Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան թանգարան-ինստիտուտում մայիսի վերջին բացւել է «Մայր Հայաստան» ցուցադրութիւնը։ Ներկայացւած էսքիզներն ու նախագծերը պատմում են, թէ ինչպէս է ստեղծւել Հայրենական Մեծ պատերազմի յաղթանակին նւիրւած յուշարձանը, եւ թէ ինչպէս է 17 տարի անց՝ 1967 թւականին, Ստալինի ապամոնտաժւած արձանի տեղում կանգնեցւել «Մայր Հայաստան»-ը։
«alikonline.ir» - Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան թանգարան-ինստիտուտում մայիսի վերջին բացւել է «Մայր Հայաստան» ցուցադրութիւնը։ Ներկայացւած էսքիզներն ու նախագծերը պատմում են, թէ ինչպէս է ստեղծւել Հայրենական Մեծ պատերազմի յաղթանակին նւիրւած յուշարձանը, եւ թէ ինչպէս է 17 տարի անց՝ 1967 թւականին, Ստալինի ապամոնտաժւած արձանի տեղում կանգնեցւել «Մայր Հայաստան»-ը։ Գրում է Mediamax.am-ը:
Քանդակագործ Արա Յարութիւնեանը պատմում էր, որ դժւար էր ստեղծել քաղաքի, երկրի պահապան ու միաժամանակ ժողովրդի խորհրդանիշ արձան։
Բայց դա միակ դժւարութիւնը չէր։ Նա ստիպւած էր արձանը տեղադրել մի պատւանդանի վրայ, որը դրա համար նախագծւած չէր։
«Պատերազմին նւիրւած թանգարան-պատւանդանի վրայ դրւող արձանը պէտք է խիստ ու մոնումենտալ լինէր։ Նա պէտք է արտայայտէր առնականութիւն, ուժ, հերոսականութիւն, յաղթանակ։ Իսկ պատւանդանի ուղղահայաց ձեւերը պէտք է հատւէին հորիզոնական ծաւալներով։ Պատւանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմւոլիկ է, թուրը պատեան է դրւում, բայց զգացւում է նաեւ հանելու պատրաստակամութիւնը...»։
Ճարտարապետ Ռաֆայէլ Իսրայէլեանն էլ յաղթանակի յուշահամալիրը բնորոշում էր որպէս ճարտարապետական արւեստի գործերում նախատիպը չունեցող։
«Դա պահանջում էր նոր մօտեցում, նոր ձեւերի որոնումներ, արձանը պէտք է հնչէր նորովի՝ պատւանդանի ակտիւ մասնակցութեամբ եւ նոր մեկնութեամբ»։
Ճարտարապետութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Մարկ Գրիգորեանն ասում է, որ արխիւային նիւթերն ուսումնասիրելիս՝ հետաքրքիր բացայայտում են արել։
Մայր Հայաստանի՝ մեզ յայտնի կերպարը զրոյից չի ստեղծւել։ 19-րդ դարում արդէն կար տարածւած կերպար՝ ողբացող կինը՝ նստած աւերակներին, որոնց վրայ հայկական տեղանուններ էին։
«Իմ սերունդը Մայր Հայաստանի այս կերպարը կապում էր Ցեղասպանութեան հետ։ Բայց պարզւում է, որ 19-րդ դարի առաջին կէսին այն արդէն գոյութիւն է ունեցել։ Մենք տեսնում ենք նոյն ողբացող երիտասարդ կնոջը 19-րդ դարի հայկական զինանշանի վրայ, որը, ճիշտ է, պետական որեւէ գործածութիւն չունէր, բայց ազգային էր։ Ցուցադրել ենք նաեւ այդ պատկերի գործածութիւնը ծխախոտի, լուցկու ու դիմափոշու տուփի վրայ։
Յետոյ եկաւ 1918 թւականը՝ Առաջին հանրապետութիւնը։ Թերթերից մէկում տեսնում ենք, որ այս կինն արդէն վեր է կացել, սուրն առել է ձեռքը եւ կանչում է Առաջին հանրապետութեան համար պայքարի, եւ նրան շրջապատում են կառավարութեան անդամները։ Իսկ 1919 թւականի թերթի առաջին էջին Մայր Հայաստանի ձեռքին արդէն խաղաղութեան կանչող արմաւենու ճիւղ է, միւսին՝ մեզ ծանօթ 19-րդ դարի զինանշանը։
Սուրը յետոյ մենք տեսանք Արա Յարութիւնեանի «Մայր Հայաստան» արձանի, իսկ արմաւենու ճիւղը՝ Գիւմրիի «Մայր Հայաստանի» ձեռքին»,-ասում է Մարկ Գրիգորեանը։
Մայր Հայաստանի կերպարի զարգացումն ու փոփոխութիւնը ցուցադրութեան մի մասն են։ Արխիւային նիւթերը տրամադրել է պատմաբան Հայկ Դեմոյեանը։
Ցուցահանդէսը գործելու է մինչեւ օգոստոս։