ. մարտի 8-ին, Մասաշուսեթս (Մ. Նահանգներ)։ Զաւակն էր հայկական Կիլիկիոյ Ադանա քաղաքէն եկած յայտնի քիմիագէտ Յարութիւն Վաննէս (Յովհաննէսի թուրքական աղճատումը) Չախմախճեանի, որ դասախօս էր մեծահռչակ «Թաֆթս» համալսարանին մէջ։ Հայրը «Թաֆթս»-ի մէջ ծանօթացած ու ամուսնացած էր շոտլանդացի Մադլէն Սքաթի հետ, որ մինչեւ 1931 թ. իր մահն ընդդիմացաւ զաւկին հայ մեծցնելու Վաննէս Չախմախճեանի հետեւողական ճիգերուն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։